Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ դեռեւս 2019թ. փետրվարին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող անձը, որը Հաղարծին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1984թ.:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցը մեղադրյալի մասնակցությամբ կրկնակի քննարկելու համար: Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարի 20-ին մի խումբ անձինք Իջեւան-Դիլիջան-Սեւան մայրուղուց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք տանող ավտոճանապարհին ապօրինի պահվող 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ էին արձակել Տավուշի մարզի՝ 1979թ. ծնված բնակչի կողմից վարվող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում վերջինիս փախուստի դիմելու արդյունքում հանցագործությունն ավարտին չէին հասցրել եւ դիմել էին փախուստի: Նախաքննության ընթացքում հարցաքննվել էին մի խումբ անձինք, կատարվել էին ծավալուն քննչական գործողություններ, նշանակվել էին դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական եւ դատահետքաբանական փորձաքննություններ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 33 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ, դատարկ պահունակ եւ երկու հատ գնդակ: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էին միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը, որը Դիլիջան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչ է, հայտնաբերվել էր, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում նշված անձին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակել), նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Մասնակիցներից մյուսին, որը Հաղարծին բնակավայրի բնակիչ է, հաջողվել էր թաքնվել. վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին, եւ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Ն. Պ.
ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ
Ամեն տարի կարկտահարությունը մեծ վնաս է հասցնում Տավուշի մարզի գյուղատնտեսությանը, ոչնչացնում տասնյակ հեկտարներ ցանքերի, պտղատու եւ խաղողի այգիների բերքը: Տավուշի մարզի 4 խոշոր համայնքներից 3-ում՝ Իջեւանում, Դիլիջանում, Բերդում, հակակարկտային կայաններ չկան։
Տավուշում հակակարկտային առաջին կայանները՝ թվով 2 հատ, տեղադրվեցին 2012թ. UNDP-ի ծրագրով։ 2015թ.-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ հակակարկտային 10 կայան տեղադրվեց Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Դեբեդի հովտում: Հակակարկտային ընդհանուր թվով 13 կայանները կարկտահարությունից ամբողջությամբ չեն կարող պաշտպանել նույնիսկ Դեբեդի հովտի այգիներն ու ցանքատարածությունները: Այդ կայանների աշխատանքը արդյունավետ չէ, դրանք հուսալի պաշտպանություն չեն ապահովում: Այդ կարծիքին չէ այդ հակակարկտային կայանները արտադրած «Բարվա ինովացիոն կենտրոնի» ներկայացուցիչ Արման Վարդանյանը, որը հայտնեց. «Տարբերությունը մինչեւ հակակարկտային կայանների տեղադրումը եւ դրանից հետո շոշափելի է, առաջին հերթին՝ կայանի արժեք-ստացված արդյունք-հնարավոր վնասներ հարաբերակցության տեսակետից։ Անցած տասնամյակի ընթացքում, իհարկե, եղել են դեպքեր, երբ վտանգավորության ամենաբարձր՝ 4-րդ կարգի կարկտի դեպքում, այն էլ՝ զուգորդված ուժեղ քամով, նկատվել են վնասներ, որոնք հնարավոր էին նաեւ ցանցային տարբերակի դեպքում՝ հենասյուներն այգու վրա տապալմամբ։ Կարկտի դեմ 100 տոկոս էֆեկտիվության մեթոդ գիտությանը հայտնի չէ, սակայն դա չի կարող ստվերել անցած տասնամյակում վնասազերծված հարյուրավոր այլ կարկտահարությունները։ Առկա է մարդկային մեծ գործոնը, երբ ռադարային ծածկույթի բացակայությամբ պայմանավորված՝ կայանը ուշ է գործի դրվել, կամ, առհասարակ, չի միացվել, որեւէ անփույթ պաշտոնյայի պատճառով կայանը մնացել է առանց լիցքավորման կամ առանց պատշաճ տեխնիկական սպասարկման, թալանվել է եւ այլն։ Նման դեպքեր եղել են նաեւ Տավուշի մարզում։ Հակակարկտային այդ կայաններից հարյուրներ արտահանվել են արտերկիր, իսկ մասնավոր հատվածում գումարները քամուն չեն տալիս, ոչ արդյունավետ կայաններ չեն գնում»։
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվանի ենթաշրջանում, Իջեւանի, Բերդի, Դիլիջանի տարածաշրջաններում հակակարկտային ոչ մի կայան չկա, այդ տարածքների այգիներն ու ցանքատարածություններն անպաշտպան են կարկտահարությունից: Այդտեղ ո՛չ հակակարկտային կայաններ են տեղադրված, ո՛չ էլ պաշտպանիչ ցանցեր, գյուղացին, նորից տագնապը սրտում, նայում է երկնքում կուտակվող սեւ, կարկտաբեր ամպերին: Խնդիրը բարդանում է նրանով, որ գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգ չի գործում, կարկտահարությունից բերքի մասնակի կամ ամբողջությամբ ոչնչանալու դեպքում գյուղացին մնում է ձեռնունայն, վարկային բեռի տակ։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՏՆՕՐԵՆԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ԴՊՐՈՑԻՑ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 4-ին որոշել է Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ լուծել նրա հետ 2017թ. ապրիլի 4-ին կնքված աշխատանքային պայմանգիրը։ Ապրիլի 5-ին մարզպետ Ղալումյանը որոշել է Հասմիկ Սմոյանին նշանակել Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը եւ Հ. Սմոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր։ 1964թ. ծնված Աստղիկ Ազատյանը Բարեկամավանի դպրոցում աշխատում է 1993թ.-ից, 1996թ.-ից նա այդ կրթօջախի անփոփոխ տնօրենն էր։ Նա հայտնեց, որ անցյալ տարի շրջանառվել էր օրենքի նախագիծ, որով հանրակրթական դպրոցների 10 եւ ավելի տարի պաշտոնավարող տնօրեններին արգելվում է մասնակցել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթներին, այդ օրինագիծն իրեն շփոթության մեջ է գցել, կարծել է, որ ինքն այլեւս իրավունք չունի մասնակցելու այդ մրցույթին։ Նախկինում՝ նաեւ անցյալ տարվա ամռանը, վերապատրաստումների մասնակցած Ա. Ազատյանը չի կարողացել 2021թ.-ի աշնանը մասնակցել վերապատրաստման եւ ստանալ հավաստագիր, որը նրան իրավունք կտար մասնակցելու դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթին։ Նրա վկայությամբ՝ վերապատրաստումներ անցկացնող եւ դպրոցների տնօրեններին հավաստագիր հանձնող կրթության ազգային ինստիտուտը անցյալ տարվա աշնանից զրկվել է այն անցկացնելու արտոնագրից։ Բարեկամավանի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար այս տարի երկու մրցույթ է եղել, որի մասնակիցներ չեն եղել, վերջին մրցույթը կայացել է մարտի 28-ին։ Ա. Ազատյանը համոզել է իրենց դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, Բարեկամավանի բնակիչ Հասմիկ Սմոյանին պաշտոնավարել որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ա. Ազատյանն ասաց, որ ներկայումս ինքը դպրոցում 12 դասաժամ դասավանդում է, ուսումնական տարվա ավարտից հետո հավանաբար կթողնի իրեն այդքան հարազատ դպրոցը, քանզի չի կարող գոյատեւել 40 հազար դրամ աշխատավարձով։ Նա հայտնեց, որ Բարեկամավանի դպրոցը կլքի մեծ ցավով, քանզի 1990-ականներին՝ գյուղի ուժգին գնդակոծություններից հետո, կարողացել է պահպանել աշակերտների համեմատաբար մեծ թիվը՝ 65։ Նա ասաց, որ այժմ 13 աշակերտ ունեցող դպրոցի 10-րդ դասարանում կան լավ սովորող աշակերտներ, ինքը ցանկանում էր, որ դպրոցում իր աշխատելու ժամանակ նրանք ավարտեին միջնակարգը։ Աստղիկը հայտնեց, որ դպրոցի տանիքի նորոգումը 2020թ.-ից կիսատ է, օրերս տեղացած առատ ձյունը հալվելով լցվել է դպրոցի պատերից ներս։ Դպրոցի տանիքը նորոգելու համար Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ բավական է 8,5 միլիոն դրամը, ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիները հանգանակել են գումարը, սակայն այդքան գումարը տանիքի նորոգմանը չի հերիքել, այժմ առկա է շինանյութը, սակայն տանիքի նորոգումն ավարտելու համար բանվորներին վճարելու փող չկա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ