Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ «պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»:
Այդ մասին ասված է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում, որի հայերեն` մոտ հինգ էջից բաղկացած ծավալուն տեքստը ամբողջությամբ հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում:
Փաշինյանն ու Պուտինը նաև պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։
Ներկայացնենք մի քանի դրույթներ.
Փաշինյանի ու Պուտինի ծավալուն հայտարարությունում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին որևէ խոսք առկա չէ, փոխարենը խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտության մասին։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները նաև անդրադարձել են «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրմանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում, ընդգծել են հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափին՝ նշելով դրա հաջող մեկնարկը:
Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարության ծավալուն մասը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Նշվում է նաև, որ Պուտինը ընդունել է Փաշինյանի հրավերը՝ այս տարվա երկրորդ կեսին Երևանում մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Մանրամասները` տեսանյութում: