Հոկտեմբեր ամսվա 17 օրվա ընթացքում երեկ «Ժողովուրդ»-ը ստացավ երրորդ դատական ծանուցագիրը: Այս անգամ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանից, որտեղ դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից հոկտեմբերի 12-ին վարույթ է ընդունվել ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի: Բենիկ Հարությունյանի վիրավորված արժանապատվության համար պահանջվում է 2 միլիոն ու եւս 244.000 ՀՀ դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար: Երեք տարբեր հայցերով «Ժողովուրդ»-ից պահանջվում է բռնագանձել ընդհանուր առմամբ 5 միլիոն 244 հազար ՀՀ դրամ:Նկատենք, որ մեզ դատի տված քաղաքական ուժերի ներկապնակը կատարյալ է. ԲՀԿ-ական մարզպետ, մի ՀՀԿ-ական եւ ծագումով մի ղարաբաղցի պաշտոնյա, որը հասարակությանն առավել հայտնի է նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբոր` Լեւոն Սարգսյանի հետ իր ընկերական կապերով եւ կուրորտաբանության ինստիտուտի սեփականաշնորհման հետ կապված պատմություններով: Նաեւ հայտնի դարձավ, որ նա մեկ տարի է` պաշտպանության նախարարի բուժական գծով խորհրդականն է: Եւ թեպետ պարոն Հարությունյանի քաղաքական հայացքները լավագույնս արտացոլում է «Ժամանակի միտք» թերթին տված նրա հարցազրույցի ստորեւ ներկայացվելիք հատվածը, այն հատկապես կարեւոր է հենց վիրավորանքի եւ զրպարտության համատեքստում: «Այսօր էլ նախկին նախագահն իրեն պահում է ինչպես ավազակ, պետություն քանդող, հասարակությանը պառակտող գործիչ: Նրանց ցանկացած որակում կարելի է տալ՝ մոլորվածներ, ռեւանշի գաղափարով համակվածներ, հանցագործներ, որ ուզում են իշխանությունը զավթել, բայց ոչ՝ ընդդիմություն: Սրանց մասին միանշանակ կարող ենք ասել, որ մեր թշնամի պետությունների հատուկ ծառայությունների պատվերն են կատարում, նրանց, ովքեր իրենց ֆինանսավորել են: Պարզ երեւում է, որ դրանք դրսից ֆինանսավորված, մի կենտրոնից ղեկավարվող կազմակերպված ուժ են»,-«վիրավորված» եւ «զրպարտված» անձն ահա այսպիսի վիրավորանքներ է իրեն թույլ տալիս ՀՀ առաջին նախագահի հասցեին:Ավելի վաղ հանրությունը Բենիկ Հարությունյանի անձի մասին տեղեկացել էր թերթերից մեկի անանուն աղբյուրներից` այն կապակցությամբ, որ նախկինում պետական Ֆիզիոթերապեւտիկ բուժինստիտուտը պատրաստվում է մասնավորեցնել նույն բուժինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը: Չի բացառվում, որ նա սույն տեղեկատվությունն էլ համարի զրպարտություն, ինչպես սեպտեմբերի 9-ի մեր համարում տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածը, որտեղ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի հնչեցրած մեղադրանքներն առ այն, որ Բենիկ Հարությունյանը, ում հետ համատեղ բիզնես են ունեցել, չի վերադարձնում իր կողմից ներդրված 218 հազար ԱՄՆ դոլարը: Նշենք, որ նույն հրապարակման մեջ հանգամանալի կերպով ներկայացրել էինք նաեւ երկրորդ կողմի` Բենիկ Հարությունյանի եւ իր փաստաբան Մհեր Սիմոնյանի հերքումներն ու պատասխան մեղադրանքներն ու նրանց տրամադրած բոլոր փաստական տվյալները: Թերթի տարածքը քանոնով չափելիս անգամ երեւում էր, թե որքան տեղ էր հատկացված նրանց գնահատականներին: Բայց ուրիշներին «ավազակ» կոչող պարոնը նախընտրում է վիրավորվել ու երկու միլիոն դրամ պահանջել իր բարի համբավի համար: Բայց կարծում ենք, որ մարդն ընդհանրապես բարի համբավ պետք է ունենա, հետո նոր ձգտի պաշտպանել այն:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԵՐԲ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է «ՎԻՐԱՎՈՐՎԱԾԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ