ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի դեմ պատերազմը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին, ընդ որում՝ սպասվում է, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ձեւավորվող շուկայական եւ զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն. ասվում է Համաշխարհային բանկի  լույս տեսած «Վերջին տնտեսական զարգացումները» հրապարկման մեջ։

 

Այժմ կանխատեսվում է, որ տարածաշրջանի տնտեսության ծավալներն այս տարի կկրճատվեն ավելի քան 4.1 տոկոսով՝ 3 տոկոսանոց աճի նախապատերազմյան կանխատեսման համեմատ, քանի որ պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական ցնցումները խորացնում են ՔՈՎԻԴ-19 համավարակի շարունակվող ազդեցությունները։ Այս կրճատումը վերջին մի քանի տարում երկրորդը եւ 2020թ. ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված կրճատումից երկու անգամ մեծ կլինի։ Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի տնտեսության ծավալների 45.1 տոկոսանոց կրճատում է կանխատեսվում, թեեւ կրճատման մեծությունը կախված կլինի պատերազմի տեւողությունից եւ ինտենսիվությունից։ Աննախադեպ պատժամիջոցների հարվածը կրելով՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն խորն անկման մեջ է հայտնվել, ընդ որում՝ 2022 թ. կանխատեսվում է թողարկման ծավալների 11.2 տոկոսանոց կրճատում։

«Պատերազմի պատճառով անարգել խորացող հումանիտար ճգնաժամը ազդեցիկ չափերի է։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տնտեսությանը հուժկու հարված է հասցնում եւ ենթակառուցվածքներին հսկայական վնաս է պատճառել»,- ասաց Համաշխարհային բանկ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Ուկրաինան զգալի ծավալի ֆինանսական օժանդակության անհապաղ կարիք ունի, քանի որ այն պայքարում է իր տնտեսությունը եւ կառավարության աշխատանքը պահպանելու համար՝ օժանդակելու ծայրահեղ իրավիճակից տուժող եւ դրան դիմակայող Ուկրաինայի քաղաքացիներին»։

Պատերազմը նաեւ ծանր հարված է հասցնում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ձեւավորվող եւ զարգացող տնտեսություններին. տարածաշրջան, որտեղ արդեն այս տարի համավարակի շարունակվող ազդեցությունների հետեւանքով տնտեսական աճը դեպի դանդաղում էր գնում։ Ռուսաստանից եւ Ուկրաինայից բացի, կանխատեսվում է, որ Բելառուսը, Ղրղըզստանը, Մոլդովան եւ Տաջիկստանն այս տարի տնտեսական անկման մեջ կընկնեն, իսկ աճի կանխատեսվող ցուցանիշները բոլոր տնտեսություններում իջեցվել են՝ պայմանավորված պատերազմի ազդեցությունների տարածմամբ, եվրագոտում սպասվածից թույլ տնտեսական աճով եւ ապրանքային, առեւտրի եւ ֆինանսական ցնցումներով։ Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին է ընկնում տարածաշրջանում ցորենի ներմուծման 40 տոկոսը եւ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում՝ շուրջ 75 տոկոսից ավելին։ Ռուսաստանը նաեւ արտահանման խոշոր ուղղություն է շատ երկրների համար, իսկ Կենտրոնական Ասիայի որոշ տնտեսություններում (Ղրղըզստան, Տաջիկստան) Ռուսաստանից դրամական փոխանցումները ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսն են կազմում։ «Ուկրաինայի պատերազմը եւ համավարակը մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ ճգնաժամերը կարող են համատարած տնտեսական վնասի պատճառ դառնալ եւ մեկ շնչի հաշվով եկամուտներն ու զարգացման ուղղությամբ ձեռքբերումները մի քանի տարով հետ գցել»,- ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Քանտը։ «Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի կառավարություններն ամրացնեն իրենց մակրոտնտեսական բուֆերները եւ բարձրացնեն իրենց քաղաքականության վստահելիությունը ռիսկերը զսպելու եւ առեւտրի ու ներդրումային ուղիների հնարավոր հատվածականությունը հաղթահարելու, սոցիալական ապահովության իրենց ցանցերն ամրապնդելու համար՝ առավել անապահովներին, այդ թվում՝ փախստականներին պաշտպանելու համար, եւ էներգախնայողության բարելավման շեշտադրումը չկորցնեն կայուն ապագա ապահովելու համար»։

Ն. Պ.

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԱՐԿՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Moody’s-ը Հայաստանի համար կանխատեսում է կայունից դեպի բացասական վարկունակություն: Վերջին անգամ նույն վարկունակության վարկանիշ Հայաստանը գրանցել էր 2015 թվականին, երբ դարձյալ Ռուսաստանի տնտեսությունն անկումային վիճակում էր։ ՀՀ վարկունակության՝ Moody’s-ի բացասական գնահատականը պայմանավորված է աճող ռիսկերով, քանի որ Հայաստանի տնտեսական աճի կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսական իրավիճակից։ Բանն այն է, որ 2021 թվականին Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 845 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսը, միաժամանակ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները նույնպես զգալի են՝ կազմելով 867 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսը: Moody’s-ը կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կնվազի մինչեւ 1,8 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ մոտ 3 տոկոսով. նախկին կանխատեսումը կազմում էր տարեկան 5-5,5 տոկոս աճ: Եվ օրերս ՀՀ կենտրոնական բանկը նույնպես վերանայեց Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը՝ 5,3 տոկոսից իջեցնելով 1,6-ի։ Moody’s-ն այն տեսակետին է, որ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները կպահպանվեն երկար ժամանակ, հետեւաբար, Ռուսաստանից տրանսֆերտները եւ արտահանումները դժվար թե վերականգնվեն նախկին մակարդակին: Ամփոփելով Moody’s-ը հայտարարում է, որ Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունն ունի արժութային բարձր ռիսկեր, քանի որ պետական պարտքի 70 տոկոսն արտարժութային է: Հետեւաբար դրամի կտրուկ արժեզրկումը կդժվարեցնի պետական պարտքի սպասարկումը, միեւնույն ժամանակ կավելացնի բանկային հատվածի ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակը:

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է երկարաձգել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: Նախաձեռնությունն արդեն մուտք է արվել խորհրդարան: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովների գործողության ժամկետը վեց ամիս է, եւ հանձնաժողովի նախագահը կարող է հանդես գալ այն եւս մեկ անգամ վեց ամսով երկարաձգելու առաջարկությամբ: Իրավունքի ուժող ստեղծված քննիչ հանձնաժողովի ժամկետն ավարտվում է ապրիլի 22-ին, եւ վաղը սկսվող քառօրյայի օրակարգում պետք է քննարկվի նաեւ այդ հարցը: Նշենք, որ այս վեց ամիսների ընթացքում քննիչ հանձնաժողովը գումարել է ութ նիստ, ունեցել երեք աշխատանքային քննարկում: Հիմնադրամի կողմից իրականացված 11 ծրագրերի մասին հանձնաժողովը ստացել է տվյալներ, սակայն կա նաեւ լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք: Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հանրության համատեղ ջանքերով, հիմնադրամը հավաքել է մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն դոլարը՝ Հայաստանից, մնացածը՝ Սփյուռքից, սակայն այդպես էլ հանրությունը հնարավորություն չունեցավ տեղեկանալու, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները:

 

 

ՏՈՆԱՎԱՃԱՌ

Նախօրեին միասնական սոցիալական ծառայության Իջեւանի տարածքային կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ։ Իրենց թափուր աշխատատեղերն էին ներկայացրել Տավուշի մարզի համայնքներից 34 գործատու, աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան անմիջական կապ հաստատել գործատուների հետ։ Նրանք, փորձելով գտնել իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք, ընդգրկվեցին տարբեր գործատուների կադրերի ռեզերվում։ Գործատուների ներկայացրած թափուր աշխատատեղերը հիմնականում սննդի արտադրության, առաքման, սպասարկման ոլորտում են՝ հացթուխ, առաքիչ, մատուցող, հավաքարար, բարմեն, բանվոր, վարսահարդար, հրուշակագործ, պահածոյագործ, խոհարար եւ այլն։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը ներկայացրել էր այդ   հիվանդանոցում թափուր աշխատատեղերի՝ մանկաբույժի, ակնաբույժի, շտապ օգնության բժշկի, վիրաբույժի, հոգեբույժի, նյարդաբանի մեկական  հաստիքներ։

 

 

ՏԵՂԱԿԱԼԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Գանձաքար գյուղի բնակիչ,   Գանձաքար համայնքի ղեկավարի տեղակալ, 1977թ.-ին ծնված Արմեն Հակոբյանի դատավարությունը։  Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2000 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 8-ը ամուսնացած լինելով Իջեւան քաղաքի բնակչուհի Աննա Հովակիմյանի հետ եւ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 49-րդ հոդվածի  համաձայն, ամուսնությունը գրանցած լինելով Տավուշի  ՔԿԱԳ տարածքային  բաժնում, տեղեկացված լինելով Ա. Հովակիմյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով ամուսնալուծության կարգով հայց ներկայացնելու մտադրության մասին, սակայն նպատակ ունենալով Ա. Հովակիմյանին զրկել համատեղ սեփականություն հանդիսացող, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի 40-րդ բնակարանի եւ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում գտնվող 0,2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության եւ հետագայում դրանց հնարավոր օտարման դեպքում ստացվող  եկամուտի կեսը ստանալու իրավունքից՝ 2020թ. փետրվարի 6-ին այցելել  է Տավուշի մարզի նոտարական տարածք եւ խաբեության եղանակով վերը նշված գույքի կեսը՝ Ա. Հովակիմյանի մասնաբաժինը հափշտակելու դիտավորությամբ խեղաթյուրել է գոյություն ունեցող փաստերը՝ նոտար Գ. Անանյանին գրավոր հայտարարության ձեւով հաղորդելով ակնհայտ սուտ տեղեկություններ, եւ թիվ 156 պայմանագրի հիման վրա՝ Գանձաքար գյուղում գտնվող հողամասը, թիվ 157 պայմանագրի հիման վրա՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 17-րդ շենքի 40-րդ բնակարանը օտարել է ՀՀ քաղաքացի Արման Հրաչիկի Բրուտյանին։ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով եւ 338.2 հոդվածով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս