ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային եւ ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում: Կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով` բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ քաղաքացիներին տարկետում տրամադրվում է միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր լինելու, առարկայական օլիմպիադաներում ՀՀ առաջին կարգի դիպլոմ նվաճելու եւ բուհերի միջազգային վարկանշային սանդղակի` http://www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում կրթության հիմքով տարկետում տրվում է նշանակալի նվաճումներ ունենալու դեպքում (հաշվարկի համապատասխան մեթոդաբանությամբ` ըստ միավորների): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գեւորգյանը, մեկնաբանելով ներկայացված նախագիծը, նշում է, որ գործող ընթացակարգով օտարերկրյա առաջատար բուհերը որոշակի առաջնահերթություն են ստանում հայաստանյան բուհերի համեմատությամբ: «Մեր երիտասարդ բազմաթիվ տաղանդավոր, մեր ապագան հանդիսացող երիտասարդների ներուժն արհեստականորեն ուղղորդվում է դեպի արտասահմանյան բուհեր։ Չբացառելով, չսահմանափակելով միջազգային բուհերում կրթություն ստանալու կարեւորությունը, առավելություններն ու դրական կողմերը` այնուամենայնիվ, մեր մտավոր ներուժի էական բաղադրիչ համարվող երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը պետք է լինեն հայաստանյան բուհերը։ Սա նաեւ կնպաստի ՀՀ բուհական համակարգի զարգացմանը, քանի որ բուհերը մեր լավագույն երիտասարդների հետ աշխատելու, նրանց գիտության եւ հետազոտության ոլորտում ներգրավելու հնարավորություններ կունենան»,- նշում է Հ. Գեւորգյանը։
Անդրադառնալով հարցադրմանը, թե տարկետման՝ առաջարկվող եւ նախկինում գոյություն ունեցող համակարգերը որքանով են նման կամ ինչով են տարբերվում միմյանցից, Հ. Գեւորգյանը նշում է մի քանի կարեւոր առանձնահատկություն. «Նախագծի ընդունման դեպքում կրթության հիմքով տարկետման առաջնահերթությունը կտրվի պետության համար առաջնահերթ, ռազմավարական կարեւորություն ունեցող որոշակի մասնագիտություններին եւ համապատասխան բուհերին: Թե որոնք կլինեն նշված բուհերը եւ մասնագիտությունները, կսահմանի Կառավարությունը»:
Վարչության պետի խոսքով` տարկետման առաջարկվող իրավունքի տրամադրման մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ սովորողի ուսումնառության ողջ ընթացքի համար կսահմանվի միջին որակական գնահատականի շեմ, որը չապահովելու դեպքում տարկետման իրավունքը կդադարեցվի: Նշված բոլոր խնդիրները «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխության ընդունումից հետո կկարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով:
Քննարկվող նախագծով առաջարկվում է նաեւ կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնել, որը տարկետում ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա ուսումնառությունը շարունակելու կրթական բոլոր աստիճաններով` ապահովելով վերջնարդյունք:
Նշենք, որ հանրային քննարկման շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիան եւ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս կլոր սեղան-քննարկում են կազմակերպել առաջարկվող փոփոխության վերաբերյալ:
Ն. Պ.
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ՞, ԹԵ՞ ԿՈՇԻԿԻ «ՑԵԽԻ» ԿԱՅՔ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ «ՌԱՅՍ ԱՊ» կոշիկի արտադրամասի Դիլիջանի մասնաճյուղը փնտրում է աշխատակիցներ հետեւյալ հաստիքների համար՝ երեսամաս կարողներ, մորթի վերամշակողներ, կաշի վերամշակողներ, «զիգզագ» կարատեսակի մասնագետներ, գծանշման եւ կրկնօրինակման մասնագետներ:
Հայտարարության մեջ նշված է, որ կոշիկի արտադրամասի աշխատողների աշխատավարձը կկազմի 100-150 հազար ՀՀ դրամ, իսկ մինչ աշխատանքի անցնելն ընտրված աշխատակիցները հնարավորություն կունենան անվճար վերապատրաստվելու: Ազդում գրված է, որ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են դիմել Դիլիջանի համայնքապետարան (հեռ.՝ 0268 22585): Ի՞նչ կապ ունի Դիլիջան խոշոր համայնքի ինտերնետային պաշտոնական կայքը կոշիկի վերոհիշյալ արտադրամասի հետ, որ իր կայքի ճակատին, որպես համայնքին վերաբերող տեղեկատվություն, տեղադրել է աշխատանքի հրավեր-հայտարարություն, կոշկագործության վերաբերյալ որոշ տերմիներ նշել նաեւ օտար՝ ռուսերեն լեզվով։ Դիլիջանի նախորդ համայնքապետերի պաշտոնավորման ժամանակ նման բան անհնար էր. դա եղավ Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։
2021թ. փետրվարի 22-ին լրացավ 2005թ.Դիլիջան քաղաքը ղեկավարած, 2016թ. խոշոր Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի պաշտոնեական լիազորությունների ժամկետը, փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց Դիլիջան քաղաքը եւ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան գյուղերը միավորող Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանին։ Վերջինս Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է։ Դ. Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի (որը չկայացավ) Դիլիջանի շտաբի ղեկավարն է եղել։
Նա 2016թ. Դիլիջան համայնքի ավագանու անդամ է եղել: Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դ. Սարգսյանը բարձրագույն կրթություն չունի, նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Իր անձնական գործում Դ. Սարգսյանը ջնջումներով է գրել իր ավարտած ֆակուլտետի՝ Տնտեսագիտականի անվանումը։ Նույն անձնական գործում նա փոքրատառով է գրել Դիլիջան քաղաքի անունը, սակայն համացանցում ամենամեծ աղմուկը բարձրացել է այն բանից, որ Դ. Սարգսյանն անձնական գործում իր սեռի վերաբերյալ նշել է՝ արու։ Այդ առթիվ համացանցում մեծ աղմուկից հետո Դ. Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ այդ ձեւաթուղթը կեղծված է՝ չնշելով, թե ինչն է այնտեղ կեղծված, ում կողմից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը` ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
«Յունիբանկ»-ը, որն ավանդաբար հանդես է գալիս որպես «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստատեսային խաղի եւ «Դիլիջանյան խաղեր» փառատոնի հովանավոր, դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկերը։ Շարժման հիմնական նպատակն է խթանել ինտելեկտուալ ժամանցի գաղափարը։ Ստեղծելով դպրոց-ուսանողական ինտելեկտուալ խաղերի լիգաներ՝ հայ գիտակները ոչ միայն իրենց փոխարինողներ են պատրաստում, այլեւ զարգացման նոր հորիզոններ են բացում մատաղ սերնդի համար՝ օգնելով երիտասարդներին ինքնադրսեւորվել, ձեռք բերել առաջնորդության եւ թիմային աշխատանքի փորձ: Ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմբիլդինգը նույնպես Հայաստանում մեծ տարածում է գտնում։ Էրուդիցիան եւ մտածողության ճկունությունը, արդար մրցակցությունը եւ հաղթելու ձգտումը, ընկերությունն ու համագործակցությունը համախոհների հետ այն արժեքներն են, որոնք հավասարապես կիսում են «Համահայկական ինտելեկտուալ շարժումը» եւ «Յունիբանկ»-ը։ «Յունիբանկ»-ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
ԱՊՐԻԼԻ 18-Ը՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ. Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 17-ին: Տոնի հաջորդ օրը Մեռելոց է։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 18-ը աշխատանքային է լինելու: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: «Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչեւ Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Ներդրումների հոսքի մասին մերօրյա իշխանավորները խոսում են պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով: Հորդացող հոսքերի մասին ArmLur լրատվականը էկոնոմիկայի նախարարությունից տեղեկատվություն էր խնդրել՝ հուսալով, որ նախարարությունը ներդրումային պատկերի հստակ վիճակագրություն կներակայացնի: Մեզ տրամադրված պատասխանը, սակայն, այն մասին էր, որ Քերոբյանի ղեկավարած գերատեսչությունը ներդրումների մասով առաձին վիճակագրություն չունի: «Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունն օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից»,- ասված էր մեզ տրամադրված պաշտոնական պատասխանի մեջ:
«Թվերին չտիրապետելն ու վիճակագրություն չունենալն արդեն իսկ վատ է»,- ասում է տնտեսագետ Կարն Սարգսյանն ու օրինակ բերում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը, որն իր պաշտոնական կայքէջում ներդրումների ու դրանց վիճակագրության մասով առանձին պատուհան ունի: Օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը բավականին սուղ է, նախարարությունը ներդրումների ցուցակ, որպես այդպիսին, չի հրապարկում, որպեսզի մասնագետներն էլ կարողանան հստակ գնահատել, թե, օրինակ, օտարերկրյա հոսքերից հետո որքան աշխատատեղ է ստեղծվել: 2018-ից հետո ներդրումների թիվը տարեցտարի նվազել է. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն է ներկայացնում՝ նշելով, որ, իհրակե, դրա պատճառներից են կորոնավիրուսի համավարակն ու 44-օրյա պատերազմը, բայց ներդրողների համար մեր երկրի գրավչությունը չի բարձրանում առաջին հերթին իշխանությունների ոչ պատշաճ ու չհամակարգված աշխատանքի պատճառով:
Հեղափոխական ներդրողները նախեւառաջ ուժային կառույցների խոշորացույցի տակով պետք է անցնեն, ապա նոր միայն կարողանան գործունեություն ծավալել: Սա ոչ թե տնտեսագիտական տեսություն, այլ Փաշինյանի կաբինետի որոշումն է, ինչին հաջորդել էր Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը, թե ներդրումները կոռուպցիոն ռիսկերը վերհսկելու ու կանխարգելելու համար ԱԱԾ-ում առանձին ստորաբաժանում կգործի: ԱԱԾ-ն մոտ 4 տարվա ընթացքում ի՞նչ բնույթի ու քանակի բացահայտումներ է արել, քրեական քանի՞ գործ է հարուցվել. հարցերի պատասխաններն ակնկալում էինք ուժային կառույցից ստանալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ միայն արձագանքել էին, որ ուժային նշված երեւույթների բացահայտումն ու կանխարգելումն իրականացվել է բացառապես օպերատիվ-հեռախուզական միջոցառումների շրջանակում, որոնց արդյունքները գաղտնի են: ԱԱԾ-ի՝ մեզ տված պատասխանից ու հարուցված քրեական գործերի թիվ նշվել խուսափելուց կարելի է ենթադրել, որ այդպիսիք պարզապես գոյություն չունեն: Տնտեսագետների կարծիքով՝ եթե կառավարական կաբինետի ներկայացուցիչներն ասում են, որ ուժային կառույցները, այդ թվում՝ ԱԱԾ-ն, գործարարին ուշադրության տակ են պանելու, ապա դա ներդրողի համար տվյալ երկրից զգուշանալու ազդակ է: Ներդրումների մասով ի՞նչ կարող է բացահայտել ԱԱԾ-ն: Տնտեսագետ Խաչատրյանը մեկնաբանում է՝ առաջինը կոռուպցիոն սխեմաներն են, երբ անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարներն են ներդրումներ դառնում: Երկրորդը՝ կարեւոր է պարզել, թե օտարերկյա տվյալ ներդումն իրականում որ երկրից է գալիս:
Տնտեսագետ Կարեն Սարգսյանի գնահատականով՝ Հայաստանում ներդրումների օրենսդրական դաշտը, մեղմ ասած, թերի է ու չկարգավորված:
Ներդրումների վիճակագրությունից գլուխ հանելու ու այս ռեպորտաժը պատրաստելու համար երկար ժամանակ պահանջվեց մեզնից, քանի որ պարզվեց, որ ներդրումների համար պատասխանաոտւ թիվ մեկ գերատեսչությունը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, վիճակագրություն չունի, Վիճկոմիտեի տրամադրած տվյալներն էլ բավական թերի են. դրանք դրամով են ներկայացված, ինչը նույնպես խնդրահարույց է, քանի որ օտարերկրյա ներդրումները հոսում են արտարժույթով, որպես կանոն՝ դոլարով, ու փոխարժեքի տատանումները դրամային հաշվարկների վրա միանշանակ ազդեցություն են ունենում: Առկա խնդիրները, թվում էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ մոտ մեկ ամիս առաջ ստեղծված Ներդրումային կոմիտեն տեղը կգցեր, բայց այդպես էլ չհստակեցվեց, թե կոնկրետ ինչ գործառույթ է իրականացնելու կոմիտեն ու ինչպես է այն խթանելու ներդրումային միջավայրը. թերեւս միայն անդադար ներդրումներ խոստացող իշխանավորներին է հայտնի: Ինչ վերաբերում հեղափոխական իշխանականների՝ ներդրումների մասին ոչ միանշանակ, երբեմն անտրամաբանական հայտարարություններին, ապա, ըստ Կառլեն Խաչատրյանի, դա պատասխանատվության ցածր գիտակցման վառ դրսեւորում է:
Չնայած ներդրումային դաշտում առկա մի շարք ակներեւ թերություններին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աղետաբեր պատերազմից հետո անգամ օտարերկրյա հոսքերի մասին շարունակում է նույն խանդավառությամբ խոսել՝ ապագա կա՛, կա՛ ապագա:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ
Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայում հակամարտության կողմերի հետ եւ ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար. տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ «Մենք բանակցություններ ենք վարում կողմերի հետ եւ ջանքեր գործադրում հանդիպման կազմակերպման համար»,-ասել է նա NTV հեռուստաալիքի հարցազրույցում։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի եւ Երեւանի հատուկ ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպումների անհրաժեշտության մասին, հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ «Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել»,- ասել է նա: Հատուկ ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում:
ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 21 մլրդ 464 մլն 400 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 85 տոկոսով ավելացել է:
Տեղեկացնենք, որ այս ցուցանիշները ներառում են ինչպես մասնագիտացված առեւտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը: Եթե հաշվի առնենք այս ցուցանիշները, ապա Հայաստանյան ավտոսրահներում, ինչպես ասում են, առեւտուրը եռում է: Ենթադրվում է, որ ավտոմեքենաների առեւտրի ծավալներն աճել են էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնած Trade-in համակարգի կիրառման շնորհիվ, որը գործում է այս տարվա հունվարից: Նշենք, որ ավտոմեքենաների Trade-in համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում: Այս համակարգով քաղաքացիները կարողանում են իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորը` վճարելով գնային տարբերությունը, իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում` շահավետ պայմաններով։ Բացի այս, քաղաքացիներից գնված հին, օգտագործված ավտոմեքենաները պաշտոնական ներկայացուցչի կողմից մինչեւ վաճառքի հանվելը կենթարկվեն զննման, կվերանորոգվեն, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները: Սակայն այս համակարգի հետ չեն հաշտվում ավտոշուկայի առեւտրականները. նրանց խոսքով՝ այս համակարգի կիրառման միջոցով ավտոսրահներն իրենցից հաճախորդ են փախցնում, ինչին նպաստել է նաեւ պետությունը:
Ս.Հ.
ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻՑ ԾԽԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ
Տավուշի մարզի գյուղական բնակավայրերի հանրակրթական շատ դպրոցների շենքեր գտնվում են անմխիթար վիճակում, դրանք երկար տարիներ չեն նորոգվում։ Բերդ համայնքի Չինչին գյուղի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 48 աշակերտ։
Չինչին համայնքի նախկին ղեկավար, Չինչին բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանի խոսքով՝ գյուղի դպրոցի շենքը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին։ Շենքը 20-25 տարի առաջ մասնակի նորոգման է ենթարկվել, մոտ 10 տարի առաջ էլ կառույցի տանիքն է փոխվել, որպես ծածկ տեղադրվել են մետաղյա թիթեղներ։ Սակայն դպրոցի շենքի ներսը, հատակը վատ վիճակում են։ Դպրոցը ջեռուցվում է փայտ վառող վառարաններով, քամու պատճառով հաճախ դասարանները ծխով են լցվում, աշակերտների հագուստներից ծխի հոտ է գալիս։ Կ. Դարբինյանն ասել է, որ ինքը դպրոցի հիմնանորոգման հարցով դիմել է Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին, այժմ էլ դիմում է տարբեր կազմակերպությունների, սակայն խնդիրը չի լուծվում։ Հիմնահարց է նաեւ Չինչինի դպրոցում ռուսաց լեզու եւ գրականություն առարկաների դասավանդման բացակայությունը։ Այս ուսումնական տարվա սկզբից ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհին գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդում, նրան փոխարինող չկա, այդ պատճառով Չիչինի միջնակարգ դպրոցում ռուսաց լեզու եւ գրականություն չեն ուսուցանում։
ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՊԱՐԿԸ՝ 21,000 ԴՐԱՄ
Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի խոսքով՝ առայժմ Տավուշի մարզ է ներկվել 49 տոննա ազոտական պարարտանյութ, որը բաշխվել է մարզում ավելի ցածրադիր տարածք ունեցող Նոյեմբերյան խոշոր համայնքի հողօգտագործողներին։ Տավուշի մարզ կներկրվի ընդհանուր առմամբ 217 տոննա ազոտական պարարտանյութ, կալիումիական եւ ֆոսֆորական պարարտանյութ չի ներկրվելու։ Պարարտանյութի 50 կիլոգրամանոց պարկը տավուշցի հողօգտագործողներին վաճառվում է 12 հազար դրամով։ Ավելի վաղ Տավուշի մարզպետարանը հայտարարություն էր տարածել, որ պետությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնի կեսը, սակայն մեկ պարկի հաշվով՝ առավելագույնը 9 հազար դրամով։ Դրանից կարելի է եզրակացնել, որ պարարտանյութ ներկրողները դրա 50 կիլոգրամանոց պարկը իրացնում են 21 հազար դրամով։ Տավուշի մարզին պարարտանյութ են մատակարարում 14 տնտեսվարողներ, մինչ այժմ Տավուշի մարզ ներկված պարարտանյութը տեղափոխվել է Վրաստանից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ