2022 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան համայնքի 24-ամյա բնակչուհին Լուսաձոր բնակավայրի տներից մեկի հարակից անասնագոմի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։ Նույն օրը՝ ժամը 20։35-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ստացվել է մեկ այլ հաղորդում եւս՝ Իջեւան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 35-ամյա բնակչի՝ իր տան նկուղի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան լինելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Ի դեպ, այս ողբերգական դեպքերից հետո հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած կինը երկտող է թողել: ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկութունների համաձայն՝ նա մահվանից առաջ գրել է, որ իր քայլում որեւէ մեկին չմեղադրեն, քանի որ ինքը խանդոտ ամուսին է ունեցել:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Իջեւան քաղաքի բնակիչ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. հայտնում են Քննչական կոմիտեից։ Իջեւան բժշկական կենտրոնից 2022 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջեւան համայնքի 24-ամյա բնակչուհին Լուսաձոր բնակավայրի տներից մեկի հարակից անասնագոմի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը՝ ժամը 20։35-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ստացվել է մեկ այլ հաղորդում եւս՝ Իջեւան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 35-ամյա բնակչի՝ իր տան նկուղի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան լինելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ամուսիններ են. որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու վերաբերյալ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի եւ դիակի զննություններ, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ՝ «ԵՐԱԶ» ԱՅԳՈՒՄ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող, մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել: Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետեւ՝ պարեկները: Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: «Երազ» այգու տարածքում գտնվող զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հաճախորդին օգնելիս սայթաքել է եւ ընկել։ «Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանի խոսքով՝ զիփլայնի տարածքը շուրջ մեկ տարի էր վարձակալությամբ տրված Հայկ Գրիգորյանին։ Ողբերգական դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾԸ՝ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ ԱԺ դեկտեմբերի 7-ի միջադեպի բուն ձայնագրությունը չկա, ասել է թե՝ կոնկրետ ապացույցը կորել է: Ավելին՝ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն, որ առգրավվեն բուն ձայնագրությունը, սակայն ԱԱԾ քննիչը մերժել է փաստաբանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ ArmLur.am գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին եւ այլ մի շարք պատգամավորներին հարցաքննելու համար Ազգային անվտանգության ծառայությունը գնացել է Ազգային ժողով: Իսկ ի՞նչ էր կատարվել դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում: ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունէ Գեւորգյանը պատմել էր, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գեւորգյանի, մասնակցել են ՔՊ-ական պտգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։
ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Քրեական գործը հարուցվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Տարեսկզբից ԱԱԾ-ն սկսել է ակտիվ քննչական գործողություններ: Քրեական գործով դեռեւս մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան:
ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Ապրիլի 6-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Նրանք տեղեկություններ էին ստացել, որ երթուղային ավտոբուսում մի տղամարդ ուղեւորներից մեկի գրպանից բջջային հեռախոս էր գողացել՝ տուժողին պատճառելով 115 000 դրամի նյութական վնաս: Դեպքն Էրեբունի վարչական շրջանում էր եղել։ Գրպանահատության դեմ պայքարող քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Վանաձորի 52-ամյա բնակչի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց։ Պարզվել է նաեւ, որ բերման ենթարկվածը Արաբկիրում՝ միկրոավտոբուսի սրահում, մի աղջկա գրպանից բջջային հեռախոս էր գողացել: Հանգամանքները պարզվում են։
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եղիշե Թունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Զանգեզուր-տեքստիլ» ՓԲԸ տնօրեն, պաշտոնատար անձ, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 21.05.2021թ. թիվ ՍԴ3/1359/02/19 դատական ակտը մեկամսյա ժամկետում դիտավորությամբ չի կատարել։
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, ըստ որի՝ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անութափոսի վերք՝ հրազենային բնույթի» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Գորիս քաղաքի 1966թ. ծնված բնակիչը՝ մահացած վիճակում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: