Երթևեկությամբ ծանրաբեռնված ավտոաճանապարհներին «դրիֆտ անելը» խուլիգանություն է. դատարանը հաստատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կ. Խալաթյանն իր քրոջ անվամբ հաշվառված՝ «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմերուկում, մոտ երկու րոպե ավտոմեքենան վարել է օղակաձև խաչմերուկի շրջանում՝ անկանոն արագությամբ, ուղղություններով և կտրուկ արգելակումներով, ինչպես նաև կողային դիրքով՝ երկու անիվների վրա՝ այդ կերպ ոտնահարելով համակեցության ընդհանուր կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների, երթևեկության մասնակիցների նկատմամբ, վերջիններիս շրջանում ստեղծելով վախի և տագնապի զգացողություն: Այդ արարքների հետևանքով խաթարվել է բնականոն երթևեկությունը:

Դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ, որով իրականացված նախաքննության ընթացքում երկու անձի, այդ թվում նաև Կ. Խալաթյանին մեղարանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, համադրելով և համակցության մեջ գնահատելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն ու գործի փաստական տվյալները, գտել է, որ Կ. Խալաթյանը իր վարած ավտոմեքենայով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմերուկում կատարած գործողություններով դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Այսինքն՝ այդ գործողությունները դատարանը որակել է իբրև խուլիգանություն և 2021թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ (ԵԴ/1039/01/20) Կ. Խալաթյանին ճանաչել մեղավոր իրեն մեղսագրված արարքում: Մյուս ամբաստանյալին դատարանը ճանաչել է անմեղ, քանի որ հաստատված չի համարել նրա մասնակցությունը կատարված հանցագործությանը:

Պաշտպանության կողմը, չհամաձայնելով հատկապես Կ. Խալաթյանի արարքները խուլիգանություն որակելու առաջին ատյանի դատարանի տված իրավական գնահատականին, այդ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին՝ ամբողջությամբ համաձայնելով առաջին ատյանի դատարանի արտահայտած դիրքորոշմանը:

Այնուհետև դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը 2022թ. ապրիլի 2-ին որոշում է կայացրել այն վարույթ ընդունելը մերժելու մասին:

Այսպիսով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Վեջինս, ըստ էության, ունի ուղղորդիչ և կարևոր նշանակություն նմանատիպ այլ քրեական գործերի համար և հիմնավորում է Դատախազության այն անխախտ մոտեցումը, որ ավտոմեքենայով ճանապարհներին կատարվող նմանատիպ արարքները, որոնք հանրությանը հայտնի են առավելապես որպես «դրիֆտ անել», միանշանակ պարունակում են քրեական օրենքով
արգելված խուլիգանության հատկանիշներ և պետք է արժանանան հենց նման որակման:

Ելնելով վերոգրյալից՝ հատկապես երիտասարդ վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին, դրանց հանգուցային և երթևեկության մասնակիցների առատությամբ առանձնացող գոտիներում նմանատիպ արարքներ կատարելուց, քանի որ դրանք հանգեցնելու են քրեական պատասխանատվության:




Լրահոս