ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղում անվտանգության հետ կապված հարցեր եւ այնտեղ տիրող իրավիճակն են քննարկելու։

 

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրները շատ են, համաձայն եմ ձեզ հետ։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ խոսում ենք հեռախոսով։ Իսկ հանդիպումները պարբերական են՝ չնայած համավարակին։ Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Փաշինյանի այցը նվիրված է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ «Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում բավական ամուր հիմքի վրա. մենք նախորդ տարիներին մեր իրավական հարաբերությունների հիման վրա 200 փաստաթուղթ ենք ստորագրել, եւ դա լավ հնարավորություն է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով աշխատելու համար։

Առաջատարներից մեկը, իհարկե, տնտեսությունն է։ 2021թ. մեր աճը, ըստ վիճակագրության, կազմել է 12,8 տոկոս։ Իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ գումարած եւս 50 տոկոս։ Սա շատ լավ ցուցանիշ է հատկապես մեր ժամանակներում»։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով է Ռուսաստանում, այսօր Մոսկվայում նա կհանդիպի նաեւ  Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Հիմնականը, իհարկե, Պուտին-Փաշինյան բանակցություններն են, որի օրակարգում Կրմելի հաղորդմամբ ՝ հայ-ռուսական ռազմավարական եււ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցերն են եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները:

Ի դեպ՝ երկու ամիս առաջ Մոսկվայում Պուտինը ընդունել էր Ադրբեջանի նախագահին, Ալիեւի պաշտոնական այդ այցի ժամանակ ստորագրվել էր ռուս-ադրբեջանական նոր պայմանագիրը, որի համաձյան Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները պաշտոնապես արդեն նշվում են որպես դաշնակցային:

Պուտինն առաջին անգամ է ընդունում Հայաստանի ղեկավարին Բրյուսելում ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումից հետո, որի ընթացքում Երեւանը եւ Բաքուն պայմանավորվել են մինչեւ ապրիլի վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, իսկ արտգործնախարարներին էլ հանձնարարել էին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը։

Մոսկվան այդ եռակողմ հանդիպումից հետո շտապեց հայտարարել, որ ողջունում Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությունները։ Միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը ապրիլի 8-ին Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո, անդրադառնալով բրուսելյան եռակողմ հանդիպմանը, շեշտել էր, թե երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանի միջնորդությամբ մեկնարկել էր մինչեւ եվրոպացիների նախաձեռնությունը եւ եվրոպացիները սա պետք է ընդունեն եւ Ռուսաստանի նախաձեռնած այդ գործընթացի համար խոչընդոտներ չստեղծեն։ Նույն այդ օրը Լավրովը նաեւ ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը այլեւս գոյություն չունի, քանի որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները Ուկրաինայում պատերազմի պատճառով հրաժարվում են ռուսական կողմի հետ շփումից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 21-ին, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ, Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ տեղի կունենան՝ «Հայ-թուրքական հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։

 

 

 

ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ» 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել եւ կարճ անդրադարձ արել հայ-թուրքական հարաբերություններին: «Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար՝ մեր հարեւան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»,-ասել է նա։

 

 

ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՆ Է ՍԿՍՎՈՒՄ

Ուկրաինայում սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական ազատագրմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արեւելյան Ուկրաինայում օպերացիան ուղղված է, ինչպես արդեն իսկ հայտարարվել է ի սկզբանե, Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը: Այժմ կարեւոր պահ է լինելու»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ Ի պատասխան՝ Արեւմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ:

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են. «ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Խնուշինակ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Ռուսլան Գաբրիելյանի, Հայկ Մուրսալյանի եւ Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ, ականանետերով արկեր արձակվելու դեպքի առթիվ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերով հարուցված քրեական գործը»։

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈՐԴՈՐԻՑ ՀԵՏՈ

Այսօր Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին՝ կապված Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած պատերազմի մասնակիցների մասով՝ հետաքրքրվելով, թե ինչու չի այցելում Ազատության հրապարակ:

Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հարցադրումից հետո Մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատակազմի ներկայացուցիչներին է ուղարկել Ազատության հրապարակ, որոնք զրուցել են երիտասարդների հետ: Եվ, ահա, մեզ հետ զրույցում նրանք նշեցին, թե ՄԻՊ աշխատակազմին փոխանցել են՝ իրենց պահանջը երիտասարդությանն է ուղղված, ցանկանում են նաեւ վրան տեղադրել Ազատության հրապարակում եւ ակնկալում են, որ եթե խոչընդոտ լինի, ՄԻՊ-ը միջամտի: Հավելենք, որ նրանց է փոխանցվել հենց Քրսիտինե Գրիգորյանի հեռախոսահամարը եւ ասվել է՝ անհրաժեշտության դեպքում կարող են զանգահարել:

 

 

ԹՈՒՅԼԱՏՐԵՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: Մեզ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահի ու նրա ընտանիքի անդամների՝ ամուսնու, ծնողի բուժսպասարկումը գործող բժշկական կազմակերպություններում կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Բանն այն է, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով, առանձնացվում է անձնական բժիշկ, բայց մյուս կողմից նման երաշխիք նախատեսված չէ՝ Ազգային ժողովի նախագահի համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կընդլայնվի նշված երաշխիքի ծավալը: Բացի այս, ՀՀ Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն կտրամադրվի նրա պաշտոնավարման ժամանակահատվածում՝ նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն կտրամադրվի նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ՝ ընտանիքում նրան ուղեկցող  անդամներին:

Ս.Հ.

 




Լրահոս