ՌԴ-Ն ՈՐԵՎԷ ՏԵՂ ԳՆԱԼ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեեւն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին, արցախյան հակամարտությանը եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

 

-Պարոն Միխեեւ, ինչպե՞ս եք տեսնում Ուկրաինայի ճգնաժամի լուծումը բանակցությունների ճանապարհով:

-Բանակցությունների միջոցով կարելի է շատ բանի հասնել, սակայն կան խոչընդոտներ, օրինակ՝ Ուկրաինայի ղեկավարության չկայացած լինելը: Պրոցեսը ղեկավարում են այլ մարիդկ, նրանք են հրամաններ տալիս, առավոտյան մեկ բան ասում, երեկոյան՝ մեկ այլ, իսկ վերջնական արդյունքում ամեն հարց լուծվելու է պատերազմի դաշտում:

-Եթե անդրադառնանք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, արդյոք Մինսկի խմբի գոյությունն իսկապե՞ս վտանգված է: Եվ արդյոք կարո՞ղ է ՌԴ-ն միայնակ քայլերն առաջ տանել:

-Ես ոչ մի պետական պաշտոն չեմ զբաղեցնում, չեմ ներկայացնում ՌԴ իշխանություններին: Ես գիտեմ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, սակայն ես ինչ ասում եմ, իմ անձնական տեսակետն է միայն: Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, ես իմ մասով ասեմ, որ սրտի մեծ ցավով եմ ընդունել այն իրադարձությունները, որոնք կատարվել են Արցախի շուրջ: Լավ է, որ գոնե բանակցություններ են ընթանում, սակայն  դժվար է ասել, թե դրանք ինչով կավարտվեն:

-Արդյոք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ն իրեն հեռու կպահի՞ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցերից:

-Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ: Ռուս խաղաղապահներն այնտեղ են ու ոչ մի տեղ չեն գնացել, եւ 102-րդ ռազմաբազան եւս տեղում է: Ինչ վերաբերում է ուկրաինական կրիզիսին, ապա չեմ տեսնում հիմքեր, որ այդ ամենը կարող է խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով ՌԴ-ի դերակատարմանը:  Բոլորս հասկանում ենք, որ Ուկրաինան այժմ էպիզոդ է, ՌԴ-ն որեւէ տեղ չի գնալու, Հայաստանին չի մոռանալու, եւ Կովկասը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Իհարկե, կարեւոր է, թե Ադրբեջանն ու Հայաստանը որքանով կարող են բանակցել, սակայն մենք որուէ տեղ գնալ չենք պատրաստվում: Առանց ՌԴ-ի, որեւէ բան որոշել գրեթե անհնար կլինի

-Ի՞նչ է խանգարում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն այժմ:

-Մեզ պակասում է ընդհանուր սահման, ցամաքային հաղորդակցություն: Այդ ամենը կարող էր հանգեցնել տնտեսական հարաբերությունների կարգավորման եւ ավելի ամրապնդմանը, սակայն տարբերակներ չկան, թե ինչպես այդ ամենը կարող է կարգավորվել: Հարաբերություններում շատ պետք է իշխի տնտեսությունը:

-Ինչ սկսվել է հատուկ գործողություն Ուկրաինայում, սկսվեց նաեւ հակամարտություն Արեւմուտքի հանդեպ: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն հեռու կգնան նրանք:

-Ես կարծում եմ,. որ Արեւմուտքն ավելի հեռու կգնա. դա պատերազմ է ոչնչացնելու համար, եւ իրենց առջեւ հստակ նպատակներ են դրել, սակայն չեն կարող այդ նպատակին հասնել, քանի որ ավելի վատ պահեր եւս եղել են: ՌԴ-ի վրա ազդելը միշտ բարդ է եղել, հիմա էլ է բարդ լինելու: Օրինակ՝ ասում էին՝ swift-ը անջատեն՝ ՌԴ-ն չի գոյատեւի, սակայն հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա պետք է հասկանալ, թե ինչպես պետք է նայել իրավիճակին: Փորձ է արվում նաեւ ՌԴ-ին դուրս թողնել միջազգային քաղաքականությունից, սակայն դա էլ չի ստացվի, եւ ստրատեգիական առումով նրանք չեն կարողանում հասնել իրենց նպատակին:

-Ինչպե՞ս եք տեսնում ՌԴ-Չինաստան հարաբերությունների զարգացումը, կարո՞ղ են արդյոք նրանք դաշինք կազմել՝ ընդդեմ Արեւմուտքի:

-Պետք չէ թերագնահատել կամ գերագնահատել ռուս-չինական հարաբերությունները: Չինաստանը կպատերազմի միայն ինքն իր համար: Մյուս կողմից՝ ես հաճախ եմ շփվում չինացիների հետ, եւ նրանք հասկանում են, որ կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ նրանք մեն-մենակ կմնան Արեւմուտքի դեմ: Իհարկե, այդ հարաբերությունների զարգացումը շատ դրական կլիներ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեռ չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: ArmLur.am-ը ուսումնասիրեց նրա՝ 2018, 2019 եւ 2020 թվականների տարեկան հայտարարագրերը:

 

Մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Հարությունյանի դրամական միջոցը կազմել է 1 մլն 431 հազար 633 դրամ:

Աշխատակազմի ղեկավարի ընդհանուր եկամուտը կազմել է 7 մլն 716 հազար դրամ, որից 6 մլն 48 հազար դրամը կազմել է աշխատըավարձը՝ երկու վայրից ստացած, իսկ, ահա, 1 մլն 668 հազար դրամը կազմել է ստացած փոխառությունը, վարկը: Նշենք, որ շարժական եւ անշարժ գույք ունենալու վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա նշված:  Մեկ տարի անց՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Հարությունյանի բանկային հաշվին տարեսկզբին առկա է եղել 1 մլն 231 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 4 մլն 244 հազար դրամ: Կանխիկ դրամը տարեվերջին կազմել է 1 մլն 290 հազար դրամ: 2019 թվականի հայտարարագրում նշված է, որ Արայիկ Հարությունյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից՝ 16 մլն 876 հազար դրամ, ամսական 1 մլն 406 հազար դրամ, ԵՊՀ-ից՝ 142 հազար դրամ: Նշենք, որ Արայիկ Հարությունյանի 2019 եւ 2020 թվականի տարեկան հայտարարգրերում եւս բացակայում են անշարժ եւ շարժական գույքերի վերաբերյալ տեղեկություններ, ասել է թե՝ Հարությունյանը ո՛չ տուն ունի, ո՛չ ավտոմեքենա: Միայն բանկային հաշվին առկա դրամական միջոցն է զգալի ավելացել. եթե տարեսկզբին Հարությունյանն իր բանկային հաշվին ունեցել է  4 մլն 244 հազար 686 դրամ, ապա այն տարեվերջին դարձել է 11 մլն 408 հազար դրամ: Կանխիկ դրամ ունեցել է 230 հազար դրամի չափով: Որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած սեփական աշխատավարձը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից՝ 18 մլն 838 հազար դրամ, ամսական՝ 1 մլն 569 հազար դրամ, եւ վարչապետի աշխատակազմից՝ ընդհանուր 2 մլն 85 հազար դրամ:

Արայիկ Հարությունյանի հայրը՝ Էդուարդ Հարությունյանը, հայտարարագրել է, որ մեկ բնակարան ունի Շենգավիթ վարչական շրջանում: Մայրը՝ Մարինե Աղաջանյանը, ունի 2 բնակարան եւ անհատական բնակելի մեկ տուն Շենգավիթում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՉԻ ՀԵՌԱՑՎԵԼ ՄԱԿ-ԻՑ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան, ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին արտահերթ նիստի ընթացքում կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության կասեցմանը: Այս փաստը շատերի կողմից մեկնաբանվեց այնպես, թե Ռուսաստանը հեռացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Իրականում, սակայն, սա այդպես չէ, եւ բանաձեւը իրականում կոչվում է «Ռուսաստանի Դաշնության իրավունքների կասեցումը` կապված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին անդամակցության հետ»: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Գլխավոր ասամբլեան քվեարկող անդամների երկու երրորդի մեծամասնությամբ կարող է կասեցնել Խորհրդի ցանկացած այն անդամի անդամակցությունը, որը թույլ է տալիս մարդու իրավունքների կոպիտ եւ համակարգված խախտումներ»։

Ի պատասխան այս բանաձեւի ընդունման՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդամակցության վաղաժամ դադարեցման մասին: 93 պետություն կողմ է քվեարկել, 24 պատվիրակություն դեմ է արտահայտվել, իսկ 58-ը ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը չի մասնակցել քվեարկությանը:

 

 

ԱՐԳԵԼՔԸ ՉԻ ՀԱՆՎԵԼ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ դեռեւս սահամանփակված է: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունից: Մեզ ասացին նաեւ, որ աշխատանքներ են տանում համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու համար, թե երբ է հանվելու արգելքը, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները կարողանան Ստեփանակերտ այցելել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այս շաբաթ մեկնարկած քառօրյա նիստերը խորհրդարանական «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել էին ու հայտարարել, որ Արցախ եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր են գնում: Ռուս խաղաղապահները, սակայն, նրանց թույլ չէին տվել Արցախի տարածք մտնել՝ ցույց տալով պատգամավորների անուններով մի փաստաթուղթ, որով արգելված է եղել նրանց մուտքն Արցախ:

 

 

 




Լրահոս