Շուտով կլրանա 1 ամիսը, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Արդյունքում մակագրումը կատարվում է ձեռքով: Այս իրավիճակին զուգահեռ՝ մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում են, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է բավականին հաճախ գտնվում Վճռաբեկ դատարանում, եւ վերջին անգամ դատավորները նկատել են ապրիլի 4-ին, որ Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ է գտնվում Գագիկ Ջհանգիրյանի ծառայողական ավտոմեքենան, եւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Վճռաբեկում մնացել է մոտ 3-4 ժամ: Իսկ թե ինչ նպատակով է Գագիկ Ջհանգիրյանն այցելել այնտեղ, փորձեցինք պարզել անձամբ նրանից, սակայն Ջհանգիրյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ըստ երեւույթին, այսօր պաշտոնից ազատված արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարար նշանակելու որոշում կստորագրի։ Նախագահին նման առաջարկությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դիմել։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ շաբաթ էր գրել, որ ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո նախարարի առնվազն երկու թեկնածուի անուն է շրջանառվում, բայց իշխող կուսակցությունը ՀՀՇ-ի հայտնի ասույթով կառաջնորդվի՝ ՔՊ-ի հիմնադրման ակնունքներում կանգնած Փամբուխչյանին նախարար կարգելով։ Մեր տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեեւ իմքայլական նախկին պատգամավոր Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում։ «Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, ՀՀ ՊՆ հնաբնակներից է եւ, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է ԱԻՆ-ում, դեռ նրա ժամանակներից սկսած է աշխատանքի անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը: Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբնակ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխանությունը, փաստորեն, նախարարի պորտֆեյլը որոշել է հեռախոսազանգերին չպատասխանող ու սոցիալական ցանցերն այժմ լքած, բայց ժամանակին ամեն մի իրադարձության մասին պարտադիր իր կարծիքն աարտահայտող ու Facebook-յան գրառումների տակ «դը Փամբ» ստորագրությունը դնող Փամբուխչյանին տալ:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը: Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը գործարար Սուքիասյանների հետ վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Խաչատուր Սուքիասյանը Գարեգին Մկրտչյանի «տանիքն» է, որի արդյունքում էլ վերջինիս հաջողվել է Ծառուկյանից գնել գործարանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատեր Գարեգին Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում ինքն է գնել գործարանը, ու ինչ կապ ունի Սուքիասյանն այդ գործարանի հետ: Նախ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ քաղաքական գործիչ չէ, գործարար է ու որեւէ ցանկություն չունի ներքաշվելու ներքաղաքական նման հարցերում: «Ես խնդրում եմ, ինձ որեւէ քաղաքական պրոցեսի մեջ մի՛ մտցրեք, ես, այո, գործարանը գնել եմ, ես գործարար եմ, ու որեւէ կապ չունի դրա հետ Խաչատուր Սուքիասյանը. դա ինձ է պատկանում, իմ «տանիքը» ես եմ: Սուքիասյանների ընտանիքի հետ մեր բիզնեսը «Ռան օիլ»-ն է, որտեղ ես բաժնեմաս ունեմ: Ավելին ասեմ՝ Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի հետ շատ նորմալ հարաբերություններ ունեմ: Եւս մեկ անգամ պնդում եմ՝ ես բարեխիղճ կերպով իմ բիզնես գործունեությունն եմ իրականացնում, եւ իմ բիզնես գործունեությունը քաղաքականության հետ մի՛ խառնեք: Ինձ հանգիստ թողե՛ք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2020 թվականին» փաստաթուղթը: Ըստ այդմ՝ 2015-2020թթ. ընթացքում, ընդհանուր հաշվով, միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված են եղել տնային տնտեսությունների 218.400 անդամներ։ Նրանցից շուրջ 92.300 մարդ մեկնել են իրենց բնակավայրերից եւ չեն վերադարձել, տնային տնտեսությունների 90.700 անդամներ վերադարձել են մեկնումներից, իսկ 35.400 հազար մարդ եղել են տվյալ բնակավայր նոր ժամանածներ։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 38 հազար 500 մարդու տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել են տղամարդիկ, որոնք մեկնել են Ռուսաստանի Դաշնության քաղաքներ։ Պարզվում է, որ մեկնածների ավելի քան 54.9 տոկոսը, վերադարձածների՝ 75.9 տոկոսն աշխատել է շինարարության ոլորտում։ Մեկնել են տարեսկզբին՝ հունվար-մարտ ամիսներին, վերադարձել՝ տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ի դեպ, նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամանություն են կազմել կանայք, որոնց մեծ մասը ժամանել է Ռուսաստանից: