
Ապրիլի 20-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
«Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների
ներդաշնակման ապահովումը:
Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ
գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ:
Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման
գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով
կատարել է առաջադրված բոլոր կրակային խնդիրները:
Զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը
ծանոթացել է ԶՈւ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական
անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների
կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային
միջոցների հնարավորություններին: