ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ` ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել մի շարք դատավորներ նշանակելու մասին:Եւ այսպես. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմ, հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, մի շարք քաղբանտարկյալներին բանտ ուղարկած Գագիկ Ավետիսյանը (մականունը Դամբուլ) նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Կարինե Ղազարյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները: Դատավոր է նշանակվել նաեւ ՀՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի որդին, այն Ամալյանի, որը փակեց «Ա1+» միակ անկախ հեռուստաընկերությունը: Բայց Ռոբերտ Քոչարյանի փոխարեն Ամալյանին վարձահատույց եղավ Սերժ Սարգսյանը` Էդուարդ Ամալյանին նշանակելով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի նախկին վարիչ Մնացական Բունիաթյանի որդին` Ռուբեն Բունիաթյանն էլ նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:Սերժ Սարգսյանի հրամանագրերից հետո «Սերգո ջան»-ն ավելի լավ է ապրելու, քանի որ Լեզվի պետական տեսչության տեւական ժամանակ արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունեցող Սերգո Երիցյանի որդին` Սարգիս Երիցյանը, նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:Դատավոր է դարձել մի փաստաբան` Գայանե Խաչատրյանը: Նա նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:Դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ Լիլիթ Խաչատրյանն էլ դարձել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դավիթ Հարությունյանը` Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (խոսքը ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի մասին չէ): ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արթուր Մարգարյանին էլ նշանակել են ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ զինդատախազի նախկին տեղակալ, արդեն նախկին քննիչն այսուհետ գործեր կքննի դատարանում:ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արմեն Չիչոյանին էլ բաժին է հասել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Իսկ Էդգար Սեդրակյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:




Լրահոս