Armenian text to speach

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին դիսկուրսն օրակարգ բերելուց հետո հայաստանյան ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ գրեթե ամբողջ հասարակությունը տարակուսած է՝ ինչ է լինելու Արցախի հետագա ճակատագիրը: Ի տարբերություն ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ պատգամավորները, իրար հերթ չտալով, վարչապետին «անկեղծ լինելու» համար շնորհակալություն էին հայտնում, իսկ Արցախի ԱԺ-ն երեկ Արցախը Ադրբեջանի կազմում բացառելու մասին հայտարարություն ընդունեց: Ոչ միայն Արցախի պատգամավորները, այլեւ հայաստանյան քաղգործիչները, քաղաքագետներն ու մարդիկ առհասարակ հարց են բարձրացնում՝ եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ է լինելու Արցախում խաղարար առաքելություն իրականացող ռուս խաղաղապահ զորքի հետ: «Եթե արտաքին քաղաքական վեկտոր եք ցանկանում փոխել, այդպես էլ ասեք»,- ՀՀ վարչապետին է դիմում Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Արցախում (եւ ոչ միայն) Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանից հրաժարվելու ակնարկ են ընկալել, իսկ եթե դա այդպես է, ապա պետք է հասկանալ՝ որն է լինելու Ռուսաստանի արձագանքը: Փաստ է, որ Ռուսաստանը որեւէ տարածքից, որտեղ որ ներկայացվածություն ունի, որեւէ մեկի քմահաճույքով կամ հայտարարությամբ ձեռքերը պարզապես չի լվանում ու հեռանում: Օրինակ՝ Մերձդնեստրում, որտեղ ռուս-մոլդովական հակամարտությունը վաղուց սառեցված է, ավելի քան 3000 ռուս խաղաղապահներ շարունակում են իրենց առաքելությունը: Փաշինյանի ոչ միանշանակ հայտարարություններից ու Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությունից հետո տրամաբանական է, որ պաշտոնական Մոսկվան իրավիճակի մասին պարզաբանումներ է պահանջելու՝ հրապարակավ, թե կուլիսային, դա հարցի 2-րդ կողմն է:

 

 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր նախագծով՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» անվամբ: Նախագծով հիմնական զեկուցողը լինելու է խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նախագծում մանրամասն ներկայացված է, թե ընդդիմադիր խմբակցությունը ինչպես է տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան։ Նրանք ընդգծում են, թե այս կարգավորումների հարցում պետք է իր դերակատարումը ունենա նաեւ խորհրդարանը: Նախագծում նշվում է. «Կայուն խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում ազգային պետական շահերի գերակայությունն ապահովելու Հայաստանի հանձնառությունը. անհրաժեշտ է առաջնորդվել կենսական զիջումները բացառող եւ հայության հավաքական կամքն արտահայտող փաստաթղթերով ամրագրված իրավաքաղաքական նպատակադրումներով: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել եւ ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը»: Հավելենք, որ առաջիկայում կրկին սպասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հերթական հանդիպումը բանագնացների միջեւ. այս անգամ այն կանցկացվի Վիեննայում:

 

 

 

Իրավապահ համակարգը խիստ մտահոգված է: Պատճառն այն վիճակագրությունն է, որ գրանցվել է 2022 թվականի առաջին եռամսյակում: Բանն այն է, որ իրավապահ համակարգն ապօրինի զենք-զինամթերքի հավաքագրման գործընթացում ուշագրավ իրավիճակի հետ է բախվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին վիճակագրությունից տվյալներ են հայտնի դարձել, որ 2021 թվականի ողջ տարվա ընթացքում քաղաքացիների մոտ ոստիկանության կողմից իրականացված ստուգումների, խուզարկություների արդյունքում հայտնաբերել է մոտ 700 միավոր զինամթերք, իսկ, ահա, դեռ տարին նոր է սկսվել, ու այս երեք ամսվա եւ 14 օրվա ընթացքում հայտնաբերվել է մոտ 517 միավոր զինամթերք: Ասել է թե՝ տարին նոր է սկսվել, եւ արդեն ցուցանիշը մտահոգության տեղիք է տվել իրավապահ համակարգում, եւ այս ցուցանիշից հետո որոշել են ուժեղացված ծառայությունները կրկին շարունակել։ Եվ չնայած արցախյան պատերազմից մեկ տարի է անցել, սակայն շատերի մոտ դեռ առկա է Արցախից բերված զինամթերքը, որոնք նրանք հրաժարվում են հանձնել, եւ արդյունքում վիճակագրությունն այսպիսին է:

 

 

 

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 56 մլն 102 հազար դոլար: Նկատենք, որ, հունվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 645 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փետրվարին տրանսֆերտները շարունակել են հունվար ամսվա համեմատ ավելանալ, բայց նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ՝ դրանք բավականին նվազել են: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը փետրվար ամսին կազմել է 46 մլն 96 հազար դոլար։ Այս ցուցանիշը, ե՛ւ 2021 թվականի դեկտեմբեր, ե՛ւ այս տարվա հունվար ամիսների համեմատ, բավականին աճել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Փաստորեն, փետրվարին 28 մլն 550 հազար դոլարի չափով ավելացել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է պակասել. եթե հունվարին այն կազմել է 27 մլն 623 հազար դոլար, ապա փետրվարին դարձել է 19 մլն 202 հազար դոլար: Տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա, այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի:




Լրահոս