ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի համանախագահը չորս օր Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ տարբեր հայտարարություններ են հնչում, սակայն ուշագրավ է, որ Մինսկի խմբի ֆրանսիացի նախագահ Բրայս Ռոքֆոն 4 օր Երևանում է եղել եւ տարբեր հանդիպումներ ունեցել:

Նկատենք՝ ապրիլի 8-ին անգամ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էր խոսել այդ մասին եւ հայտարարել, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում: Լավրովի փոխանցմամբ, Արևմուտքը զոհաբերել է խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների հետևանքով:

Եվ հենց այս հայտարարությունների ֆոնին էր ֆրանսիացի համանախագահը Հայաստանում: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն ընդունեցին Արցախը ճանաչելու անհրաժեշտության և 1994 թվականի շփման գծին վերադառնալու մասին բանաձևեր։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր պատրաստակամություն  հայտնել Հայաստանի կողմից դիմելու դեպքում նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։

Իսկ ինչ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ֆրանսիացի համանախագահը Հայաստանում: Օրինակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջինս  ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահ Ռոքֆոյը ևս, ըստ ԱԽ գրասենյակի, շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Փաշինյանը եւս հանդիպել է ֆրանսիացի համանախագահին. հայտարարության մեջ նշվում է, որ զրուցակիցները ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս