ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ արցախի շուրջ նոր գործընթացներ են տեղի ունենում: Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. տեղեկացնում են ԱԳՆ-ից:

 

Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձեւավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման եւ հումանիտար խնդիրների վերաբերյալ:

Երեւանում է  նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն, որը հանդիպումներ է ունենում ՀՀ ղեկավարության հետ։ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեղարկում են Մինսկի խմբի աշխատանքները, այս այցն առանձնահատուկ ուշադրություն է գրավում:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր Սերգեյ Լավրովը նման հայտարարություն արել եւ, որպես փաստարկ, հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են շփվել Ռուսաստանի հետ՝ դրանով հարվածի տակ դնելով հայկական շահերը։ Թե ինչ է ՄԽ դերի ու հայկական շահերի տակ ասելով հասկանում Լավրովը, հայտնի է Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումներից:

Մոսկվան ՄԽ-ին մեղադրում էր նաեւ այն բանում, որ համանախագահները չեն ժամանում տարածաշրջան, այնինչ համանախագահների` նոյեմբերի 9-ից հետո միակ այցը տեղի ունեցավ առանց ռուս համանախագահի, որը հրաժարվել էր մասնակցել զավեշտալի պատճառաբանությամբ, այսինքն՝ ՄԽ աշխատանքները խոչընդոտվել են հենց ՌԴ ջանքերով։

Հայկական շահերի վերաբերյալ Լավրովի խոսքերի շրջանակներում հետաքրքիր է նույն Ֆրանսիայի պահվածքը. Ֆրանսիայի Սենատի զույգ պալատները Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունեցին՝ նշելով 1994-ի շփման գծին վերադառնալու անհրաժեշտությունը։ Ռուսաստանը կարո՞ղ էր միանալ այս նախաձեռնությանը՝ «եղբայրական հայ ժողովրդի հետ դարավոր բարեկամության ու դաշնակցության» հիմքով։

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանը ներկայում դուրս է մղվում միջազգային կառույցներից ու ձեւաչափերից, այդ թվում՝ ՄԽ-ից։ ՌԴ-ն փորձում է մեղքը լիովին բարդել Արեւմուտքի վրա՝ նշելով ինչ-ինչ հանգամանքներ, որոնք եթե անգամ ընդունենք, որ ճիշտ են, այնուամենայնիվ չեն պատասխանում գլխավոր հարցին՝ ՌԴ-ն կարո՞ղ էր կանխել պատերազմն Արցախում։ Կարող էր, եւ այդ մասին նույնպես ՌԴ պաշտոնական ու կիսապաշտոնական մակարդակներով բազմիցս հայտարարվել է:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բրյուսելում ավելի քան չորս ժամ տեւած  բանակցությունների արդյունքներով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչեւ ապրիլի վերջ երկու երկրների միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով: Փաշինյանն ու Ալիեւը նաեւ արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջեւ խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. հաղորդում է կառավարությունը: Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Հայաստանի առաջնորդի մասնակցությամբ հանդիպումը «արդյունավետ» կլինի: Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախագահ Ալիեւը բարձր է գնահատել Շառլ Միշելի ներդրումը հետպատերազմական շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ ընդգծել բրյուսելյան խաղաղության օրակարգի կարեւորությունը։

Ն. Հ.

 

 

Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԽՐԱՄՈՐԹՈՒՄ

«Այս պահի դրությամբ գյուղում ամեն ինչ լավ է, հանգիստ է: Կրակոցներ, հրետակոծություններ հակառակորդի կողմից չկան»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ասկերանի վարչական շրջանի Խրամորթ գյուղի համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը: «Դիրքային փոփոխությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, ամեն պահի բան է փոխվում: Եթե ասեմ՝ գյուղացիներն էլ իրենց բան ու գործին են, վար ու ցանքին, սուտ կլինի: Հուսով ենք, որ շուտով գյուղացիները կվերդառնան իրենց տները»,-ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին Քարագլուխ բարձունքը գտնվում է ռուս խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ: Նշենք, որ ապրիլի 8-ին ռուս խաղաղապահները տեղակայվել են նաեւ Քարագլխի հատվածում։ Այս տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։

 

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

2022թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 11.2 տոկոսով. նշվել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հեռանկարներին նվիրված զեկույցում: «Կանխատեսումների անորոշությունն աննախադեպորեն բարձր է», դա պայմանավորված է Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքով եւ այդ գործողություններին համաշխարհային հանրության արձագանքով։ Զեկույցի հեղինակները մատնանշում են «արդեն մտցված պատժամիջոցների դաժան հետեւանքները», որոնք, ինչպես սպասվում է, կհանգեցնեն Ռուսաստանի տնտեսության անկման հիմնականում ներքին պահանջարկի կրճատման պատճառով։ 2023 եւ 2024թթ. սպասվում է ՀՆԱ-ի աճ՝ համապատասխանաբար 0,6 եւ 1,3 տոկոսով։ Գնաճը Ռուսաստանում 2022թ. արդյունքներով կկազմի 22 տոկոս: Ապրանքների եւ ծառայությունների արտահանումը կկրճատվի 30,9, ներմուծումը՝ 35,2 տոկոսով։ Աղքատության  սահմանված շեմից ցածր եկամուտներ ունեցող բնակչության բաժինը 2022թ. կհասնի 12,8 տոկոսի՝ 2,6 մլն մարդ: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, ընթացիկ տարվա արդյունքներով, երկրի ՀՆԱ-ի կրճատումը կարող է կազմել 45 տոկոս։

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ

Թուրքիայի կառավարության ապրիլի 12-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ քննարկումը։ Տեղեկության համաձայն՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցող գործողությունները լինելու են նիստի առաջնահերթ թեմաներից, ինչպես եղել է վերջին մի քանի նիստերում։ Գնահատվելու են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ առաջիկա ժամանակահատվածում պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռնարկվելիք համատեղ քայլերը, Սիրիայում եւ Արեւելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումները։

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԷՐ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուեսլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական շահը ներկայացված չէր, ավելին՝ նմանատիպ բանակցության պարագայում չէր էլ կարող ներկայացված լինել։ «Մենք պետք է հասկանանք, որ Փաշինյանի՝ իշխանության մնալու պարագայում հայկական շահն անպաշտպան է մնալու, դրա փոխարեն՝ Փաշինյանն ու թիմակիցները լուծելու են իրենց իշխանության պահպանման հարցը։ Աշխարհում հիմա լրջագույն գործընթացներ են տեղի ունենում, որտեղ պետություններից պահանջվում է հստակ սահմանել իրենց առաջնահերթություններն ու ընտրել դաշնակիցներին։ Եվ այս իրավիճակում  կարող ենք հստակ արձանագրել՝ ՀՀ գործող իշխանություն համար փաստացի կա թուրքական գործընկերությունն ընտրելու այլընտրանք։ Պարտության եւ ամոթի մարմնացումների կողմից մեզ ներկայացնելու փաստն արդեն լրջագույն սպառնալիքներ է ստեղծում Արցախի եւ Հայաստանի համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշում է պատգամավորը։ Ըստ մեր զրուցակցի՝ Արցախի գլխին այժմ կախված է հայաթափման, Հայաստանի գլխին՝ թրքացման վտանգը։ Եվ այս պարագայում է, շեշտում է, հայկական շահն առաջ չտանելն ու Արցախից փաստացի հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանություն։

 

 

ՊԱԿԱՍԵԼ Է

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը 2 մլն 963 հազար 300 մարդ էր: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է: Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 264 հազար 300 մարդ: Արարատի մարզում բնակչության թվաքանակը նույնն է մնացել՝ 256 հազար 600 մարդ: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 500-ից դարձել է 124 հազար 700 մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 500-ով: Բնակչության թվաքանակն ավելացել է Երեւանում՝ 1000-ով: Եթե նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 91 հազար 700, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 700 մարդ: Մյուս կողմից, պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերում: Սրան զուգահեռ՝ նկատենք, որ այս տարի կանցկացվի հերթական մարդահամարը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի կառավարությունն արդեն հրապարակել է մարդահամարի անցկացման ճշգրիտ ամսաթիվը։ Կառավարության որոշման համաձայն՝ հերթական մարդահամարը կանցկացվի այս տարվա հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ։

 

 




Լրահոս