ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 9-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող սգո սրահի բակային հատվածում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որն ուղեկցվել էր փոխհրաձգությամբ: Հինգ անձ՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
Դեռեւս նախորդ տարի հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին: Պարզվել էին միջադեպի՝ քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, տուժածներից մեկի՝ Երեւան քաղաքի 27-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի 28 տարեկան բնակիչ է: Միաժամանակ պարզվել էր, որ վերջինս դեպքի օրն իր ընկերների հետ սգո արարողությանը մասնակցելու նպատակով գնացել է նշված սգո սրահ, որի բակում հավաքված բազմության միջից ընկերների հետ միասին նրան է մոտեցել նախկինում իր հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող վերոհիշյալ 27-ամյա երիտասարդը: Միմյանց միջեւ առկա տարաձայնությունների շուրջ պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի, որի ընթացքում տարբեր տեսակի հրազեններից կողմերը կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 20 հատ 9մմ տրամաչափի պարկուճ եւ նույն տրամաչափի 5 գնդակ, 5 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ եւ նույն տրամաչափի 4 պարկուճ, 1 հատ 6.35մմ տրամաչափի պարկուճ եւ նույն տրամաչափի 1 փամփուշտ, 1 հատ 7.62X25մմ տրամաչափի պարկուճ, կրակոցներից վնասված «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել էին փորձանմուշներ, հարցաքննվել էին մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
Որոշում էր կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը նախօրեին՝ 2022թ. ապրիլի 11-ին, հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա մասնակցությամբ խափանման միջոց կալանավորումը կրկին քննարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու, զենքերի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ն. Պ.
ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ շփումները: Այս մասին գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Կարեւոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո. Եվրամիությունը աջակցում է անմիջական շփումներին եւ ներգրավվածությանը»,-երեկոյան գրել է Կլաարը: Միեւնույն ժամանակ ուշագրավ էին Մինսկի խմբի անդամ հանդիսացող ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի խոսքերը, որը հանդիպեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Արտգործնախարարությունից հայտնել էին, որ Միրզոյանն ու Ռոքֆոյը կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ «Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ եւ մերձակա հատվածներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։
ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը»,-հաղորդում է ԱԳՆ-ն: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հերթին ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահ Ռոքֆոյը եւս, ըստ ԱԽ գրասենյակի, շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Հայաստանի եւ Արցախի շուրջ կրկին ակտիվացումներ են նկատվում, իսկ ՀՀ արտգործնախարար Միրզոյանը երեկ էլ խոսել է Ադրբեջանի ԱԳ Ջեյհուն Բայրամովի հետ։
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Խարկովում եւ Մարիուպոլում իրավիճակը շարունակում է ծանր մնալ. դրանք շրջափակման մեջ են: Ուկրաինայի հայերի միությունից ArmLur.am-ին հայտնում են, որ այդ հատվածներում շարունակվում են եւ՛ օդային, եւ՛ ցամաքային բախումները, եւ մարդիկ փորձում են այդտեղից դուրս գալու ուղիներ փնտրել: Միեւնույն ժամանակ արդեն հանգիստ է Կիեւում, եւ հրթիռակոծություն չկա: Արդեն մեկ շաբաթ է, ինչ այնտեղ խաղաղ է, հոսանքի խնդիր չկա, սկսել է աշխատել անգամ հասարակական տրանսպորտը: Եվ դա է պատճառը, որ այնտեղ բնակվողներից շատերը սկսել են վերադառնալ իրենց տները: Միեւնույն ժամանակ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, Զապորոժիե մարզի մի հատվածում պատերազմը շարունակվում է: Հավելենք, որ Ուկրաինայում պատերազմի 48-րդ օրն է։ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Ուկրաինայում գարնանային զորակոչը եւ զորացրումը։
ԴՊՐՈՑՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիսի գյուղի դպրոցը միջնակարգի կարգավիճակ ունի 1991 թվականից։ Ներկայումս 93 աշակերտ ունեցող կրթօջախն այս տարվա սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարում, առաջին դասարան չի ունենա։ 2022 թվականի սեպտեմբերին Բաղանիս գյուղից առաջին դասարան պետք է հաճախի մի աղջիկ, որի ծնողը դեռ չի որոշել՝ իր երեխային հարեւան գյուղի՝ Ոսկեվանի միջնակարգ, թե Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոց է ուղարկելու։ Հայաստանի անկախության տարիներին ավելի քան 800 բնակիչ ունեցող Բաղանիս գյուղից արտերկիր, Երեւան, Հայաստանի այլ բնակավայրեր գաղթ է եղել։ Գաղթի պատճառներից հիմնականն այն է, որ Բաղանիսի վարելահողերի, խոտհարքների, արոտավայրերի մեծ մասը գտնվում է սահմանագոտում՝ ադրբեջանական զինուժի նշանառության տակ, գյուղի բնակիչների զգալի մասը հնարավորություն չունի դրանցից օգտվելու, հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելու։ Դրան գումարվում է ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծությունների եւ գնդակոծությունների վտանգը։ Բաղանիս գյուղի դիրքն այնպիսին է, որ բնակավայրը գտնվում է ձորում, ցածրադիր դիրք ունի, բնակավայրի արեւելյան կողմը գրեթե ամբողջությամբ խոցելի է հանդիպակաց բարձունքում տեղակայված ադրբեջանական հենակետերից կատարվող ոտնձգություններից։ 1992-94 թվականներին այդ հենակետերից ադրբեջանական զինուժի հրետակոծությունների հետեւանքով Բաղանիսում զոհվեց գյուղի խաղաղ 3 բնակիչ։ Ճշմարիտ է նաեւ այն, որ Տավուշի սահմանագոտում գյուղեր կան, որոնցից արտագաղթն ավելի մեծ է եղել, քան Բաղանիս գյուղից։
ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ ԱՂԲԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը հայտնեց, որ Բերդի համայնքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցությամբ ձեռք է բերել աղբատար 3 ավտոմեքենա։ Աղբատարները ձեռք են բերվել 2021 թվականին մեկնարկած, այժմ շարունակվող «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության եւ գյուղատնտեսության աջակցություն» ծրագրի շրջանակում։ Համայնքի ղեկավարի տեղակալի վկայությամբ՝ նոր աղբատարների աշխատանքի շնորհիվ էապես բարելավվի Բերդ քաղաքի եւ խոշոր համայնքի մաս կազմող գյուղերի աղբահանության վիճակը։ Աղբատարները կսպասարկեն Բերդ խոշոր համայնքի շուրջ 31 հազար բնակչի։ Սամվել Հովսեփյանը հավելեց, որ ավելի վաղ ձեռք է բերվել 150 հատ մետաղական աղբաման, որոնք նույնպես նպաստել են համայնքում աղբահանության աշխատանքների բարելավմանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ