Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում ապրիլի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026թթ․ ժամանակահատվածի համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։
Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։