ՓՈՂՈՑԱՅԻՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ Երեւանում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգմամբ կզբաղվի Երեւան համայնքի ավագանին:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է առաջարկում հանրային վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները վերապահել Երեւան քաղաքի ավագանուն: Արդյունքում կսահմանի Երեւանում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը:

Բանն այն է, որ անհատի կողմից հանրային վայրերում, բացօթյա տարածքներում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների:

Այն կարող է անհարմարություն պատճառել Երեւանի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաեւ խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:

Ավելին, պարզվում է՝ այս խնդիրը չի կանոնակարգվում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:

ArmLur.am-ը շրջել է Երեւանի կենտրոնում, զրուցել փողոցային անհատ կատարողների հետ՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում քաղաքապետարանի նոր առաջարկին:

Օրինակ՝ Արտավազդ Ոսկանյանի կարծիքով, որն արդեն երկար տարիներ է, ինչ  երգում եւ նվագում է Կարապի լճի շրջակայքում, եթե նման որոշում լինի, ապա երկրից ստիպված կարտագաղթի, քանի որ սա է միակ միջոցը, որով նա գումար է վաստակում եւ ընտանիք պահում:

«Արդեն երկար տարիներ է, ինչ այստեղ երգում եմ, դեռ ոչ մի հատուկ բողոք չի եղել իմ հասցեին, բացի մեկից: Օրեր են եղել՝ գիշերը մինչեւ  երեքը չորսը երգել եմ, բայց այնքան մարդ է եղել դրսում, չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կարող էի խանգարել: Հիմա ես երգում եմ մինչեւ գիշերը  տասը-տասնմեկը: Ես դեմ չեմ, թող վերահսկողություն սահմանեն, հատուկ ժամանակացույց, կոնկրետ ժամեր, բայց որ արգելեն… Ես ամառ-ձմեռ նույն տեղում երգում եմ, կարողանում եմ այնքան վաստակել, որ իմ երեք տարեկան երեխային պահեմ»,-ասաց նա:

Իսկ Հյուսիսային պողոտայում հայտնի գիթառիստի խոսքով՝ քաղաքապետարանը պետք է իրենց համապատասխան ստատուս տա, հետո նոր պահանջներ դնի իրենց առաջ:

«Հյուսիսային պողոտայում առաջինը ես եմ սկսել  նվագել եւ որեւէ անգամ բնակիչների կողմից դժգոհություններ չեմ լսել: Ես համաձայն եմ, թող կանոնակարգեն, բայց թող մեզ էլ ստասուս տան»,-ընդգծեց նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆ»

Նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կտավը Burbank Art Association-ի աջակցությամբ կցուցադրվի Գլենդելում:

 

Ցուցադրությունը կտեւի մինչեւ ապրիլի 29-ը  GEO պատկերասրահում։

«Շատ ուրախ եմ, որ այս բարդագույն ժամանակներում Burbank Art Association-ը ներկայացնում է խաղաղության կոչ արտահայտող իմ այս կտավը։ Նկարում պատկերված է աղավնի, կտավի գույները համապատասխանում են Ուկրաինայի դրոշի գույներին, իսկ աղավնու գլխավերեւում Աստվածաշնչից տողեր են, որոնք մեզ հիշեցնում են նոր սկզբի եւ նոր կյանքի մասին: Հուսով եմ, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կհաստատվի»,-նշում է Քրիստինա Օգանեզզը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բացվեց Օգանեզզի աշխատանքների ցուցահանդեսը։ ԱՄՆ-ում պարբերաբար տարբեր պատկերասրահներում ներկայացվում են նկարչուհու գործերը՝ գրավելով մարդկանց ուշադրությունը։ Քրիստինա Օգանեզզը Հայաստանի նկարիչների միության պատվավոր, Լոնդոնի Visual Artists Association-ի, ԱՄՆ-ի Portrait Association-ի եւ Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է: Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական եւ խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս: Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական եւ թանգարանային հավաքածուներում: Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երեւանի պատմության թանգարանում: 2020 թվականին Օգանեզզը Շառլ Ազնավուրի դիմանկարի համար Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի:

 

 

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 70 միլիոն եվրո միջնորդավճար է առաջարկել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլային: Մանչեսթերյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր 30 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով, սակայն Էրլինգ Հոլանդը սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին եւ դեռ դրական պատասխան չի տվել «Մանչեսթեր Սիթիին»։ Էրլինգ Հոլանդի համար «Բորուսիան» 2020թ. հունվարին 20 միլիոն եվրո է վճարել ավստրիական «ՌԲ Զալցբուրգին»։ Այս ամռանը գերմանական ակումբը պետք է վաճառի նրա տրանսֆերը, եթե ստանա 75 միլիոն եվրոյից սկսվող առաջարկ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 14 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 3 խաղում նա խփել է 3 գոլ։ Transfermarkt-ը Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

 

 

ՁԵՌՔ ԿԲԵՐԻ

«Բարսելոնային» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշին: 22-ամյա ֆուտբոլիստը 2019-ին է պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ժոաու Ֆելիշը մասնակցել է 23 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ հավանում է Ֆելիշի խաղը եւ հնարավորության դեպքում ձեռք կբերի նրան։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ 9 ԾԱՆՐՈՐԴՈՎ

Հայաստանի ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը կմասնակցի 9 ծանրորդով: Միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում Հայաստանից ԱԱ-ին կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ): Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը կկայանա հունական Հերկլիոն քաղաքում մայիսի 2-10-ը:




Լրահոս