Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը վերլուծություն է ներկայացրել՝ ընդգծելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը:
Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից:
Իսկ 1992 թ. հուլիսի 8-ի որոշման 2-րդ կետը հստակորեն սահմանում էր Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Արցախի ինքնորոշման փաստի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում» (ընդգծ. հեղ.): 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը կառավարող մեծամասնության և «Ազգային Դաշինքի» միջև փոխհամաձայնության արդյունք էր. այն ընդունվեց կոնսենսուսով (169 կողմ, 3 դեմ 1 ձեռնպահ) (Գերագույն Խորհրդի Տեղեկագիր, 1992/13, էջ 30):
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», իշխանական թիմի ներկայացուցիչները սկսեցին ակտիվ ելույթներ ունենալ եւ փորձեցին առաջ տանել ու զարգացնել այս գաղափարը՝ ընդհանուր առմամբ առաջ մղելով այն միտքը, որ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում չի կարելի բացառել։
Սակայն ՔՊ նախընտրական ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժնում նշված էին այն բոլոր խնդիրները, որոնք լուծելու է «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում հաղթելու դեպքում, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք իրենց համար առաջնային են Արցախի խնդրի լուծման հարցում:
«Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»,- գրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում
Այսինքն Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին դրույթը ներառված է նաև ՔՊ նախընտրական ծրագրում։ Այսինքն, շատ հաճախ ՔՊ-ականները հակասում են իրենց իսկ նախընտրական ծրագրին:
Ն.Հ.