ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել պաշտոնյաների դրամական միջոցների, ունեցվածքի վերաբերյալ հայտարարարագրերը: Այս անգամ մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Աժ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի ներկայացրած 2018, 2019 եւ 2020 թվականների տարեկան հայտարարագրերը
Օրինակ, նրա դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է միայն աշխատավարձի վերաբերյալ տվյալ, որը կազմել է 7 մլն 791 հազար դրամ:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ ունի հողամաս՝ Սուրենավան գյուղում: Հողամասը Աղազարյանը ձեռք է բերել 1994 թվականին: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը ՀՀ առեւտրային բանկերից մեկից փոխառություն, վարկ է վերցրել՝ մոտ 7.5 մլն դրամի չափով: Իսկ կանխիկ դրամը կազմել է 4.5 մլն դրամ: ՀՀ ազգային ժողովից նա ամսական ստացել է 804 հազար դրամի չափով աշխատավարձ:
2020 թվականի տարեկան հայտարարագրում բնակարան եւ ավտոմեքենա ունենալու մասին տեղեկություն եւս չկա: Նա միայն հայտարարագրել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում ունեցած հողամասը: 2020 թվականին բանկից վերցրած փոխառությունները, վարկերը պահպանվել են: Դրանք երկուսն են՝ 1 մլն 51 հազար դրամ, 4 մլն 656 հազար դրամ: Կանխիկ դրամը 4 մլն դրամ է: Իսկ աշխատավարձը կազմել է ամսական 712 հազար դրամ:
Հովիկ Աղազարյանի կնոջ՝ Մարգարիտ Աղազարյանի հայտարարագիրը դատարկ է. նա ոչ ավտոմեքենա ունի, ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ կանխիկ դրամ:
Իսկ ահա որդին՝ Հովսեփ Աղազարյանը, 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ ունի 500 հազար դրամի չափով կանխիկ գումար: Իսկ ամսական աշխատավարձը նա ստացել է Երեւանի քաղաքապետարանից, որը կազմել է 190 հազար դրամ: Ի դեպ, վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կրտսեր Աղազարյանին առաջիկայում նշանակելու են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: Սակայն նա ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ դեռ առաջարկ չի ստացել: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ նա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր, բայց հիմա ազատվել է աշխատանքից:
Ս.Հ.