ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԳՈՐԾԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ և վերջնականապես զավթելու իշխանությունների ծրագիրը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում՝ իշխանություններն իրականություն են դարձնում Վճռաբեկ դատարանում հլու-հնազանդ պալատներ ունենալու իրենց երազանքը:

 

Մինչ Բարձրագույն դատական խորհուրդը զբաղված է Վճռաբեկ դատարանում՝ նոր ձեւավորվող պալատներում դատավոր աշխատելու ցանկություն ունեցող անձանց դիմումներն ընդունելու, ՀՀ դատական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնելու, այդ թվում նաեւ թեկնածուներին ընտրելու եւ նրանց ցուցակները Ազգային ժողով ուղարկելու նախապատրաստական աշխատանքներով՝ իշխանության «էլիտար» ներկայացուցիչները զբաղված են հավանական թեկնածուների ցուցակները ճշգրտելու գործընթացով: Բանն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում անմասն մնալ Վճռաբեկ դատարանի պալատների ձեւավորման գործընթացից, այլ, ճիշտ հակառակը, այդ գործընթացից փաստացի դուրս են թողնում ԲԴԽ-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի պալատներում պաշտոնավարելու համար իշխանության համար ցանկալի թեկնածուներ ընտրելու «պատասխանատու» գործը վստահվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ «խորհրդատվություն» տալու մեծ փորձ ունեցող Աննա Վարդապետյանին, որը քննարկումներ է ծավալում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումներին, երբեմն, մասնակցում է նաեւ ԲԴԽ ներկայիս ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը. սակայն, վերջնական խոսքը նրան չի պատկանելու, այլ նրան է ներկայացվելու Աննա Վարդապետյանի կողմից ընտրված եւ վարչապետի հետ համաձայնեցված այն թեկնածուների ցուցակը, որոնց ԲԴԽ-ն պետք է հնազանդորեն ընտրի՝ Ազգային ժողով ուղարկելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր տվյալներ են հայտնի դարձել այդ քննարկումներից:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ամենահավանական թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանն է, ում համար պայքարում է արդարադատության նախարարը: Մկոյանը հանդիսանում է արդարադատության նախարարի կնոջ մտերիմ ընկերուհին, եւ նրանց միջեւ կան քավոր-սանիկական հարաբերություններ: Նախարարը նույնիսկ սպառնացել է լքել պաշտոնը, եթե Մկոյանը չնշանակվի Վարչական պալատում, ուստի, վերջինս հաստատապես «ընտրվելու է» ԲԴԽ-ի կողմից եւ հայտնվելու է Ազգային Ժողովում: Մկոյանն ունի բոլոր ժամանակներում իշխանությունների հետ հարաբերվելու մեծ փորձ: Նա իր աշխատանքային վերելքը սկսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում աշխատելով եւ դատավոր է նշանակվել վերջինիս անմիջական հովանավորությամբ ու միջամտությամբ:

Մկոյանի եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի օգնականը եւ քիչ դեր չի կատարել Մկոյանի հետագա առաջխաղացման եւ Վերաքննիչ վարչական դատարանում դատավոր նշանակվելու համար: Այժմ Մկոյանը նույն ջանասիրությամբ նվիրվել է ներկա իշխանություններին եւ փորձում է ունենալ հերթական առաջխաղացումը, որը, ըստ ամենայնի, իրողություն է դառնալու, քանի որ նրա թեկնածությանը հավանություն են տվել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը՝ չցանկանալով նեղացնել Կարեն Անդրեասյանին: Ասել է թե՝ Մկոյանի թեկնածությունը մրցակցությունից դուրս է. ինչի մասին, անգամ անթաքույց, մտերիմների շրջանում հայտնում է նաեւ Մկոյանը:

Մյուս թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում նախընտրում է ՔՊ-ի դրամաշնորհներ ստացած թեւը, ուստի, վերջինս նույնպես անպայման հայտնվելու է Ազգային Ժողովում: Լիանա Հակոբյանը նույնպես իր աշխատանքային վերելքի համար պարտական է «նախկիններին», մասնավորապես՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 թափուր հաստիքներից 2-ը բաժին է հասնելու նշված երկու կանանց, ինչի արդյունքում տղամարդ թեկնածուները պայքարելու են մնացող 1 տեղի համար, իսկ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու ցանկություն ունեցող տղամարդ թեկնածուների թիվը քիչ չէ: Շրջանառվում են Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Արա Բաբայանի, Արթուր Պողոսյանի, Կարեն Ավետիսյանի, Վարչական դատարանի դատավորներ Միքայել Մելքումյանի, Արգիշտի Ղազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Արթուր Ավագյանի, ԲԴԽ-ից Վիգեն Քոչարյանի, Դավիթ Խաչատուրյանի անունները: Սակայն, ըստ աղբյուրի փոխանցման, տղամարդ թեկնածուներ կան նաեւ դատական համակարգին ոչ այդքան մոտ կանգնած տարբեր ոլորտներում աշխատող անձանց շրջանում: Ամեն դեպքում, իրերի դասավորությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե նշված թեկնածուներից կոնկրետ ում վրա է կանգնելու իշխանությունների ընտրությունը, որի դեպքում, մյուս թեկնածուներին «խորհուրդ է տրվելու» դիմումներ չներկայացնել ԲԴԽ:

Ք. Մ.

 

 

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Նախկինում արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է 95.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 26 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրվել էր 23 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 75.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22-ով նշանակվել է  2. 300 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում նախկինում արձանագրվել էր 8 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 20.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում արձանագրվել է 6 դեպք, որից 4-ով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է  250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.396.185 ՀՀ դրամ:

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ

Նախօրեին նախատեսված խուզարկության արդյունքում՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում դատապարտյալի բարձի տակից հայտնաբերվել են 3 մլգ ներարկիչ՝ լցված անգույն, կասկածելի զանգվածով, կասկածելի փաթեթ, որի մեջ առկա է եղել կանեփի 12 սերմնահատիկ եւ մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական եւ դատանյութագիտական փորձաքննություն։

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախագծով սահմանվում է, որ պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով: ԱԱԾ-ի ներկայացված նախագծով՝ պաշտոնաթող վարչապետին տրամադրվում է ավտոտրանսպորտ եւ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, իսկ գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով», – նշված է նախագծում։ Պաշտոնաթող վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող՝ ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող վարչապետի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով պետական պահպանության ծառայության, զինծառայողներին օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Պաշտոնաթող վարչապետի համար՝ բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: «Վարչապետի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում՝ պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է: Պաշտոնաթող վարչապետը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում  որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը», – ասված է Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած նախագծում։

 




Լրահոս