2022 թվականի դեկտեմբերից դիմորդներին միասնական քննություններ հանձնելու երկրորդ հնարավորություն է տրվելու։
Այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով, ասուլիսին հայտնեց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ ընդունելության կարգի հիմնական փոփոխություններից մեկը դիմորդին երկրորդ անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունն է։ Երկրորդ անգամ քննություն կարող են հանձնել նաև այն դիմորդները, որոնք թեև ստացել են բավարար միավոր բուհ ընդունվելու համար, սակայն ցանկանում են իրենց ուժերը կրկին փորձել՝ առավել բարձր միավորներ հավաքելու համար։
«Հաճախ թյուրընկալում էր լինում, որ մրցույթը բուհերում երկու անգամ է կազմակերպվելու, բայց կարգով միայն հնարավորություն է տրվում միասնական քննություն հանձնել։ Մրցույթը, ինչպես միշտ, լինելու է մեկ անգամ, ամառվա ընթացքում՝ հունիսին դիմորդները հանձնելու են ընդունելության քննություններ, և մինչև հուլիսի 15-ը կամփոփվեն ընդունելության քննությունների արդյունքները»,- նշեց նա։
Կարգում էական այլ փոփոխություններ չեն եղել։ Միակ փոփոխությունները կապված են ընդունելության քննության տեսակների հետ։ Նախկին կարգավորմամբ՝ քննությունները միասնական, ներբուհական և կենտրոնացված էին, նոր կարգավորմամբ՝ ընդունելության քննությունները երկու տեսակի են՝ միասնական և ներբուհական։
«Ներբուհական քննությունները հիմնականում արվեստի բնագավառի քննություններն են, որոնք իրականացնում, կազմակերպում են բուհերը։ Միասնական քննությունները ավանդաբար հանրակրթական առարկաների քննություններն են, որոնք կազմակերպում, իրականացվում են գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից»,- նշեց նա։