Երեւանում մարտի 7-ին կրակոցներ էին հնչել. դեպքը տեղի էր ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Անդրանիկ Ներսիսյանի ուղղությամբ, որը առավել հայտնի է «զոն նայող Անդուլիկ» անունով:
Եվ, ահա, հայտնի դարձավ, որ «զոն նայող Անդուլիկի» թիմակիցները բանդա են ստեղծել եւ որոշել են անձամբ հաշվեհարդար տեսնել իրենց ընկերոջ վրա կրակած անձից: Մասնավորապես, դատախազության անմիջական համակարգման ներքո, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչնների համակարգված գործողությունների արդյունքում՝ բացահայտվել եւ կանխվել են մի շարք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ: Մասնավորապես՝ ԱՆ-ն եւ իր շրջապատի անձինք, համոզված լինելով, որ Ա.Ն-ի վրա 2022թ. մարտի 7-ին հրազենային կրակոցներն արձակել են Ա.Բ-ի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը: Այդ նպատակով՝ Ա.Ն-ն հանձնարարել է իր կողմից ստեղծված եւ ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր՝ «նռնականետ/RPG/», «ինքնաձիգ/AKS,AKM/», «դիպուկահար /SVD/», «ատրճանակ», «նռնակներ», «զրահաբաճկոններ»: Ապա վերջիններիս հետ համաձայնության է եկել՝ զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ կյանքից ապօրինի զրկել Ա.Բ-ին: Իրենց հերթին, խմբավորման անդամները, Ա.Ն-ի կողմից ստանալով եւ կատարելով վերջինիս հրահանգները՝ տարբեր անձանց միջոցով ձեռք են բերել ինքնաձիգներ, ատրճանակներ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, նռնակներ եւ զրահաբաճկոններ, որոնք թաքցրել են հանցավոր խմբում ներգրավված տարբեր անձանց բնակարաններում եւ օժանդակ շինություններում: Բացի այդ, իրենց հանցավոր նպատակն իրագործելու, դրանից հետո որոշակի ժամանակ թաքնվելու, անհրաժեշտության դեպքում նաեւ ՀՀ-ից մեկնելու համար գումար հայթհայթելու նպատակով՝ խմբավորման անդամները, հիշյալ գումարները ավազակային հարձակմամբ կամ բնակարանային գողությունների միջոցով հափշտակելու նպատակով, պարզել են մի շարք բնակարաններ, որտեղ սեփականատերերի կողմից պահվում են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Փաստի առթիվ՝ 2022թ. ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 223-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 223.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Խմբավորման ղեկավար Ա.Ն-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են՝ խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, ատրճանակ՝ փամփշտատուփով եւ փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի եւ այլ դանակներ, հրացանի նմանվող առարկա, թվով 2 մետաղական ձողի եւ նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ /ատմիչկաներ/, 2 թափանցիկ անոթներ՝ սնդիկանման նյութի պարունակությամբ: Ա.Ն-ի մոր անձնական իրերի խուզարկությամբ հայտնաբերվել է սեւ գույնի պահեստատուփ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի «Տոզ» տեսակի թվով 9 փամփուշտներով: Մինչ Ա.Ն-ի բնակարանում խուզարկություն սկսելը, նրա մայրը դանակով հարձակվել է խուզարկության մասնակից ՀՀ ոստիկանության աշխատակցի վրա, փորձել հարվածել գլխին, սակայն ոստիկանության աշխատակցի պաշտպանվելու արդյուքնում՝ հարվածը դիպել է ձեռքին: Խուզարկություններ են կատարվել նաեւ հանցավոր համագործակցության անդամների բնակարաններում, ավտոմեքենայում, ավտոտնակում, որոնց արդյունքում հայտնաբերվել են նռնակներ, նռնակների պայթուցիչներ, կաթուցիչներ՝ մոխրացված հետքերի պարունակությամբ, մահակ, տարբեր տրամաչափի բազմաթիվ փամփուշտներ, գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ փամփշտատուփով թվով 13 բանալի, փական բացելու համար հարմարեցված գործիքներ /ատմիչկաներ/, երկաթյա ձողեր եւ այլն: Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ միացվել, նախորդիվ նշված քրեական գործին:
Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները անգամ կալանավորել են «զոն նայող Անդուլիկի» մորը, որի հագուստի մեջ եւ հայտնաբերվել է զենք:
Ք.Մ.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԹԱՔՑՐԵԼ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գ.-ի, վերջինիս հետ փոխկապակցված ընտանիքի անդամ Թ.Բ.-ի, ինչպես նաեւ Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ-ի կողմից իրենց 2020թ. տարեկան հայտարարագրերում հայտարարագրման ենթակա, առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ թաքցնելու հանգամանքներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Համայնքի ղեկավար Մ.Գ.-ն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի 2020թ. տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով՝ իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի, Բերդ եւ հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակելի նպատակային նշանակության 11 հողամասերը՝ որպես պահեստ օգտագործման նպատակով արտադրական նշանակության շինությամբ եւ բնակելի տնով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5մլն ՀՀ դրամ: Թաքցվել է նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան, «ԳԵՏԱՎԱՆ» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2.822.648 ՀՀ դրամը:
Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Լոռու մարզի Գյուլակարագ համայնքում գտնվող գյուղատնտեսական, կառուցապատման, բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 3 հողամաս, իրեն տրամադրված 1.350.000 ՀՀ դրամ վարկը, ինչպես նաեւ՝ 4.237.134,3 ՀՀ դրամի չափով եկամուտը: Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է. հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է ղեկավարի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործը, ըստ մեղադրանքի նշված երեք անձի, ուղարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու:
2022թ. ընթացքում, ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ եւ 314.3-րդ հոդվածներով քննվել է 16 քրեական գործ, որոնցից 12-ը՝ փոխանցվել է նախորդ տարվանից:
Վերոնշյալ քրեական գործերից 13-ը հարուցվել են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (որից 1-ը՝ հարուցվել է 2022թ), իսկ 2-ը՝ hայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (2-ն էլ հարուցվել են 2022թ.) փաստերով, մեկ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314.2 եւ 314.3-րդ հոդվածներով: 16 քրեական գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածով:
ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆԱՄԱԿՆԵՐ
Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն՝ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը, եւ նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Սյս մասին «հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրա փոխանցմամբ, նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին: «Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որեւէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում՝ ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում, կամ համակարգչում»,- գրել է Ջանոյանը:
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն՝ 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երեւանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։ Վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Շ. Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, որը «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։