Ո՞Վ ԿԴԻՄԱՎՈՐԻ ՊՈՒՏԻՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել 2019 թվականին՝ ԵԱՏՄ նիստին: Այդ ժամանակ լայն մեկնաբանման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնացել եւ օդանավակայանում չէր դիմավորել Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ երեկ էլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Եվ մինչ ՀԱՊԿ նիստի նախապատրաստական աշխատանքներն ենն ընթանում, սկսվել են կրկին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս անգամ ՀՀ վարչապետը կդիմավորի ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան: Հավելենք, որ հանդիպումից հետո հինգ էջից բաղկացած հայտարարության տեքստ է տարածված, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան հարցին, եւ ընդգծվում է այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

 

 

 

Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաեւ Արցախից են միացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախից Երեւան եկածներն ու Փաշինյանի հրաժարականը պահանջողները (նրանց անուններն իրենց ցանկությամբ չենք նշում) նշեցին, որ եթե հանկարծ վարչապետ Փաշինյանը հակաարցախյան ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, ապա ամբողջ Արցախը մի մարդու նման ոտքի է կանգնելու: «Խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց չի հարցնում մեր՝ արցախցիներիս կարծիքը: Եթե ուզում են, թող իրենք գնան ադրբեջանցու հետ ապրեն կողք կողքի, մենք Ադրբեջանի կազմում որեւէ տեսակի կարգավիճակով ապրել չենք պատրաստվում ու պատկերացնում»,- ասաց մեր զրուցակիցը: Ոչ միայն արցախցիներին, այլ նաեւ քաղաքագետներին մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամսվա մեջ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները տարանջատող խումբ պետք է ձեւավորվի: Սահմանների հստակեցումն ու ՀՀ սահմանների ճանաչումը, ըստ վերլուծաբանների, Արցախի կարգավիճակի հարցը հարցականի տակ դնել է նշանակում: Հայաստանը, ստացվում է, իր սահմանները գծում ու մի կողմ է քաշվում՝ վտանգելով Արցախի հետագան: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան մինչ օրս իր սահմանները հարեւանների հետ չի հստակեցրել, ինչը վկայումն է այն բանի, որ նրա տարածքային նկրտումները չեն ավարտվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տեղեկություններ, որոնք հաստատեցին մեր երեկվա հրապարակումն այն մասին, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծագիրը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար ԲԴԽ-ին դիմում ներկայացնելու վերջնաժամկետին դիմումներ են ներկայացրել իշխանությունների ֆավորիտների թոփ եռյակում գտնվող, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, Լիաննա Հակոբյանը եւ իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Բացի նրանցից, դիմումներ են ներկայացրել նաեւ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը եւ Վարչական դատարանի դատավորներ Արծրուն Միրզոյանն ու Արգիշտի Ղազարյանը: Մյուս հավակնորդների մի մասը, քաջատեղյակ լինելով իշխանությունների ծրագրերի մասին, դիմումներ չեն ներկայացրել, իսկ մյուս մասին հրահանգվել է դիմումներ չներկայացնել, եթե չեն ուզում խնդիրներ ունենալ: Փաստորեն, այս պահին ԲԴԽ-ն հնարավորություն ունի ձեւավորելու երկու եռյակ, ինչի պարագայում իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին, որը կարող է լինել կա՛մ Լիաննա Հակոբյանը, կա՛մ Արտակ Զեյնալյանը, քանի որ Քրիստինե Մկոյանը իշխանության ընտրյալ թեկնածուն է եւ իրենց հավատարիմ ներկայացուցիչը ապագա պալատում: Հակակոռուպցիոն եւ Վարչական պալատների կազմերի հետ կապված շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որին կանդրադառնանք առաջիկայում:

 

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Պետական բյուջե այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 8 մլրդ 631 մլն 908 հազար դրամի հարկ ու տուրք: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի 15 տոկոս բաժնետերն, ի դեպ, կառավարությունն է, որը դարձավ բաժնետեր խիստ կասկածելի գործարքների արդյունքում: Նշված ընկերության հարկային վճարումները կազմել են 35 մլրդ 448 մլն դրամ: Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»  ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 82 մլն 542 հազար դրամ հարկ ու տուրքով: ՊՆ-ին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Գրանդ Տոբակո»  ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 7 մլրդ 870 մլն դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկի 5-րդ տեղում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս տեղական արտադրողը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 871 մլն 237 հազար դրամ: Այս ընկերությանը հաջորդում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 847 մլն 310 հազար դրամով:

 

 




Լրահոս