ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՀ բուհերի եւ գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը եւ դրանց բաշխումը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Մասնավորապես 2020/2021 ուսումնական տարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է  151 տեղ, որից 85-ը (56.28%-ը) տրամադրվել է բնական եւ տեխնիկական գիտություններին, 2021/2022 ուսումնական տարում ընդհանուր 151 տեղերից բնական եւ տեխնիկական գիտություններին հատկացվել է 98 տեղ (64.9%-ը):

2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական եւ տեխնիկական գիտություններին:

2020/2021 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 35 տեղ, որից 24-ը (68.57%-ը) բնական եւ տեխնիկական գիտություններին, իսկ 2021/2022 ուսումնական տարում ընդհանուր 35 տեղերից բնական եւ տեխնիկական գիտություններին հատկացվել է 28 տեղ (80%-ը):

2022/2023 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական եւ տեխնիկական գիտություններին: Բացի բնական եւ տեխնիկական գիտություններից, անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաեւ հայագիտության, արվեստի ոլորտներին եւ հասարակական գիտություններին:

2022/2023 ուսումնական տարում այլ գերատեսչությունների եւ Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա եւ 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր: Նշենք, որ 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ չլինելու պատճառով թափուր է մնացել 60 տեղ, որից 42՝ առկա, եւ 18-ը՝ հեռակա ուսուցման համակարգում: Դիմորդներ չլինելու պատճառով թափուր մնացին Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերը: Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ) համապատասխան մասնագետներով ապահովելն է:

 

 

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը որոշել է Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների՝ հանրապետության տարածք մուտք գործելուց հետո մեկուսացման 14 օրացուցային օրը փոխարինել 10 օրացուցային օրով: Մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն եւ բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից: Որոշմամբ նաեւ սահմանվում է, որ ՀՀ տարածք օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս հիվանդության ներբերման եւ տարածման կանխարգելման, ինչպես նաեւ արագ հայտնաբերման նպատակով ընդունելի կլինի նաեւ կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը, որը կնվազեցնի նաեւ ֆինանսական բեռը:

 

 




Լրահոս