Հայաստանի ոստիկանությունն այս տարվա հունվար ամսից ստուգումներ է իրականացնում մասնավոր պահնորդական կազմակերպություններում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, երբ իրավաբանական անձի հրամանով միևնույն զենքն ամրակցվել է և թիկնապահին, և պահնորդին։ Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն առաջարկում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունների աշխատակիցների կողմից օգտագործվող զենքերի տեսակներից պահնորդներին իրավունք վերապահել օգտագործել ինչպես քաղաքացիական տեսակի, այնպես էլ ծառայողական կարճ ակոսափող, իսկ թիկնապահներին միայն ծառայողական կարճ ակոսափող զենք կրելու իրավունք։
Այսինքն յուրաքանչյուր մեկ միավոր ծառայողական կամ քաղաքացիական զենքը օգտագործման համար կամրակցվի առավելագույնը չորս պահնորդի, յուրաքանչյուր մեկ միավոր ծառայողական զենքը օգտագործման համար կամրակցվի առավելագույնը երկու թիկնապահի։ ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ պահնորդական ընկերությունների աշխատակիցների կողմից օգտագործվող զենքերի ձևերից կհանվի «ազդանշանայինը», քանի որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ 137 կազմակերպություններից որևէ մեկը չի դիմել ազդանշանային զենք ձեռք բերելու համար:
Ավելին, ազդանշանային զենքը նախատեսված է որոշակի կատեգորիա ունեցող (երկրաբանություն, բնապահպանություն, անասնապահություն, ալպինիզմ, օդերևութաբանություն) անձանց համար, այլ ոչ թե թիկնապահական կամ պահնորդական գործունեության խնդիրներ իրականացնող անձանց համար։
Ս.Հ.