
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը՝ ռուս դիվանագետներով և առևտրային ներկայացուցչության աշխատակիցներով, որոնց արտաքսման մասին հայտարարել էր Ճապոնիան, թռչել է Տոկիոյից։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Ճապոնիայում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինը երախտագիտություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար և Տոկիոյի քայլն անվանել կամային, ոչ բարեկամական և քաղաքականացված։
Ապրիլի սկզբին Ճապոնիան հայտարարել էր 8 ռուս դիվանագետի և առևտրային ներկայացուցչության աշխատակցի արտաքսման մասին։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան, բացատրելով այդ որոշումը, հայտարարել էր, որ այն պայմանավորված է Ուկրաինայում տիրող իրադրությամբ։
Նշվում է, որ հեռացած դիվանագետներից շատերն աշխատել են տեղեկատվության հավաքման ու վերլուծման ոլորտում։