Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ելույթով, որտեղ հիշատակել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման: «Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար՝ մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»,- ասել է նա: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղեկացրել էր՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կրկին տեղի է ունենալու Վիեննայում: Հետաքրքրական է, որ հայ-թուրքական գործընթացին հավանություն տված հայրենի իշխանություններն այս հարցերում բավականին չխոսկան են. օրակարգի առնչությամբ հիմնական տեղեկությունները հայ հանրությունը ստանում է հենց թուրք պաշտոնյաներից:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի գնահատմամբ՝ այս հարցում լռություն պահող իշխանությունները բավականին գործունյա են, իսկ գործընթացները՝ իրականում բեմականացված են գլոբալ աշխարհաքաղաքական սցենարիստների ձեռամբ՝ թիրախում ունենալով Ռուսաստանը:
«Թուրքիան եւ Ադրբեջանը շտապում են, ուզում են վերջացնել մեկնարկած գործընթացը: Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններն իրար հետ ձեռք ձեռքի տված աշխատում են այդ հարցով: ՌԴ միջամտությամբ՝ այդ գործընթացը փոքր-ինչ դանդաղեց, սակայն, քանի երկաթը տաք է, ուզում են ծեծած լինել: Խորհրդարանային վերջին ելույթները նորից ցույց են տալիս, որ երկրորդ անգամ է ազդակ եկել՝ գործընթացներն առավել արագացնելու համար, եւ ՀՀ վարչապետն արդեն բացահայտ խոսում է Ղարաբաղը, մեր հողերը հանձնելու եւ ամբողջովին Ադրբեջանին ու Թուրքիային տրվելու մասին»,- նշեց թուրքագետը:
Տիրան Լոքմագյոզյանն արձանագրեց՝ հենց սա է այն նախապայմանը, որ դրված է հայ-թուրքական օրակարգի հիմքում:
«Ղարաբաղը, Սյունիքը, Արարատյան դաշտավայրից, Տավուշից հատվածներ կան, որոնց հանձնման մասին բարձրաձայնել են. վարչապետը մի քանի անգամ անդրադարձել է եւ անգամ՝ այդ գյուղերը կոչել թուրքական անուններով: Իհարկե, մյուս կողմից՝ Արծվաշենի մասին խոսք չկա. դա չի դիտվում՝ որպես գրավված տարածք, կամ Սեւ լիճը, անգամ գյուղերի ու ճանապարհների համար չենք պայքարում, սակայն շատ հեշտ կարող են տալ ամեն ինչ, ինչ ուզում են: Մեզ խաբում են, թե Թուրքիան ոչ մի նախապայման չի առաջադրում. 30 տարի է՝ Թուրքիայի հենց այսօրվա նախագահը շարունակ խոսում է նախապայմանների լեզվով: Ռակիրովկա արեցին. այն պայմանները, ինչ Թուրքիան պետք է թելադրեր, դրանց մեծ մասը սկսեց Ադրբեջանը թելադրել. Ադրբեջանի հինգ նախապայմանները»,- հավելեց նա:
Թուրքագետն ուշադրություն հրավիրեց երկկողմ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդումներին՝ դիտարկելով, որ դա կեղծիք է, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հենց գործընթացի մեկնարկին էր հայտարարել՝ առանց Ադրբեջանի թույլտվության ոչ մի գործ չեն ձեռնարկելու. «Ստացվում է՝ այստեղ ոչ թե երկու, այլ երեք կողմ կա: Ստացվում է, որ մենք 30 տարի հայ-թուրքական հարաբերություններում շատ հաջող կերպով հետ էինք վանում Ադրբեջանին խառնելու փորձերը, իսկ այսօր Ադրբեջանը կա, ու նախապայմաններն էլ Ադրբեջանից են: Ի դեպ՝ զարմանալի է, որ համարյա թե նույն օրը, վարչապետը հայտարարեց, որ մեզ համար ընդունելի են այդ առաջարկները: Լավ, ե՞րբ կարդացիր, ե՞րբ քննարկեցիր, ո՞ւմ հետ քննարկեցիր»- ասել է նա:
Ն. Պ.
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶՎԵԼ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 4-ին՝ դատական նիստի ավարտից հետո, երբ դատավորը հրապարակել է խափանման միջոցն անձնական երաշխավորություններով փոխելու միջնորդությունը չբավարարելու մասին որոշումը՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, դատավորին վիրավորելու նպատակով, ամբաստանյալը եւ դահլիճում ներկա գտնվող քաղաքացիներից երկուսը՝ վիրավորական արտահայտություն եւ հայհոյանքներ են հնչեցրել դատավորի հասցեին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամբաստանյալին եւ վերոնշյալ երկու քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել: Երկու քաղաքացիների նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
«ԴՈՒԽՈՎ ԳԼԽԱՐԿ» ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Երեւանում Ազատության հրապարակի նստացույցին զուգահեռ՝ Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, եւս քայլեր են ձեռնարկվում՝ բողոքի ակցիաներ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակները «Ես համաձայն չեմ» շարժման անդամներն են, որոնք, երեկ, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում արդեն իսկ մեկնարկել են «դուխով գլխարկ» ակցիան։ Գլխարկի մեջ դրամներ նետելով՝ քաղաքացիներն այդկերպ արտահայտում էին իրենց դժգոհությունը՝ իշխող իշխանության որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ «Դուխով գլխարկն այսօր մուրացկանի պարկ է հիշեցնում, շատերի գլխին այն հագցնելով՝ խաղաղություն են մուրում, ինչը, ի դեպ, մեզ համար չէ, որ արվում է, այլ՝ բացառապես իրենց եւ իրենց ընտանիքների։ Իսկ խաղաղությունը չեն մուրում։ Այն ստիպում են ուժով կամ դիվանագիտությամբ։ Ստիպում են այդ գլխարկը հանել եւ մուրալ. մենք համաձայն չենք լինել մուրացկան: Այսօրվանից Գյումրու թատերական հրապարակում ամեն երեկո ակցիա է լինելու»,-ասել է շարժման անդամներից իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ հորդորելով համաքաղաքացիներին միանալ մայրաքաղաքի ակցիային. ովքեր Երեւանում են՝ գնալ Ազատության հրապարակ, ովքեր Գյումրիում՝ Թատերական հրապարակ։
«ՅՈՒՆԻԲԱՆԿԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑՎԵԼ
Երեւանում բացվեց «Յունիբանկի» թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ Գարեգին Նժդեհ 34, 4/1:
Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով եւ հաճախորդներին՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝
-ավանդների ընդունում,
-սպառողական եւ բիզնես վարկավորում,
-դրամական փոխանցումներ,
-Visa, MasterCard եւ ArCa քարտերի տրամադրում եւ սպասարկում,
-հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
-ներդրումներ՝ «Յունիբանկի» բաժնետոմսերում եւ պարտատոմսերում եւ այլն:
Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Ընդարձակ եւ հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով եւ վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար:
14 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում ապրիլի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422784-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3332 թեստավորում: Մինչեւ այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3020875 է:
ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 20-ի գիշերը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
ՌՈՒՄԲ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված, եւ կան դանակահարված անձինք։ Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին եւ կատարել հետախուզական աշխատանքներ։ Ոստիկանները պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի մասով՝ փրակարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Ոստիկանները հայտնաբերել են նաեւ ահազանգողին։ Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում։