ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անիվներով փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը. ինչու է դանդաղում կամուրջի նորոգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 20 օր է, ինչ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհն անանցանելի է: Տեղեկացնենք, որ մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր են առաջացել եւ երթեւեկությունն էլ անհնար է դարձել, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է կանգնել` մի հատվածը ճաքել է: Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել են երթեւեկելի հատվածից:

Այս խնդրի շուրջ Ջրառատ, Լուսագյուղ, Մեծամոր գյուղերի բնակիչները, տեւական ժամանակ է, ինչ ահազանգում են ArmLur.am-ին՝ նշելով, որ իրենց գյուղերի ճանապարհներն ավազով բարձված բեռնատարներն են վնասում: Ավազ տեղափոխող ծանր մեքենաներն ասֆալտի վրայով բեռնված իջնելու ժամանակ, իրենց ծանրության տակ ասֆալտը դեֆորմացնում են: Ինչի արդյունքում ասֆալտը տեղ-տեղ քանդվում է, փոսերն ավելի են մեծանում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում։ ArmLur.am-ը Արմավիրի մարզպետարանից հետաքրքրվեց, թե որ փուլում են գտնվում կամրջի նորոգման աշխատանքները, քանի որ բնակիչները վստահ են, որ այն դանդաղում է: Սակայն մեր հարցին ի պատասխան մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը փոխանցեց, որ այս պահին կամրջի հիմնանորոգման նախագիծ է մշակվում, աշխատանքներին մասնակցում է նաեւ գիտահետազոտական ինստիտուտը: Զրույցի ընթացքում մարզպետարանի ներկայացուցիչը նկատեց, որ մոտ օրերս կավարտվեն նախագծային աշխատանքները եւ կսկսվի կամրջի հիմնանորոգումը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս