Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա՝ ակտիվացնելու աշխատանքներն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման նշաններին, նրա առաքելությունը չափազանց բարդ է, նշվում է ԽՏՎՎպՐրՈվՑՖ-ի՝ «Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է փնտրում Մոսկվայում» վերտառությամբ հոդվածում:
Հոդվածագիր Սերգեյ Ստրոկանը նկատում է, որ Փաշինյանի կոչը Հայաստանին՝ «իջեցնելու ակնկալիքների նշաձողը» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ տարածաշրջանի Ադրբեջանի կազմ մտնելու հարցը քննարկելու պատրաստակամության պատճառով առաջացրել է Հայաստանի ընդդիմության վրդովմունքը եւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության բողոքը։ Մոսկվան դառնում է գլխավոր արբիտրը, որը կարող է օգնել փակել ԼՂՀ անվտանգության երաշխիքների հարցը: Անցած շաբաթ ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում՝ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են կտրուկ ակտիվացել իր շփումները համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հիմնական նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչ է մտածում եւ ուզում աշխարհը նոր իրավիճակում, մեր մտքերն ու ցանկությունները հասկանալի դարձնել աշխարհին եւ ներդաշնակ՝ համաշխարհային միտումներին»,- ասել է Փաշինյանը՝ նշելով Իրանի եւ Վրաստանի հետ շփումների ակտիվացումը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկխոսության սկիզբը: «Մեզնից հատուկ գերջանքեր են պահանջվում՝ պաշտպանելու եւ պահպանելու մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Պետք է խոստովանենք, որ այս ոլորտում մենք դեռ չենք կարողացել ստեղծել հուսալի երաշխիքների համակարգ»,- ասել է նա։
Խոսելով Պուտինի հետ իր վերջին զրույցի մասին՝ Փաշինյանն ասել է, որ թեմաներից մեկը՝ փոխվարչապետերի գլխավորությամբ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումն է։ «Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ տվյալ աշխատանքը չի խանգարում այս հարցի քննարկմանը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի եւ Իրանի գործընկերների հետ։ Մինչ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզումից հետո ցուցադրում է իր վճռականությունը՝ գործելու առանց երկու համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, Փաշինյանի՝ «արտաքին հավասարակշռող քաղաքականություն» վարելու ցանկության մասին հայտարարությունը աննկատ չի մնացել Վաշինգտոնում եւ Փարիզում։
Մոսկվայում՝ բանակցությունների նախօրեին, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման, բանակցություններին մասնակցելու՝ Վաշինգտոնի պատրաստակամության մասին։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ հայտարարեց՝ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու իր հավակնությունների մասին, ինչպես երկկողմ բանակցությունների շրջանակներում, այնպես էլ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ հիշեցնելով անցած շաբաթ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյի այցը Երեւան։
Ի տարբերություն Երեւանի, որը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռեւս գոյություն ունի Ռուսաստանի հետ կապերի խզումից հետո եւ կարող է անկախ դեր խաղալ տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործում, ադրբեջանական կողմն դրա մանդատը փաստացի անվավեր է համարում։
«Մինչ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Մինսկի խումբը գործել է 28 տարի, եւ այս տարիների ընթացքում համանախագահ երկրները, հավանաբար, հարյուրավոր այցելություններ են կատարել Ադրբեջան եւ Հայաստան։ Արդյունքը զրոյական է։ Ադրբեջանն ինքը լուծեց այս հակամարտությունը, լուծեց այն ռազմաքաղաքական ճանապարհով»,- անցած շաբաթ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Այս ֆոնին՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի բանակցությունների նախաշեմին, Հայաստանի վարչապետի առաջարկը՝ վերանայել Երեւանի ավանդական մոտեցումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, որը շարունակում է մնալ հիմնական խոչընդոտը՝ խաղաղության պայմանագրի ճանապարհին, բարձր ռեզոնանս առաջացրեց։
«Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը միանգամայն բնական է: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստատուս քվոն այնքան է փոխվել, որ այսօր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում չկան ԼՂ ինքնավարությունն ապահովելու գործիքներ։ Տարածքային խնդիրն իր տեղը զիջել է անվտանգության խնդրին, որն այսօր երաշխավորում են բացառապես ռուս խաղաղապահները. այն ապահովելու այլ մեխանիզմներ չկան։ Սակայն, հայկական դիրքորոշումը իրական իրավիճակին մոտեցնելու Նիկոլ Փաշինյանի փորձերը չափազանց ցավոտ են ընկալվում հայ հասարակության մի մասի կողմից, որը չի կարողանում հաշտվել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նոր իրողությունների հետ»,- ԽՏՎՎպՐրՈվՑՖ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը:
Ն. Պ.
ՖՐԱՆՍԻԱՆ ԳԱԶԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ իր երկիրը ռուսաստանյան գազի կարիք չունի. դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ եվրոպական մյուս երկրները կախված են դրանից: «Ֆրանս 5» հեռուստաալիքի եթերում նա հաղորդել Է, որ Ֆրանսիան մտադիր Է պատժամիջոցներ «առաջադրել»՝ ռուսաստանյան գազի դեմ, քանի որ իրեն «դա պետք չԷ»: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ «ընդհանուր առմամբ Եվրոպան կախված Է ռուսական գազից»: Մակրոնը նաեւ հանդես Է եկել պատժամիջոցների սահմանման օգտին, եւ ՌԴ-ից այլ հանածո էներգապաշարների դեմ: Ֆրանսիայի ղեկավարը հավելել Է, որ ապրիլի 19-ին Եվրոպայի ղեկավարների եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն ուղղված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին: Այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու համար Բրյուսելում վերջերս ունեցած քննարկումները: Լիովին աջակցում եմ Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը նպաստելուն ուղղված նրա եւ բոլորի ջանքերը»,- գրել է Միշելը:
ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է Երեւան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին եւ Վարսենիկ Ուզունյանին: Ավագանու անդամների քվեարկության արդյունքում՝ հերթական նիստը կգումարվի մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին:
ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ
Նոյեմբերյան քաղաքի աղբավայրը գտնվում է քաղաքային գերեզմանատան հարեւանությամբ, ինչը խնդիրներ է ստեղծում։ Քամին աղբավայրից բարձրացնում է ցելոֆաններ, այլ աղբ եւ այն տեղափոխում՝ հարակից գերեզմանատան տարածք, աղտոտում սրբավայր հանդիսացող գերեզմանատունը։ Խնդիրը վաղուց է առկա։ Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության ներքո գործող «Համայնքային տնտեսության սպասարկում» (ՀՏՍ) հիմնարկը ներկայումս շարունակում է կատարել Նոյեմբերյանի աղբավայրի մասամբ հողածածկման, աղբահավաքման եւ գերեզմանատան տարածքում՝ քամու պատճառով աղբավայրից տարածված նյութերից մաքրման աշխատանքներ։ Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի խոսքով՝ Նոյեմբերյան քաղաքն առաջիկայում կունենա նոր աղբավայր. նախատեսվում է Նոյեմբերյան քաղաքից աղբը տեղափոխել Կողբ գյուղի Ղիասի քար կոչվող տարածք, այնտեղ աղբավայր գործարկել։ Ղիասի քար տարածքը Կողբ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա է գտնվում, այդքան էլ կազմում է Նոյեմբերյանից մինչեւ Կողբ գյուղ հեռավորությունը։ Ղիասի քարում աղբավայր գործարկելը՝ աղբատար տրանսպորտի վառելիքի լրացուցիչ ծախս է պահանջելու։ Արսեն Աղաբաբյանն ասաց, որ ակնկալվում է, որ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի այդ հարցում։
ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ
Ապրիլի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում թափառող շունը, 8 տարեկան եղբոր աչքի առաջ, իրենց շենքի բակում հարձակվել է մանկապարտեզից տուն վերադարձող 5 տարեկան տղայի վրա, երեխային հասցրել բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Թափառող շունը տղային կծել է վերջինիս քթի, ականջի, գլխի եւ ձեռքի շրջանում։ Տղային տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, վերքերը մշակել, նաեւ կատարել են անհրաժեշտ ներարկում: Ապրիլի 19-ին եւս, տղային հիվանդանոցում բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Դիլիջան քաղաքի բնակիչները Armlur.am-ի մեր լրագրողին ասացին՝ ցավն այն է, որ Դիլիջան քաղաքում թափառող, անտեր շները հիմա ավելի պաշտպանված են, քան՝ քաղաքի երեխաները, Դիլիջանի բազմաբնակարան ամեն շենքի առաջ շուրջ 10 հատ թափառող անտեր շուն կա. թափառող շների վնասազերծման համար Դիլիջանի համայնքապետարանը կամ որեւէ այլ հիմնարկություն միջոցներ չի ձեռնարկում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ