Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաեւ խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն Ազգային Ժողովում նիստում ներկայացրեց համահեղինակ Գեւորգ Պապոյանը: Նա հիշեցրել է, որ կառավարության նպատակներից է շարունակաբար եւ հետեւողականորեն պայքարել խաղամոլության դեմ: «Նախագծի հիմնական թիրախը այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում, բայց միեւնույն ժամանակ խաղաղամոլություն ունեն, որի հետեւանքով նրանց եւ նրանց ընտանիքների սոցիալական վիճակը շարունակաբար է՛լ ավելի է վատանում: Նախագծով որոշակի սահմանափակումներ են իրականացնում»,-ասել է Պապոյանը: Ներկայում Հայաստանում խաղադրույքներ հնարավոր է իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողով եւ անկանխիկ, այսինքն՝ բանկային հաշիվների միջոցով:
«Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա: Այնուհետեւ՝ 6 ամիս հետո, դուրս կգա նաեւ էլեկտրոնային փողով վճարելու եղանակը: Եվ մնում է միայն բանկային հաշվով, այսինքն՝ միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը: Այսինքն` օրենքն ընդունելուց հետո բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լինելու լիցքավորել միայն էլեկտրոնային փողի հաշվից կամ բանկային հաշվից, իսկ 6 ամիս հետո՝ միայն բանկային հաշվից»,-ասել է պատգամավորը:
Պապոյանի փոխանցամբ՝ մի շարք քաղաքացիներ բանկային հաշիվներ չունեն եւ չեն էլ ուզում ունենալ: Պատգամավորը նշեց, որ հաճախ քաղաքացիները պարտվում են այն գումարները, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում: Ըստ նրա՝ փոփոխության արդյունքում էականորեն սահմանափակում են քաղաքացիների անարգել, հեշտ խաղալու հնարավորությունները: Պատգամավորը կոչ է անում այդ գումարները ծախսել ընտանիքների սոցիալական բարեկեցության, կրթության եւ այլ հարցերի ուղղությամբ:
Ըստ նրա՝ խաղադրույքների շրջանառությունն անընդհատ փոխվում է: «Եթե մի քանի ամիս առաջ՝ մեկ այլ օրենքի քննարկման ժամանակ, այստեղ ասում էինք, որ Հանրապետությունում շրջանառվող խաղադրույքների գումարը 3.2 տրլն դրամ է, ապա մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով դարձել է 3.9 տրլն դրամ»,- ասել է պատգամավորը: Սերգեյ Բագրատյանն էլ հավելել է, որ այս պահին այդ աղետը կանխելու բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործեն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարող են «ապառիկ» խաղադրույքն արգելել, երբ երիտասարդները, պատանիները խաղադրույք են կատարում՝ հետո վճարելու պայմանով, ինչը հաճախ բերում է ողբերգության, տներ են վաճառում անգամ:
Պապոյանն էլ ասել է, որ օրենքի նախագիծը էականորեն կսահմանափակի նաեւ նման իրավիճակների ի հայտ գալը: «Բուքմեյքերական հաշիվ ունենալու համար չափահաս լինելը պարտադիր է, բանկային հաշիվ ունենալու համար եւս կա տարիքային շեմ, հետեւաբար անչափահասների մասնակցությունը հնարավոր չի լինում»,-ասել է նա:
Ն. Պ.
ՍԱՐՔ Է ԳՆԵԼ
ՀՀ վարչապետի աշխատակազմը փաստաթուղթ ոչնչացնող սարք է գնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սարքի համար պետական միջոցներից ծախսվել է 1 մլն 674 հազար դրամ գումար: Վարչապետի աշխատակազմը պայմանագիր կնքել է «Սմարթկայն» ընկերության հետ մարտի 30-ին: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ վարչապետի աշխակազմը պահանջել է, որպեսզի մանրացնող սարքը հարմար լինի մեծ քանակությամբ փաստաթղթեր մանրացնելու, շարունակական աշխատանքային գրաֆիկով կանոնավոր օգտագործման համար, օրական մինչեւ 5000 թերթ մանրացնելու հնարավորությամբ:
Ս.Հ.
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ապրիլի 19-ին կկայանա Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստը: Armlur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ներառված է 19 հարց, օրինակ՝ օրակարգում է Նուբարաշենի 13-րդ փողոցը «Նոր Զմյուռնիա» անվամբ անվանակոչելու մասին հարցը: Բացի այս, Երեւանի Մայիսյան փողոցը Խորեն Աբրահամյան փողոց անվանափոխելու մասին հարց եւս կա ներառված օրակարգում: Մեզ հայտնի դարձավ, որ մի քանի ընկերությունների կտրվի ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք: Օրինակ՝ օրակարգում «Ալեքսանդր Հոթել»-ին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարց կա: Նաեւ օրակարգում ներառված է «Երեւանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին հարցը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 եւ 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաեւ ուսումնական տարվա ավարտի ժամկետը: Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ՝ 2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով, ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ, եւ 34՝ 3-12-րդ դասարանների համար:
13 ԴԵՊՔ
Հայաստանում ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 691 դեպք, որից 410 հազար 365-ը` առողջացած, 8621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2025 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք, առողջացել է 24 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 3 հազար 171-ի:
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ԴԵՊԻ ԴԱԴԻՎԱՆՔ
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք։ «Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որեւէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը։
ՀԱՅՀՈՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Էդիկի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հրապարակային եղանակով հայհոյել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: