ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանգնեք Արցախի կողքին, վերջ. ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի կազմում լինելը բացառող հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Արցախի ԱԺ-ն միաձայն ընդունեց ԱՀ ԱԺ հայտարարության տեքստը, որով անընդունելի են համարում Արցախի համար որևէ այլ կարգավիճակ, քան ինքնորոշումն է. 33 պատգամավորներից ներկա էին 31-ը, ովքեր էլ կողմ քվեարկեցին։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Արցախի ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ, երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը։

Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։

Հայաստան – Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։

Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով։

Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։
Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճառականորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին;

ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից;

ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք;

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ միջազգաին մանդատ ուենցող ձևաչափը»։




Լրահոս