ArmLur.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն, անդրադառնալով լրագրողների օրերս հնչեցրած ահազանգին, հայտնեց, որ հանդիպել է նախագծի հեղինակներից մեկի հետ եւ կոնկրետ հարցեր են առաջ քաշել:
Ինչպես հայտնի է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությամբ: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ պետական մարմինը կարող է իր որոշմամբ լրագրողին զրկել այդ կառույցի հավատարմագրից:
Բանն այն է, որ այժմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:
Եվ աժմ պատգամավորներն առաջարկում են ամրագրել դրույթ, ըստ որի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:
Սա իշխանությունների կողմից հերթական քայլն է լրատվամիջոցների դեմ եւ այդկերպ փորձ է արվում բարդություններ ստեղծել անցանկալի լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Գովազդը սահմանափակելու վերաբերյալ բազմաթիվ նախագծերից հետո իշխանական խմբակցության պատգամավորներն այժմ էլ անցել են ոչ ցանկալի լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն:
Քնար Մանուկյան