ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի շնորհիվ Դոնբասում խաղաղություն կհաստատվի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այդպես էլ կլինի», – ասել է Պուտինը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» հարթակի խորհրդի նիստում՝ ի պատասխան մասնակիցներից մեկի համապատասխան ցանկության։
Խոսելով ռազմական հատուկ գործողության մասին՝ պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն կգործի և կհասնի մի իրավիճակի, երբ Դոնբասում կյանքը աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն։
Պուտինը նաև ասել է, որ Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունը Ռուսաստանին ստիպել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում։
«Դոնբասում, այդ թվում՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգությունն էր, որ պարզապես ստիպեց Ռուսաստանին սկսել այս ռազմական գործողությունը, ինչի մասին այսօր բոլորը քաջատեղյակ են»,- ասել է նախագահը։