Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ մոպեդի կողմից վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Երեւանի բնակիչ, 22-ամյա Յ. Միրզախանյանն իր վարած Hօnda մակնիշի մոպեդով Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 30-ամյա Ծ. Ենգիբարյանին: Վրաերթի ենթարկվածն ու մոպեդավարը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մոպեդը կողաշրջվել է:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Որքա՞ն ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:
Հրաչուհի Կիրակոսյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:
Նարինե Ամրոյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ամրոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),
դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացին կարող է առձեռն կամ փոստային առաքմամբ կամ էլեկտրոնային փոստով դիմումը եւ փաստաթղթերը ներկայացնել սոցիալական ծառայության տարածքային գործակալության մարմին կամ նախարարություն: