Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին. ինչ հարցեր է բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ:

«Ներկայացնելով իմ գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ նշել եմ, որ հատկապես պատերազմից հետո ինձ համար առաջնահերթ են սահմանամերձ համայնքների բնակիչների եւ արցախահայության իրավունքները, որոնք պարբերաբար ոտնահարվում են, եւ մարդիկ զրկվում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից: Դեսպանին տեղեկացրել եմ, որ թե՛ սահմանամերձ բնակիչների իրավունքների խախտումների, թե՛ Հայաստանի ներսում իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ պարբերաբար նամակներ եմ ուղարկում դեսպանություններին եւ միջազգային կառույցներին՝ ակնկալելով հրապարակային արձագանք այդ դեպքերի առնչությամբ եւ որ վերջիններիս արձագանքը սթափեցնող է:

Ընդգծել եմ նաեւ, որ մշտապես իմ ուշադրության կենտրոնում են զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը, որոնց հետ կապված՝ օրենսդրական փոփոխություններ եմ նախաձեռնում:

Պրն. Սխերմերսի հետ քննարկել ենք տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները: Միջազգային աշխատանքային փորձի ուսումնասիրման տեսանկյունից կարեւորել եմ պատգամավորների, ԱԺ փորձագետների, ինչպես նաեւ լրագրողների համար փորձի փոխանակման ծրագրերը, Հայաստանի եւ Նիդերլանդների խորհրդարանների հարաբերությունների սերտացումը եւ պատրաստակամություն հայտնել իմ լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացին:

Առանձնացրել եմ նաեւ սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ դեսպանությունը ծրագրային առաջնահերթություն տալիս է օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը»,- գրել է Թագուհի Թովմասյանը:




Լրահոս