Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, արդեն երրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին ոլորտի` նախորդ երեք տարիների լավագույնների անունները:
«Անահիտը» կարեւոր մրցանակաբաշխություն է հայկական կինոյի համար՝ կարծում է ռեժիսոր, սցենարիստ Էդգար Բաղդասարյանը, որը խոստովանում է՝ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ սկզբում տարակուսել է՝ արժի, արդյոք, մասնակցել միջոցառմանը, սակայն հետո վճռել է՝ կինոն կարեւոր ոլորտ է, անկախ ամեն ինչից պիտի շարունակենք նկարել, արարել՝ ի հեճուկս թշնամու:
«Ես շատ ծանր եմ տանում այն ամենն, ինչ հիմա մեր երկրում է կատարվում: Երեք տարի է՝ մեղքի զգացումով ման եմ գալիս՝ գրեթե չեմ շփվում, բայց կինոյի տոնը ոչ թե մեզ համար է, այլ երիտասարդներին ոգեշնչելու՝ նրանց, ովքեր վաղն են գալու կինոյի աշխարհ»:
Ռեժիսորը վստահեցրեց, որ կինոակադեմիայի անդամները ընտրությունը կատարել են հնարավորինս օբյեկտիվ ու թափանցիկ: Նրա խոսքով՝ կարեւորը ոչ թե մրցանակն է, այլ այն չափանիշն ու ոգեշնչումը, որը մրցանակաբաշխությունը փոխանցում է նոր սերնդին:
«Մշակութայաին քաղաքականությունը, ըստ իս, շուկա ձեւավորելն է, ոչ թե գնալ ընկնել մեջը ու լողալը: Պետք է այն շատ զգուշորեն ձեւավորել, որ հետո չազդի կինոյի որակի վրա, ինչն այսօր շատ տխուր է: Ես այսօր կուզեմ տեսնել, թե մենք ինչպես ենք վերապրում, գիտակցում մեզ հետ կատարվածը, թե մենք ով ենք, որն է մեր մշակութային հիմքը, որի վրա մենք հիմնված ենք, որը մեր ազգային գաղափարախոսությունն է»:
Ներկայացնում ենք մյուս հիմնական անվանակարգերն ու հաղթողներին.
«Լավագույն խաղարկային ֆիլմ»՝
«Երբ որ քամին հանդարտվի», Նորա Մարտիրոսյան
«Լավագույն ռեժիսորական աշխատանք»՝
«Երբ որ քամին հանդարտվի», Նորա Մարտիրոսյան
«Լավագույն օպերատորական աշխատանք»՝
«Չնչիկ», Հայկ Կիրակոսյան
«Լավագույն սցենար»՝
«Երբ որ քամին հանդարտվի», Նորա Մարտիրոսյան
«Տղամարդու լավագույն դերակատարում»՝
Դավիթ Հակոբյան, «Երբ որ քամին հանդարտվի»
«Կնոջ լավագույն դերակատարում»՝
Լիլի Էլբակյան, «Չնչիկ»
«Լավագույն նկարչական ձեւավորում»՝
«Դրախտի դարպասը», Սեւակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե
«Ֆիլմի լավագույն երաժշտություն»՝
«Սողոմոնի երգերը», Անդրանիկ Բերբերյան
«Լավագույն հնչյունային ձեւավորում»՝
«Դրախտի դարպասը», Էդգար Հակոբյան, Մարիուս Բլազիս
«Լավագույն վավերագրական ֆիլմ»՝
«Կանանց գյուղը», Թամարա Ստեփանյան, Ստեֆան Ժուրդայն
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»՝
«Նոր տարվա գոճի», Ալեքսանդր Բաղդասարյան, Կարինե Սիմոնյան
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝
«Կաֆկայի երազը», Դավիթ Բաբայան:
Մրցանակաբաշխության պաշտոնական մասին նախորդել է կարմիր գորգի արարողությունը:
ԴՐՎԱՏԱՆՔՈՎ Է ԽՈՍԵԼ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան դրվատանքով է խոսել ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ 37-ամյա պորտուգալացի հարձակվողը 60-րդ անգամ կարիերայում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Նրա գոլերի շնորհիվ գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը Անգլիայի առաջնության 33-րդ տուրում 3։2 հաշվով պարտության էր մատնել «Նորվիչ Սիթիին»։ «Ռոնալդուի կարիերան անհավանական է եւ հիացնում է։ Նա շարունակում է հեթ-տրիկներ ձեւակերպել, վճռական դեր ունենալ թիմի հաղթանակներում։ Ռոնալդուն լեգենդ է, լավագույններից մեկն է պատմության մեջ»,-ասել է Դե Խեան: Ռոնալդուն 16-րդ մրցաշրջանում անընդմեջ ակումբային մակարդակում առնվազն 20 գոլ է խփում բոլոր մրցաշարերում։ Նա 36 տարեկանից բարձր առաջին ֆուտբոլիստն է, որը Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում 15-ից շատ գոլ է խփում։ Ռոնալդուն Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է 3։2 հաշվով կամային հաղթանակը՝ «Սեւիլիայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում։ «Մրցակիցը սովորաբար շատ քիչ գոլեր է բաց թողնում, իսկ մենք կարողացանք երեք գոլ խփել երկրորդ խաղակեսում։ Մեր տղաները գիտեին, որ առաջին խաղակեսում 0։2 հաշվով պարտվելուց հետո մեկ խփած գոլը մեզ կվերադարձնի խաղի մեջ։ «Սեւիլիային» հաղթելն իր խաղադաշտում շատ բարդ է։ Շատ կարեւոր է, որ մենք կարողացանք դա անել։ Երկրորդ խաղակեսում շատ էինք դիմում պրեսինգի։ Մինչեւ վերջ հավատում էինք, որ կարող ենք հաղթել։ Գերազանց հատված ունեցանք խաղավերջում եւ չէինք ցանկանում ոչ ոքի՝ 2։2»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։ Այս մրցաշրջանում «Ռեալն» առաջին թիմն է, որին հաջողվեց հաղթել «Սեւիլիային» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում։ «Ռեալը» 32 խաղից հետո 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» անցկացրել է 30 հանդիպում եւ ունի 60 միավոր։ Նույնքան միավոր ունեն հաջորդ երկու տեղերում ընթացող «Սեւիլիան» ու Մադրիդի «Աթլետիկոն», որոնք անցկացրել են 32-ական հանդիպում։
ՈՒԶՈՒՄ Է ՊԱՀԵԼ
ՊՍԺ-ն փորձում է ամեն գնով թիմում պահել Կիլիան Մբապեին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է առանձնազրույց ունենալ Կիլիանի հետ՝ փորձելով համոզել վերջինիս մնալ Փարիզում։ Հարձակվողը, սակայն, ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 20 գոլի եւ 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։