ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԶԳԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականների մրցախաղի իսպանացի մրցավարը հայաստանցիներին ստիպեց իրենց մաշկի վրա զգալ անարդարության զգացումի եւ դրա դեմ պայքարելու անկարողության ողջ դառնությունը: Իրականում իսպանացի մրցավարն իրեն պահեց հայաստանյան  արդարադատությունն իրականացնողների պես, այն տարբերությամբ, որ իսպանացին ցավ պատճառեց բոլոր հայաստանցիներին, իսկ դատավորներն այդպես են վարվում միայն նրանց հետ, ովքեր ընկնում են արդարադատության ձեռքը: Դատական համակարգում  դատավորների անաչառության պակասի  մասին խոսում են հատկապես նախկին դատավորները պաշտոնաթողության «քավարանից» անմիջապես հետո` բացեիբաց հայտարարելով, որ դատավորներին թույլ չի տրվում լինել անաչառ եւ  իրականացնել իրական արդարադատություն: Իհարկե, չենք կարող վստահ լինել, որ իսպանացի մրցավարի անարդարությունը կապված է ֆուտբոլի ոչ կատարյալ կանոնների հետ, եւ պնդել, որ պետք է հանձնաժողով ստեղծել ֆուտբոլի կանոնները փոխելու համար: Ուղղակի այդ մարդու պատկերացումներն անաչառության եւ արդարության մասին համընկան հայկական տարբերակին: Հետեւաբար  մեր բարձրաստիճան այրերին եւ դատական համակարգի ղեկավարներին խորհուրդ կտայինք հիշել, որ երբ պատվերների իջեցմամբ նսեմացնում են անաչառություն եւ արդարություն կատեգորիաները, իրենց  հասցեին էլ հնչում են այն նույն արտահայտությունները, որոնք հնչեցին իսպանացի մրցավարի հասցեին: Հետեւաբար գրոշի արժեք չունեն արդարադատության որակի վերաբերյալ դրամաշնորհներով անցկացվող սեմինարներն ու նախագահականի  խորհրդակցությունները, եթե դատավորների պատկերացումներն արդարության ու դատավորի անաչառության վերաբերյալ սահմանափակվում են «օրենքի վատ» լինելու եւ նոր՝ «լավ օրենք» գրելու գաղափարներով: Անաչառությունը եւ արդարությունը մտածողություն են եւ առաջին հերթին բարոյականություն, որը չգրված օրենքով է կարգավորվում:Այնպես որ, արժե մտածել` միգուցե փորձե՞ք ձեռնպահ մնալ իջեցված պատվերը չկատարելու դեպքում դատավորին անպայման պատժելու գայթակղությունից ու թույլ տաք` արդարադատությունը թեկուզ վատ, բայց օրենքով իրականացվի:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս