«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլեւս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ։
Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, այլեւ ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։
Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։
Իջեւանի ավագանու նիստերի հրապարակված արձանագրությունների մեջ կարելի է տեսնել, որ համայնքի ավագանին թույլատրել է վաճառել համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենան, համայնքի հաշվեկշիռ է ընդունել նվեր ստացած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, սակայն ոչ մի խոսք «Տոյոտա Պռադոյի» մասին։ Այսինքն, անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, եւ այն գրանցվի որպես համայնքային գույք։
Կարելի է միայն ենթադրել, թե ինչու է հանրությունից թաքցվում գնված թանկարժեք ավտոմեքենան։ Մենք զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետի մամուլի խոսնակին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իրոք, 2021 թվականի օգոստոսի 2-ին ձեռք է բերել TOYOTA LC 150 4.0 GAS 2013 թվականի «Պռադո» ավտոմեքենա: Այն հարցին, թե ինչու համայնքապետարանի գնումների տեղեկագրում կամ ավագանու որոշումների մեջ նշված չէ այս մասին, եւ ինչն է պատճառը, որ մի քանի մոդել ցածր ավտոմեքենան նորով է փոխարինվել, քաղաքապետի խոսնակն ասաց, որ հարցերն ուղղենք գրավոր: Նշենք, որ վերոնշյալ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում