ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկում տեղի կունենա: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աշխատանքային քննարկումը տեղի կունենա ապրիլի 22-ին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք նաեւ, որ ընկերությունը հունվարի 13-ին հանձնաժողով էր ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: Այն, պարզվում է, արդեն ուսումնասիրվել է հանձնաժողովի աշխատակազմի կողմից:
Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ, բայց ՀԾԿՀ-ն իր հերթին առաջակում է սահմանել 500 դրամ: Իսկ, ահա, 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն՝ հակառակը առաջարկում է սահմանել 1350 դրամ:
Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկում է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ: Իսկ ահա ՀԾԿՀ-ն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 139 դրամ:
Ի դեպ, արձանագրենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախորդ տարվա փետրվարի 1-ից մի շարք ծառայությունների գներ արդեն բարձրացրել էր:
Ս.Հ.