ՄԵՐ ԳԵՐԽՆԴԻՐԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեմադրիչ, ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երեւան քաղաքի խնդիրներին, նոր քաղաքապետի գործունեությանը եւ այլ հետաքրքիր հարցերի:

 

«Առաջինը՝ կցանկանայի ապրել անվտանգ երկրում: Այսօրվա մեր  գերխնդիրը անվտանգությունն է, ոչ ոք,  վստահ եմ, հանգիստ չի քնում, միտքը հանգիստ չի, որ կարող է արթնանալ մի այնպիսի իրավիճակում, որ ուղղակի սարսափելի լինի: Մայրաքաղաքը պետք է տարածվի ամբողջ երկրով: Մեզ մոտ ամեն ինչը կենտրոնացված է մայրաքաղաքում՝ Երեւանում: Մեր երկիրը հավասարաչափ չի զարգանում: Մեր երկրորդ եւ երրորդ քաղաքները շատ-շատ են տարբերվում մայրաքաղաքից, ինչը ահավոր է: Ես կարծում եմ, որ շատ լուրջ գերատեսչություններ կարելի է տեղափոխել այլ քաղաքներ, փորձել զարգացնել նաեւ այդ քաղաքները: Մեզ մոտ ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում: Ես իմ հաղորդումների մեջ եւ իմ ֆեյսբուքյան էջում բազմիցս անդրադառնում եմ Հայաստանին, մասնավորապես՝ Երեւանին: Լինում են դեպքեր, երբ կոնկրետ դիմում եմ քաղաքապետարանին, թաղապետարաններին, Առողջապահության նախարարությանը: Արդեն մի քանի տարի է, ինչ մենք  անգրագետ ձեւով ենք պայքարում ձյան եւ սառույցի հետ: Տուֆ ենք շաղ տալիս ամբողջ Երեւանում, ինչը բացարձակ անգրագիտության դրսեւորում է: Հիմա աշխարհում շատ լուրջ սարքավորումներ կան ձյան եւ սառույցի դեմ պայքարելու: Առողջապահությունն ընկել է ինչ-որ աղամանների հետեւից կամ ինչ-որ այլ անհեթհեթ բաների հետեւից, բայց չի հասկանում, որ մեր առողջությունը կախված է հենց այդ սխալ գործողություններից»,-ասաց նա:

Սուրեն Շահվերդյանի խոսքով՝ Երեւանի նոր քաղաքապետն անընդհատ խիստ տոնով խոսում էր ինչ-որ նանոտեխնոլոգիաների մասին, բայց կարծում է, որ կարելի է այդպես խիստ նաեւ աշխատել՝ ի նպատ քաղաքի:

«Երբ տեսում եմ նրա ելույթները, որ անընդհատ ինչ-որ մեկին նկատողություն է անում. իսկ ի՞նչ է փոխվել քաղաքում: Ես ամեն օր Տերյան փողոցով անցնում եմ եւ տեսնում եմ, որ Տերյանի ամենավերեւի հատվածում ինչ-որ լուրջ շինարարություն  է սկսվել: Փողոցը, սարը քերվել է այնպես, որ փողոցը դարձել է անանցանելի: Ես վերջին մի քանի տարվա ընթացքում չտեսա մի  քաղաքպետ, որն իսկապես հզոր անձնավորություն ու մարդ է եւ ձեռքը խփում է  սեղանին եւ ասում, որ պետք է լինի այսպես, պետք է լինեն նորմատիվներ: Մեզ վերջապես ճաշակով քաղաքապետ է պետք»-հավելեց նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԵՄ ԿԲԱՐՁՐԱՆԱ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՕՊԵՐԱՆ

Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կբարձրանա Չարենցի «Սոմա» պոեմի հիման վրա գրված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. կրակե օղակ» երկու գործողությամբ օպերան: Արվեստասերներն օպերան վայելելու հնարավորություն կունենան այսօր՝  ապրիլի 14-ին:

 

Ներկայացման երաժշտական ղեկավար եւ դիրիժոր, օպերային թատրոնի տնօրենի ժ/պ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը հիշեցնում է՝ օպերան առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին, եւ այս տարի լրանում է ստեղծագործության 55-ամյակը: «Մեր թատրոնն սկսել է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին բեմահարթակ տրամադրելու գործընթացը, քանի որ լավ թատրոններում տարեկան գոնե երկու անգամ պետք է ժամանակակից  երաժշտություն հնչի, որ  հնարավոր լինի սերունդներին ցույց տալ, թե ինչպես են մտածում այսօրվա պոետն ու կոմպոզիտորը»,-շեշտում է Դուրգարյանը: Նա խոստովանում է՝ «Սոմա. կրակե օղակ»-ը բավականին բարդ ստեղծագործություն է: Թատրոնի բեմում կլինի մոտ հարյուր արտիստ, մեծ նվագախումբ: Առաջին անգամ կփորձեն լիարժեք ցույց տալ օպերային թատրոնի տեխնիկական հնարավորությունները: «Այստեղ երգչախումբը հանդես է գալիս իբրեւ արտիստ, շարժող ուժ: Տերտերյանը համարվում է տիեզերական երաժշտության հեղինակ, եւ մենք նաեւ լուսային լուծումներով ենք դա ցույց տալու: Կլինի ֆիլմ, լուսային ռեժիսուրա, ռեժիսուրա»,- նշում է Կարեն Դուրգարյանը:

Ըստ դիրիժորի՝ կարծես թե արվեստը, երաժշտությունը պետք է ընկալելի լինեն, բայց ոչ բոլորն են կարող Փարաջանովի, Տարկովսկու ֆիլմերը հաճախ նայել, որովհետեւ հեղինակային են: Նույնը կարելի է  ասել նաեւ Տերտերյանի երաժշտության մասին, որը ժամանակին հեղափոխական է համարվել, որն ինտելեկտուալ է ու մտածելու առիթ է տալիս: Դուրգարյանը տեղեկացնում է՝ նկարահանելու են ներկայացումը եւ տեսագրությունը  ցուցադրելու են տարբեր թատրոններում, քանի որ ազգային ներկայացմամբ հնարավոր է զարմացնել աշխարհին:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՏԵՍՈՒՉ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի «Ատալանտա» (Իտալիա)-«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) պատասխան հանդիպման մրցավարների տեսուչ: «Ատալանտա»-«ՌԲ Լայպցիգ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին Բերգամոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1։1։

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը։ Արքայական թիմը Մադրիդում 2։3 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսիին», սակայն Անգլիայում հաղթել էր 3։1 հաշվով։ «Բարդ է հավատալ այս արդյունքին։ Մինչեւ մեր առաջին գոլը մենք խաղից դուրս էինք։ Չեմ կարող ասել, որ վատ խաղացինք, բայց «Չելսին» գերազանց օգտագործեց իր հնարավորությունները՝ իրացնելով գոլային պահերը։ Լոնդոնում տարած հաղթանակից հետո էլ մենք գիտակցում էինք, որ շատ դժվար է լինելու։ «Չելսին» ամենաբարդ մրցակիցն էր»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է AS-ը։

 




Լրահոս