«ԱՐԱՅ»-Ի ՏԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵ՞Ր Է ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը` ժամը 13:15-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի մեջ դիակ կա: Պարզվել է, որ մահացողը 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանն է, որին ճանաչում են որպես «Արայ» ընկերության սեփականատեր:Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տվյալ վայրում հայտնաբերել է վերը նշված ավտոմեքենան, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքում, մատը ձգանին, եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:Ավտոմեքենայի աջ նստատեղին դրված է եղել սեւ կաշվե պայուսակ, որի մեջ, ինչպես տեղեկացանք, եղել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տիպի ատրճանակ` 53 փամփուշտներով, իսկ մեքենայի սրահում` «ՏՏ» տիպի ատրճանակի կրակված 1 պարկուճ:Հիշեցնենք, որ Արմենի հայրը` Արայիկ Պետրոսյանը, քաղցկեղից մահացել էր դեռեւս 4-5 տարի առաջ (թեպետ նշվում էր, որ ինքնասպան է եղել), ինչից հետո Արմենն էր հիմնականում ղեկավարում հոր գործերը: Հարեւանները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գովաբանեցին Արմենի հորը` պարոն Արայիկին` շեշտելով, որ նա շատ լավ մարդ է եղել: Նրանք համոզված են, որ Արմենն ինքնասպան չի եղել, նրան ստիպել են: «Ո՞վ իմանա` ինչի համար, ո՞վ ա ստիպել` է՛ս արա, է՛ն արա, հիմա մարդիկ իրար թշնամի են դարձել, կարողա փողի համար ա»,-տարակուսանքով ասաց մանկավարժ տիկին Անահիտը:Մեր զրուցակիցն Արմենի տատիկի հարեւաններից էր, ով բնակվում է Երեւանի Փափազյան փողոցի 16/բ շենքում: Մեր տեղեկություններով` Արմենն այդ հասցեում էր բնակվում, բայց պարզվեց, որ նա ուղղակի գրանցված էր այդ բնակարանում, սակայն ապրում էր այլ տեղ:Երեւանի Համո Սահյան փողոցի` «Մալականների այգի» կոչվող տարածքում է գտնվում Արմեն Պետրոսյանի երկհարկանի առանձնատունը, վերջինս այնտեղ բնակվում էր իր մայրիկի եւ քրոջ հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 31-ամյա Արմենն ամուսնացած է եղել ռուս աղջկա հետ, սակայն ամուսնալուծվել է եւ ունի մեկ դուստր: Արմենը հիմնականում արտերկրում է ապրել եւ ուշ-ուշ է Երեւան եկել:«Ժողովուրդ»-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Պետրոսյանը ծանր եւ անբուժելի հիվանդ էր, դրա համար էլ դիմել է ինքնասպանության: Միեւնույն ժամանակ չեն բացառում նաեւ այն տարբերակը, որ Արմենը լուրջ խնդիրներ է ունեցել արտասահմանում: Չնայած, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, դատելով Արմենի ձեռքում գտնվող զենքից` այդքան էլ չի կարելի այդ վարկածին հավատալ, քանի որ ինքն իրեն կրակելու դեպքում ձեռքն այդպես «կոկիկ» դրված չէր լինի նրա ոտքի վրա: Նման կարողություն ունեցող մարդն այդ քայլին չէր գնա, եթե իսկապես լուրջ խնդիրներ չունենար:«Ժողովուրդ»-ը եղավ Արմեն Պետրոսյանի առանձնատան մոտ, որտեղ հիմնականում նրա ընկերներն էին հավաքվել: Ոմանք կտրականապես հրաժարվեցին մեզ հետ զրուցել, անգամ արգելեցին մոտենալ առանձնատանը:Ի վերջո, մեր երկարատեւ պնդումներից հետո մեզ հետ խոսեց 31-ամյա Արմեն Պետրոսյանի մտերիմ եւ, ինչպես ինքն ասաց, մանկության ընկեր Հովիկը: Մեր հարցին` Արմենն ամուսնացած է, թե ոչ, նա նախ երկար լռեց, այնուհետեւ ասաց. «Չեմ պատասխանի այդ հարցին, իրա անձնականը դուրսն ա եղել, մենք ըստեղ տենց տեղյակ չենք իրա անձնականից, ինքն իրա կնոջ հետ ըստեղ չեն ապրում, դուրսն են ապրում, անձնականից ոչ ոք չի կարա ստույգ տեղեկություն տա, ինքը մի աղջիկ ունի»:Ինչ վերաբերում է հարցին, թե ինչը կարող էր պատճառ դառնալ, որ Արմենն ինքնասպան լիներ, Հովիկն այսպես արձագանքեց. «Բացառում ենք, էդ մենակ իմ կարծիքը չէ, բոլորս չենք հավատում դրան, իրան ճանաչելով` չենք հավատում, որ ինքնասպան կլիներ: Ինքը եթե խնդիրներ ունեցել ա, միշտ էլ լուծել ա էդ խնդիրները, բայց տենց պրոբլեմներ իրա կյանքում չի ունեցել, որ կարար ստիպեր` ինքն ինքնասպան լիներ»: Ընկերներից Արսենն էլ Արմենին բնութագրեց որպես ընկերասեր մարդու, որը բոլոր ընկերների պրոբլեմներով միշտ զբաղվել եւ օգնել է: Մնացած ընկերներն ու հարազատները հրաժարվեցին որեւէ խոսք ասել Արմեն Պետրոսյանի մասին:Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:Արմեն Պետրոսյանին կհուղարկավորեն այսօր` ժամը 14:00-ին, Երեւանի Ս. Հովհաննես եկեղեցուց: Իսկ «Արայ»-ի խանութները 3 օր չեն աշխատում: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆլուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս