Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժնում ձմռանն էր ստացվել: Հունվարի 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էին, որ Առինջ գյուղի էլեկտրաենթակայանից տրանսֆորմատորի յուղ են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 4-ից 5-ը գողացել են չշահագործվող հոսանքի կայանի յուղն ու պղնձե դետալներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 309 միլիոն դրամի վնաս:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Ծավալուն հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերները։ Հետևողական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդ, որոնցից մեկը՝ Նոր Խարբերդի, երկուսը՝ Երևանի բնակիչ:
Ապրիլի 11-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Կոտայքի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ գողոնը վաճառել են Երևանի տարբեր թաղամասերում:
Բերման ենթարկված տղամարդիկ ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: