Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն համոզմանն է, որ 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան իշխանությունները զինված ուժերը վերազինելու կամ, այսպես ասած, բանակի մեջքն ուղղելու համար որեւէ էական ու ազդեցիկ քայլ չեն իրականացրել: Ավելին՝ հանցավոր համաձայնությամբ՝ որեւէ քայլ չեն արել, քանի որ օրվա իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական օրակարգը, հետեւաբար՝ անելու են հնարավորը, որ հակառակորդն իր հետագա գործողություններում հայկական կողմից որեւէ խոչընդոտի չհանդիպի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից Ազատության հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ու սկսած նստացույցին՝ Ջամալյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին հասարակության զոմբիացմանն ուղղված այնպիսի մանիպուլյատիվ սցենարներ են կիրառվել, որ անգամ դժվար արթնացող հասարակությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Նրա գտահատականով՝ խորամանկ մանիպուլյատիվ մեթոդներ են կիրառվել հասարակությանը թմբիրի մեջ պահելու համար։ «Այնպես որ,- շեշտում է,- երբեք ուշ չէ, պետք է հավատով լցված գալ ու ինչ-որ կերպ մասնակից լինել պրոցեսներին։ Ուրախ կլինեի, եթե երկրի ղեկին լիներ այնպիսի պետականամետ գործիչ, որը հանուն համազգային նպատակների ինչ-որ սցենարներ խաղարկեր, բայց մոլորությունների ու պատրանքների տրվել չի կարելի, մարդն իր սեւ գործը մինչեւ վերջ ուզում է անել եւ իրեն իշխանության բերածները պարզապես հիմա իրեն շտապեցնում են, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ արդեն շատ կարճ ժամանակ անց, գուցե, շատ ուշ լինի։ Նիկոլ Փաշինյանն իր ազգադավ ծրագիրը մինչեւ վերջ տանելու է, այնպես որ, այդ մարդու մեջ պետք չէ քողարկված հայրենասեր, պետականամետ հայ մարդ որոնել»։
-Պարոն Ջամալյան, պատերազմից մեկ տարի ու կես անցել է, որպես ռազմական վերլուծաբան, փորձագետ ինչպե՞ս կգնահատեք մեր զինված ուժերի, բանակի ամրաշինական իրավիճակը: Ի՞նչ գնահատական կտաք:
-Շատ վատ գնահատական կտամ՝ գրեթե զրոյական: Ըստ ամենայնի, միտումնավոր ոչինչ չի արվել, որպեսզի սահմանները ամրացվեն. ամեն ինչ ակնհայտ է: Հակառակ դեպքում, ժամանակը բավարար էր, գոնե Հայաստանի Հանրապետության սահմանների ուրվագծով գործ անել ու թույլ չտալ Սեւ լճի հատվածում ճեղքում, նույն Ներքին Հանդի ուղղությամբ ճեղքում: Քանի որ ամեն ինչ հանձնելու տրամաբանությամբ է գործում օրվա կապիտուլյանտական ռեժիմը, ապա ոչինչ չեն անում, որպեսզի հետո մեղքը բարդեն բանակի վրա: Փոխարենը՝ ոստիկանական ռեսուրսն են աճեցնում, իսկ մարդիկ միամիտ չեն. ամեն ինչ տեսնում ու սթափվում են:
-Այսինքն միտումնավոր չե՞ն անում, որպեսզի հակառակորդին էլ հեշտ լինի հետագայում քայլեր ձեռնարկելիս:
-Անգամ շատ թույլ վերլուծական միտք ունեցող մարդը, հետեւելով այս կապիտուլյանտական ռեժիմի քայլերին, այլ հետեւության գալ չի կարող:
-Շատ է խոսվում Արցախի օդի փակ լինելու մասին, հիմա արդեն Հայաստանի օդն ի՞նչ վիճակում է:
-Ես վերջին շրջանում մանրամասնորեն չեմ տեղեկացվել այդ առումով, բայց ամիսներ առաջ, եթե հիշում եք, հակառակորդի անօդաչուն աշխատեց: Օրինակ՝ ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար) համակարգը զարգացնելու ուղղությամբ ի՞նչ է արվել. իշխանություն կփոխվի, կհասկանանք, թե ինչ է արվել: Ըստ ամենայնի, ոչինչ չի արվել, որպեսզի ենթադրությունը լինի հիմնավոր, քննություն կլինի, կերեւա ,թե ինչ են արել, ինչ չեն արել: Օրինակ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ուղղությամբ սրացումներից մեկի ժամանակ կիրառվել էր հարվածային անօդաչու: Այդ ինչպե՞ս է պատահում, որ այդ նույն հարվածային անօդաչուներն Ուկրաինայում խոցվում են մեծ արդյունավետությամբ, իսկ այստեղ այդ խնդիրն ի հայտ է եկել ու չի լուծվում մինչեւ հիմա: Ամեն ինչ տեղավորվում է հանձնելու տրամաբանության մեջ: Ամեն ինչ հանձնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամանալու ազգակործան սխեմայի մեջ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Երեկ Ցորի Դ-20 հրետանային զորամասի զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները Գլխավոր դատախազության շենքի դիմաց էին: Նրանք եկել էին Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելու նպատակով՝ հիմք ընդունելով Փաշինյանի՝ Ազգային Ժողովում արած այն արտահայտությունը, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի»։
«Մենք ակնկալում ենք, որ գործին ընթացք տրվի, եւ պատժվողներ լինեն։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը արդեն իսկ ինքնախոստովական ցուցմունք էր՝ հանցագործության մասին, որին ընթացք չտալով՝ մենք սխալ կվարվենք մեր երեխաների հանդեպ։ Ամեն ինչ անելու ենք, որ այս դիմումին ընթացք տրվի։ Ակնկալում ենք՝ Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված կարգով պատժված տեսնել»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ծնողներից մեկը։ «Եթե հանկարծ Դատախազությունը կանխակալ մոտեցում ցուցաբերի, անաչառություն չցուցաբերի մեր գործի վերաբերյալ, տանը չենք նստելու, անձամբ ես պատրաստ եմ գնալ, խնդրել բոլոր կառույցներին՝ բանկերին, բուժհաստատություններին եւ այլն, գործադուլ սկսել, տեսնեմ՝ այդ պայմաններում ինչպե՞ս ընթացք չեն տալու»,- ասել է նա։
Ծնողները նշել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ մասնակցելու են ցանկացած շարժման, որը կկարողանա պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Նախաձեռնությանը միացել է շուրջ 60 ծնող։ Նշենք, որ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց երեխաներն արժանացել են այդ ճակատագրին՝ բանակի ղեկավարության սխալ տեղեկությունների կամ տեղեկությունների բացակայության պատճառով։ Այս գործով Պաշտպանության բանակի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:
Ն. Պ.
ՊԵՏՔ Է ԲԱՑԵԻԲԱՑ ԱՍԵԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցն օրակարգ բերելը ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի համար պարզ ու միանշանակ է առավել քան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց՝ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած վերջին հայտարարությունը դիտավորյալ զանգվածային սպանության մասին ինքնախոստովանություն էր: «Այսինքն՝ ներսից ցեղասպանական ագրեսիան սպասարկող գործողություն է իրականացվել, ու այդպիսի ինքնախոսոտվանություն անելը պատահական չէր: Նա արտաքին կառավարում ունի, ովքեր շատ լավ ուսումնասիրում են մեր հանրությանն ու որոշում՝ ամեն ինչ պետք է պարզ ու բացեիբաց ասել հայերին, որ հետո չասենք, թե Փաշինյանի իշխանությունն ինչ-ինչ բաներ չի ասել, գաղտնի է պահվել»,- մեկնաբանեց Ալավերդյանը:
Առաջին օբուդսմենի գնահատմամբ՝ Փաշինյանի թիմից միջազգային այդ ուժերը բավականին գոհ են։ Ինչո՞ւ. «Որովհետեւ հատուկ հավաքված այդ խումբը (իշխող ՔՊ-ին նկատի ունի- խմբ.) անում է այն, ինչ ասում են գլոբալիստական պղտոր կենտրոնները»:
Ըստ մեր զրուցակցի՝ միջազգային հանրության ու կառույցների հետ պետք է շատ աշխատել, հասկանալ՝ որ կառույցի հետ ինչպես պետք է երկխոսել: «Այլապես ստացվում է՝ մենք մի գլուխ դժգոհում ենք միջազգային կառույցներից, այնինչ ինքներս նրանց հետ շփվելու, իրականությունը ներկայացնելու, խնդիրները բարձրաձայնելու ու փաստերը ճիշտ տեղ հասցնելու հարցերում գրեթե ոչինչ չենք անում»,- հավելեց մեր զրուցակիցը:
ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ
Արդեն 20 օր է ինչ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհն անանցանելի է: Տեղեկացնենք, որ մի քանի գյուղեր կապող Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր են առաջացել, եւ երթեւեկությունն էլ անհնարին է դարձել, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է կանգնել` մի հատվածը ճաքել է: Այն շրջանցելու նպատակով՝ տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել են երթեւեկելի հատվածից: Այս խնդրի շուրջ՝ Ջրառատ, Լուսագյուղ, Մեծամոր գյուղերի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ ահազանգում են ArmLur.am-ին՝ նշելով, որ իրենց գյուղերի ճանապարհներն ավազով բարձված բեռնատարներն են վնասում: Ավազ տեղափոխող ծանր մեքենաներն ասֆալտի վրայով բեռնված իջնելու ժամանակ, իրենց ծանրության տակ, ասֆալտը դեֆորմացնում են: Ինչի արդյունքում՝ ասֆալտը տեղ-տեղ քանդվում է, փոսերն ավելի են մեծանում: Ի դեպ, տեղեկացնենք, որ կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում։ ArmLur.am-ը Արմավիրի մարզպետարանից հետաքրքրվեց, թե որ փուլում են գտնվում կամրջի նորոգման աշխատանքները, քանի որ բնակիչները վստահ են, որ այն դանդաղում է: Սակայն, մեր հարցին ի պատասխան, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը փոխանցեց, որ այս պահին կամրջի հիմնանորոգման նախագիծ է մշակվում, աշխատանքներին մասնակցում է նաեւ գիտահետազոտական ինստիտուտը: