«ԳԱՂՈՒԹՈՒՄ ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎ Է, ՔԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Իջեւանի N զորամասերից մեկում հոկտեմբերի 13-ին` ժամը 15-ի սահմաններում, մահացել է ժամկետային զինծառայող 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` զինվորն ինքնասպանություն է գործել, ինչը չի բացառում նաեւ Արամի մայրը:21-ամյա Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ` Նոր Նորքի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր Ավան վարչական շրջանի Դուրյան 36 փողոցի 28 բնակարանում: Արամը բուհն ավարտելուց հետո էր զորակոչվել ու դեռեւս 4 ամիսն էլ չէր լրացել, ինչ ծառայում էր բանակում:Մեր զինվորական աղբյուրները տեղեկացրել էին, որ զինվորն ինքնասպան է եղել ոչ թե զենքի հետ անզգույշ վարվելու, այլ անձնական եւ ընտանեկան խնդիրների պատճառով: 21-ամյա երիտասարդը զենքը մաքրելուց հետո առանձնացել է եւ կրակել իր կրծքավանդակի շրջանում:Ըստ շրջանառվող տեղեկությունների` Արամը մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Նա դեպքից քիչ առաջ հեռախոսազրույց էր ունեցել սիրած աղջկա հետ եւ իմացել, որ վերջինս ամուսնանում է: Մեր տվյալներով` Արամը լավ հարաբերություններ է ունեցել պապի, մոր, բայց ոչ այնքան հոր հետ: Մոր հետ վերջին հեռախոսազրույցում հորդորել է համարել, որ ինքը որդի չունի, եւ պատվիրել է լավ պահել քրոջը:«Ժողովուրդ»-ն այդ լուրերի ճշմարտացիությունը փորձեց ճշտել հենց Արամի մորից` Հռիփսիմե Սուքիասյանից: Նրանց բնակարանում զրուցեցինք Արամի մայրիկի, քրոջ` Լուիզայի եւ Արամի հարազատների հետ: Տիկին Հռիփսիմեն մեզ հետ զրույցում միանգամից ասաց, որ Արամը սպայական անձնակազմի հետ որեւէ խնդիր չի ունեցել. «Նա ասում էր` ավելի լավ ա իրանց հետ խնդիրներ ունենայի, քան զինվորների, ասում էր` ոնց որ բարդակ լինի էստեղ, ոչ իրար հարգել կա, ոչինչ: Ինքը կրթված էրեխա էր, իրան ցավ էր տալիս, որ անկիրթներն իրան չեն հասկանում, հետները խոսալ չի լինում, ինքն իրան չէր գտնում, ինքը կամովի գնաց բանակ, Արամն առողջական խնդիրներ ուներ, նույնիսկ բժիշկներն ասել էին, որ կարանք նենց անենք, որ դու չգնաս, բայց ինքը չհամաձայնեց»:21-ամյա մահացած զինվորի մայրը նշեց, որ Արամը հիմնականում բողոքել է, որ չի հարմարվում բանակում տիրող վիճակին, որտեղ անընդհատ «ռազբորկա» է: «Ասում էր` մա՛մ, էս ո՞ւր եմ ընկել: Չեմ ասում, որ ուտելիքից գոհ էր, չէ՛, ասում էր` հարմարվում ենք, բայց ինչի՞ պիտի զինվորն ուտելիքից դժգոհի: Ես միշտ ասել եմ` ամենալավ թիքեն պիտի զինվորն ուտի, որ ինքը մտածելու բան չունենա»,-լացակումած ասաց մեր զրուցակիցը:Արամը տիկին Հռիփսիմեի հետ խոսելիս միշտ ասել է, որ խստություն չկա, եւ յուրաքանչյուր ոք արել է այն, ինչ սիրտն է կամեցել. «Չաստ նայողը ո՞րն ա, ինչի՞ պիտի փող տան, որ մեկն իրան լավ զգա ըտեղ կամ մեկն ավել անի, իսկ մյուսները չէ, էտի իմ տղան չի ասել, ես լսել եմ, ասում են` գաղութում ավելի ապահով է, քան բանակում, ինչի՞ պիտի տենց լիներ, ինքը կարգապահություն շատ էր սիրում: Ասում էր` ես հաբրգածների հետ չեմ մերվում, ինքը տենց չէր, եթե անգամ ես իրա դարակը բացեմ` կտեսնեք` ինչ տիպի տղա էր Արամը»: Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Արամն ինքնասպան է եղել, տիկին Հռիփսիմեն ասաց. «Հնարավոր ա, խնդրում եմ գրեք, որ ծնողը ոչ մեկին չի մեղադրում, ինքը բողոքում էր բանակում տիրող բարքերից, ամեն մի մանրուք իրա վրա ազդում էր»: Արամի քույրը եւս հաստատում էր, որ Արամն իր հետ խոսելիս միշտ բողոքել է բանակի վարք ու բարքից:Տիկին Հռիփսիմեն ասաց, որ Արամն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, նրան անգամ չի թույլատրվել վազելը: Նա տախիկարդիա է ունեցել եւ մի օր վազքի ժամանակ ուշաթափվել է. «Իրան գրած էր ոչ շարային, էդ էլ հաշվի չեն առել, ասել են` սաչոկություն ես անում: Արամն ասում էր` ինադու ես կվազեմ-կընկնեմ, բայց թույլ չեմ տա, որ ինձ նման բան ասեն»:Մեր զրուցակիցը նշեց, որ Արամն ինքնասպանություն չի գործել ընկերուհու` Աստղիկի պատճառով կամ նրա համար, որ ընտանիքում խնդիրներ է ունեցել. «Նման բան չկա, նրանք էնքան սիրով են եղել, նրանք լավ ընկերներ են եղել»: Ու այստեղ մեր զրույցն ընդհատեց Արամի մորեղբայրը. վերջինս արգելեց որեւէ բան խոսել եւ մեզ էլ արգելեց որեւէ հարց տալ: Նկատենք, որ Արամի մայրիկին անընդհատ ինչ-որ բաներ էին հուշում հարազատները` թե ինչ խոսի, ում մեղադրի, երբեմն էլ ասում էին, որ պետք չէ խոսել:Արձանագրենք, որ արդեն որերորդ դեպքն է, որ մահացած զինվորների հարազատներն արգելում են ծնողներին ազատ խոսել լրատվամիջոցի հետ եւ հատկապես հրամանատարական կազմի մասին: Թե էլ ինչ ունեն կորցնելու եւ ինչից են զգուշանում, հասկանալի չէ:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս