ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի, ինչպես նաև ուղղակի տնտեսական աջակցության տրամադրման մասին։
Հինգշաբթի օրը ԱՄՆ առաջնորդը հատուկ հայտարարություն է արել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Անցյալ շաբաթ ես ստորագրեցի փաստաթուղթ Ուկրաինային 800 միլիոն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին… Այսօր հայտարարում եմ 800 միլիոն դոլարի հավելյալ օգնության հատկացման մասին, որը կոչված է ուժեղացնելու Ուկրաինայի հնարավորությունները երկրի արևելքում՝ Դոնբասում»,- մեջբերում է նա։
Օգնության փաթեթը ներառում է նաև հաուբիցների և մարտավարական անօդաչու սարքերի մատակարարում։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ի վիճակի է երկար ժամանակ պահպանել Ուկրաինային ռազմական մատակարարումների ներկայիս մակարդակը։ Հաջորդ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է լրացուցիչ բյուջետային հարցում ուղարկել Կոնգրեսին՝ Ուկրաինային զենքի ու զինամթերքի անխափան մատակարարում ապահովելու համար։
Բացի դրանից՝ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 500 միլիոն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կտրամադրի այս երկրին, որպեսզի կայունացնի տնտեսությունը։
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է նաև Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ արգելելու մասին։