Ի պատասխան «Ժողովուրդ»-ի 169 համարում տպագրված «Կաթողիկոսը եկեղեցաշինության բիզնես է դրել» հոդվածի` Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրություն է ուղարկել: 1. Վ.Մելիքյան. Բարերար Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների եւ Վանաձորի հայորդաց տան կառուցման համար տրամադրված գումարի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հոդվածագրի «աղբյուրը» ապակողմնորոշել է իրեն. Բեդեւյան ամուսինների կատարած նվիրատվությունը բարերարների ցանկությամբ եւ հանձնառությամբ ուղղվել է հետեւյալ ծրագրերի իրականացմանը` Վանաձորի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու կառուցում, Վանաձորի հայորդաց տան կառուցում, Վանաձորի բարեգործական ճաշարանի բացում եւ ընթացիկ պահպանություն եւ Մայր Աթոռի Արշիլ Գորկու թանգարանի հիմնանորոգություն: Վերստին հաստատելով, որ յուրաքանչյուր բարեգործ տեղյակ է իր տրամադրած միջոցների գործածության կերպի եւ ժամանակացույցի մասին, պիտի հորդորեինք չզրպարտել եւ դրանով ստվերել տարբեր ոլորտներում կատարվող ազգօգուտ աշխատանքները: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հաշվետու է յուրաքանչյուր բարերար անհատի եւ կառույցի` իրեն տրամադրած միջոցների համար, Հայ Եկեղեցին հաշվետու է իր ժողովրդին իր իսկ գործունեությամբ:1. «Ժողովուրդ». Հոդվածագրի աղբյուրն այս դեպքում, հարգելի՛ տեր հայր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է, ով Վանաձորում հայորդաց տան բացման ժամանակ արտասանած իր խոսքում հստակորեն հայտարարեց, որ տվյալ շինության համար ծախսվել է 5 միլիոն դոլար: Հոդվածում մենք միտումնաբար այս մասին չէինք նշել` գիտենալով, որ կհաջորդի «հերքումը»: Հավանաբար վեհափառ տիրոջ խոսքն ամբողջապես տեսագրված է եւ պահվում է նաեւ Մայր Աթոռի մամլո դիվանում: Եթե նեղություն չէ Ձեզ համար, դիտե՛ք այն: Մյուս աղբյուրը եղել է շինարարը, ուրեմն նրան դատի՛ տվեք ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու համար կամ էլ հրապարակե՛ք շինարարության նախահաշիվն ու կատարողականը: Դուք էլ, հարգելի՛ տեր հայր, Ձեր հերքման մեջ չեք համարձակվում նշել հստակ թիվը, ասել, թե որքան գումար են տրամադրել Բեդեւյանները: Հավանաբար վախենում եք ասել մի բան, որը կարող է մեկ անգամ եւս հաստատել, որ հոդվածագիրն ասել է զուտ ճշմարտությունը: Եթե նեղություն չէ, ներկայացրե՛ք, թե Բեդեւյանների տրամադրած գումարներն ինչպես են ծախսվել, որ կառույցի համար ինչքան գումար է տրամադրվել: Չեք ասում… Այս դեպքում, կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են… 5 միլիոն դոլարն այդ ի~նչ մեծ գումար է, որով իրականացվել են Ձեր հիշատակած ծրագրերը. «Վանաձորի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու կառուցում, Վանաձորի հայորդաց տան կառուցում, Վանաձորի բարեգործական ճաշարանի բացում եւ ընթացիկ պահպանություն եւ Մայր Աթոռի Արշիլ Գորկու թանգարանի հիմնանորոգություն»… Երեւի Դուք էլ գիտեք, որ հայորդաց տան կառուցումից մոտ ութ տարի առաջ իր դռները բացած Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման համար շատ ավելի մեծ գումարներ են պահանջվել: Գուցե Բեդեւյանները առավել մեծ գումարներ են տրամադրել, որոնց մասին լռում եք… Եթե ամեն ինչ հստակ ու ճիշտ է, ներկայացրե՛ք, թե որքան ներդրումներ են արել Բեդեւյանները, եւ որքան է ծախսվել: 2. Նարեկ Լեւոնյանի ընկալմամբ` եկեղեցաշինությունը հոգեւորականների համար «եկեղեցաշինական բիզնես» է: Պարզաբանենք, որ ինչպես Հայաստանում, այնպես եւ առավելաբար Ռուսաստանում եկեղեցիները, որպես կանոն, կառուցվում են անհատ բարերարների եւ նրանց նախընտրած շինարարական կազմակերպությունների կողմից: Այդ ընթացքում Եկեղեցին եւ եկեղեցականներն ընդամենը վերահսկողություն են իրականացնում, որպեսզի պահպանվեն եկեղեցաշինության կանոնական սկզբունքները: Միայն ավարտից հետո են եկեղեցիները փոխանցվում թեմերին: 2. Լավ է, որ ցանկալին որպես իրականություն եք ներկայացնում, սակայն այդ դեպքում թույլ տվեք հարցնել, թե ինչով է զբաղվում Մայր Աթոռի ճարտարապետական բաժինը: Գուցե հիշեք այդ մասին եւ լրագրողին վիրավորելու փոխարեն խաչ հանեք Ձեր դեմքին` Աստծո տան Ձեր խցից նման պարզաբանումներ տալու համար… 3. Ինչ վերաբերում է «Բացի եկեղեցաշինական բիզնեսից, պարզվում է, որ կաթողիկոսն իր եղբոր հետ տեր է դառնում նաեւ Ռուսաստանում գտնվող հայկական ծագում ունեցող մի շարք կառույցների եւ համայնքի անդամների սեփականությանը» արտահայտությանը եւ Վահրամ Փափազյանի տան խնդրին, ապա տեղեկացնում եմ, որ Եզրաս եպիսկոպոսի կապը դերասանի` տասնութ տարեկանից հաշմանդամ դարձած թոռնուհի Ժաննայի հետ այնքանով է, որ Սանկտ-Պետերբուրգում Սրբազանի հովվության տարիներին Փափազյանների ընտանիքին իր օգնությունն է ցուցաբերել նաեւ հայկական եկեղեցին` հիվանդ կնոջ խնամակալի ու դեղորայքի ծախսերը հոգալով: Հայ Եկեղեցին նաեւ կազմակերպել է տիկին Ժաննայի հուղարկավորությունը եւ թաղումը 1998թ. Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցու Սմոլենսկի գերեզմանատանը, ուր թաղված է նաեւ Վահրամ Փափազյանի դուստր Մարիա Փափազյանը: Ինչ վերաբերում է դերասանի տանը տիրանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Եզրաս եպիսկոպոսին հասցեագրված անամոթ մեղադրանքին, ապա լրագրողն առանց հանիրավի վարկաբեկելու Եկեղեցին եւ եկեղեցականությանը կարող էր պարզել, որ թոռնուհու մահից հետո Վահրամ Փափազյանի տունը անցել է դերասանի ազգականին` ճարտարապետ Զուրաբ Ռաֆայելյանին:3. Արդարացնելու համար կաթողիկոսի ու նրա եղբոր «ջանադիր հոգատարությունը» հայ մեծ ողբերգակ Վահրամ Փափազյանի ընտանիքի հանդեպ եւ նրանցից վանելու Օլգինոյի տան «առեղծվածը», Դուք հիշատակում եք, որ «թոռնուհու մահից հետո Վահրամ Փափազյանի տունը անցել է դերասանի ազգականին` ճարտարապետ Զուրաբ Ռաֆայելյանին»: Մենք դարձյալ միտումնաբար չէինք նշել տան «սեփականատիրոջ» անունը, ինչը Դուք եք արել: Շնորհակալություն: Ուզում եմ հիշեցնել, որ Վահրամ Փափազյանը երբեք այդ անուն-ազգանունով ազգական չի ունեցել, Փափազյանն Օլգինոյի իր տունը կտակել էր դստերը` ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Մարիա Փափազյանին, իսկ վերջինս էլ իր դստեր խնամակալությունը հանձնել էր Փափազյանի որդեգրին` բեմադրիչ Հարություն Ջանիկյանին: Հարություն Ջանիկյանն «առեղծվածային» պայմաններում ավտովթարի զոհ դարձավ Երեւանում, որից հետո միայն հայտնվեց այդ «ազգականը»: Հարգելի՛ տեր հայր, ցանկացած հերքում պիտի լինի հիմնավոր եւ աներկբա, մինչդեռ Դուք փորձել եք ամեն ինչ քողարկել ծխածածկույթով ` ծնելով նոր հարցեր: Ամփոփենք. եթե Ձեր «հերքման» մեջ Դուք հիմնավորեիք, որ Վանաձորի հայորդաց տան վրա 1,5 միլիոն դոլար չի ծախսվել, իսկ Բեդեւյաններն էլ 5 միլիոն դոլար չեն տվել այդ կառույցի համար, ինչպես հրապարակավ հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոսը, ապա մենք պատրաստ կլինեինք ներողություն խնդրել: Սակայն հիմա արդեն քրիստոնեական բարոյականությունը պահանջում է ներողություն հայցել լրագրողին հասցված վիրավորանքների համար:
ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ