Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«44-օրյա պատերազմի մասնակիցները Ազատության հրապարակում երեկվանից հացադուլ են հայտարարել։
Եղբայրնե՛ր, շնորհակալ ենք, որ միացել եք հայրենիքի փրկության պայքարին և էլի առաջինն եք կանգնում առաջնագծում, էլի պատրաստ եք զոհաբերության հանուն հայրենիքի։ Սակայն, խնդրում եմ ձեզ, մի՛ արեք դա ձեր առողջությունը վտանգելու գնով։ Դուրս եկե՛ք հացադուլից: Ձեր առողջական վիճակը մտահոգիչ է․ այսօր ինքս ականատես եղա, թե ինչպես մի քանի անգամ շտապօգնության մեքենաներ մոտեցան Ազատության հրապարակ:
Աղերսում և պահանջում եմ դադարեցնել հացադուլը:
Այո՛, իրավիճակն այսօր ծայրահեղ է և, այո՛, ձեր քայլն էլ՝ համարժեք իրավիճակին, սակայն ձեր ընտրած միջոցը թույլ տալ չենք կարող, շարունակենք պայքարը միասին՝ առանց ֆիզիկական կտտանքների և զրկանքների ձեզ ենթարկելու։
Խնդրում եմ չգիշերել հացադուլի պայմաններում, դուրս եկե՛ք հացադուլից…»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել: Նրանք հացադուլ են իրականացնում, որ ժողովրդին փոխանցեն, թե անհոգ մի եղեք, հայրենիքի հարց է որոշվում: