ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ տվյալներ էին ստացվել, որ «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք քաղաքացիական գործի շրջանակներում 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաեւ չեն շտկել Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները, ինչի հետեւանքով պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից եւ ծանրաբեռնվել շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ: Նշված փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:

 

Հիմնավորվել է, որ «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ն նախնական համաձայնության է եկել «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Գ. Կ.-ի հետ, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել նրան ակնհայտ անցնելու օրենքով նախատեսված իր լիազորությունները: Մասնավորապես, վերոնշյալ պայմաններում Գ.Կ.-ն «Բաց բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ 2012-2016թթ. «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության եւ միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պարագայում Է.Գ.-ի հետ կնքել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր, ինչով անհիմն երկարաձգվել է «Երեւանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության պարտավորությունների վճարման ժամկետները: Արդյունքում պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ժամանակին ստանալու հնարավորությունից: Բացի այդ, Է. Գ.-ն «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության հանդեպ «Գնոմոն» ԲԲ ընկերության ունեցած դեբիտորական պարտքերը զրոյացնելու եւ դեբիտորական պարտքի գումարները յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Գ.Կ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի շրջանակներում, որով «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն 1.146.889.564 543 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջ էր ներկայացրել ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության չտրամադրելու հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջեւ առկա ակտ-համաձայնագրերի հիմքը հանդիսացող պայմանագիրը: Դրա հետեւանքով հայցադիմումի քննության արդյունքում դատարանը մերժել է «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ պատճառաբանելով, որ հայցվորի կողմից վկայակոչված պայմանագրերը դատարան չներկայացնելով պայմանավորված՝ չի ապացուցվել միմյանց միջեւ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Այս վճիռը հետագայում մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն՝ Է. Գ.-ն, հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից, նրա հետ պայմանավորվել է նշված պայմանագիրը չտարամադրել՝ ի սկզբանե գիտակցելով պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջի անհիմն լինելու հանգամանքը: Այդկերպ Է. Գ.-ն կազմակերպել եւ պետական բաժնեմասով ընկերությունից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.092.593.543 ՀՀ դրամ գումար։ Քննությամբ պարզվել է նաեւ, որ «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ գործող տնօրեն Ա. Ա.-ն, թեեւ 2017թ. մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել դատարան եւ խնդրել անվավեր ճանաչել «Գնոմոն» ԲԲ ընկերության հետ կնքված «փոխադարձ հաշիվների ստուգման ակտերը», ինչպես նաեւ վերջինից բռնագանձել 1.092.593.543 ՀՀ դրամ, սակայն դատաքննության ընթացքում դատարան չի ներկայացրել ընկերությունների միջեւ 2007թ. հունվարի 15-ին կնքված համագործակցության պայմանագիրը եւ չի ապացուցել պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը, դրա պատճառով դատարանը վճռով մերժել է ընկերության պահանջը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ նախկին տնօրեն Գ. Կ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Երեւանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Ա. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյալ ներգրավելու մասին։ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություններ են ներկայացվել Է.Գ.-ի եւ Գ.Կ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել են: Է. Գ.-ի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 100.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ Գ.Կ.-ի եւ Ա.Ա.-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

«ԱՐՑԱԽ» ԲԱՌԸ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՉԷ

«Անգամ ամենալավատես մարդու մոտ մինչեւ երեկ հայտնի կառավարության դիրքորոշումներն առաջացնում են բացասական սցենարի ակնկալիք։ Ասել, որ տեղի ունեցան ամենաբացասական սցենարները, ոչ… Դա կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հանգամանքներով»,- ասել է «Հաայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում եվրոպական խորհրդի հովանու ներքո կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը։

 

«Հանգամանքներից կարող են լինել այս կարճ ժամանակում տեղի ունեցած քաղաքական գործընթացները Հայաստանի Հանրապետության ներսում եւ Արցախում՝ Ազգային Ժողովի  արձագանքի տեսքով»,- ասել է պատգամավորը: Նրա բնորոշմամբ՝ նշյալ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունը «մասշտաբային թերություններ» ունի. «Դրանում Արցախ բառը հիշատակված չէ։ Բացի այդ, ինչպե՞ս է ստացվում, որ այս իշխանությունը խոսում է Արցախում հումանիտար աղետի մասին, բայց ոչ մի բառ չի հիշատակվում այդ չորս ժամ տեւած քննարկման հայտարարությունում։ Խոսք չկա նաեւ այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունն էթնիկ զտում է։ Չկա, որովհետեւ ՀՀ իշխանությունը դա չի պահանջել, չի պնդել»։

Պատգամավորը շեշտել է, որ կրկին փաստվել է սահմանագծման եւ սահմանազատման մասին, սակայն Արցախի շուրջ ունեցած իրավիճակը թույլ չի տալիս այդ մասին խոսել. «Սահմանազատման ու սահմանագծման ենք գնում մի երկրի հետ, որն էթնիկ զտո՞ւմ է անում Արցախում, գա՞զ է անջատում, զինված գործողություննե՞ր է անում Արցախում։ Մի՞թե իշխանությունը չի նկատում, որ օրեր առաջ զոհեր ունեցանք, նման պայմաններում ի՞նչ սահմանազատում կամ սահմանագծում»։ Նկատառման հետ, թե չբանակցելու այլընտրանքը կստացվի պատերազմ, Արամ Վարդեւանյանը չի համաձայնել. «Այս խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չէ։ Չի կարելի ՀՀ-ի ներսում անհասկանալի վախի քաղաքականություն վարել։ Չկա նման բան։ Պատերազմի հնարավորության հանգամանքը չի նշանակում, թե պետք է գնաս ու քեզ ամեն ձեւ կզած պահես»։

 

 

ՆՈՐ ԴԵՊՔԵՐ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրգործ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» (ԴԳԳԿ) ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչի կողմից 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում նշված բաժնում դիահերձումներ իրականացնող մայրապետի եւ մեկ այլ անձի օժանդակությամբ դիակի դատաբժշկական փորձաքննություններ կատարելու դիմաց շուրջ 60 հանգուցյալների ազգականներից ընդհանուր առանձնապես խոշոր չափի՝ 2.100.000 ՀՀ դրամի առերեւույթ կաշառք ստանալու դեպքի առթիվ: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ցուցմունքներ են տվել այն մասին, որ գումարը վերցրել են ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննության կամ դիահերձման համար, այլ դիակի մշակման եւ դիմահարդարման դիմաց: Այսինքն՝  աշխատանքային պարտականությունների մեջ չի մտել դիակի մշակումը, դիմահարդարումը, շորերը հագցնելը եւ դագաղի մեջ տեղադրելը: Դրանք եղել են լրացուցիչ ծառայություններ, որի դիմաց դիակատերերից վերցրել են 10.000 ՀՀ դրամից մինչևեւ 35.000 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ  ԴԳԳԿ ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունն իրականացնում է տնային մահերի դիահերձման,  դիակների բալզամացիայի, դիակների հուղարակավորության նախապատրաստական աշխատանքների, բժշկական հետազոտությունների իրականացման ձեռնարկատիրական գործունեություն: ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում կատարված, նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, ԴԳԳԿ ՊՈԱԿ կանոնադրության, ՊՈԱԿ-ի եւ աշխատակիցների միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերի, ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք կարեւոր խնդիրներ չունեն հստակ կարգավորումներ, եւ պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են իրականացվում դրանց վերաբերող գործառույթները: Մասնավորապես, պարզ չէ, թե աշխատանքային պայմանագրերով նախատեսվող «դիակի մշակում» կատարելու պարտականությունը ինչպիսի կոնկրետ գործառույթների համակցություն է նախատեսում, կամ ինչ կարգով, ինչ չափորոշիչների հիման վրա են սահմանվում վճարովի ծառայությունների տեսակները, դրանց վճարների չափերը, որոնք են այդ վճարովի ծառայությունները, ինչ իրավական ակտերով են սահմանվում, այդ տեղեկատվությունը որքանով է հասանելի քաղաքացիներին, ինչ կարգով են կազմակերպվում եւ իրականացվում վճարումները, ում կողմից  է վերահսկվում վճարովի ծառայությունների կատարումը եւ վճարների գանձումը եւ այլն: Պարզ չէ նաեւ, թե հեռավոր բնակավայրերում վճարովի ծառայությունների համար ինչ հնարավորություններ են ստեղծված, ինչպես են այնտեղ կազմակերպվում վճարովի ծառայություները: Մեկ այլ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ թեեւ ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N 11-Ն հրամանով  չիդենտիֆիկացված դիակների պահպանման համար ապահովվում է -150 -250 C ջերմաստիճան, հերձարանում եւ նախահերձարանում դիակների պահման սենյակի եւ սանհանգույցի պատերը մինչեւ առաստաղ պետք է լինեն կաֆելապատ, սակայն հիշյալ հրամանը ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտորն ՊՈԱԿ-ին չի վերաբերում: Վերջինիս կողմից դիակների պահպանության պարտավորություն կամ պահպանության պարտադիր պայմաններ սահմանող որեւէ իրավական ակտ առկա չէ:

 




Լրահոս