ՉՊԵՏՔ Է ՀՈԳՆԵԼ ՊԱՅՔԱՐԵԼՈՒՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանին ArmLur.am-ը խնդրեց բժշկաախտաբանական նկարագիր տալ հայաստանյան այսօրվա իրավիճակին: «Եթե օրգանիզմը իմունիտետ չունի, ոչ մի դեղորայք չի փրկի, հետեւաբար չպետք է հոգնել պայքարելուց ու անել հնարավորը՝ պետականությունը չկորցնելու համար»,- նշեց նա:

 

-Պարո՛ն Տոնոյան, 44-օրյա պատրազմից հետո ըննդիմությունը հերթական անգամ հանրահավաք է նախաձեռնում, եւ մարդիկ արդարացի հարց են տալիս, թե ինչ ծրագրով եք առաջնորդվում: Հիմա Դուք եկել եք  Ազատության հրապարակ, Ձեր մտորումները  որո՞նք են: Հնարավոր կլինի՞ այս անգամ այնպես անել, որ Փաշինյանը լքի իշխանությունը:

-Հանրահավաք ոչ թե հրավիրում է ընդդիմությունը, այլ ընդդիմությունն արձագանքում է այն իրադարձություններին, որոնք ծավալվում են մեր հանրապետության եւ Արցախի շուրջ, որի դերակատարն հանրապետության վարչապետն է: Մեր խորին համոզմամբ՝ դիվանագիտական, անվտանգային առումով  այսօր երկիրը ղեկավարող այդ խմբակը գնում է սխալ ճանապարհով: Եթե նույնիսկ մտածենք, որ իրենք  փորձում են փրկել իրադրությունը, ապա, մեր համոզմամբ, սա փրկության ճանապարհը չէ: Չկա աշխարհում մի դեպք, մի ժողովրդի պատմության մեջ որեւէ էպիզոդ, որ խաղաղությունը մուրալով, ձեռքերը վեր հանձնելով ձեռք բերեն: Դա մեզ տանում է հերթական պարտության, եւ այլեւս մի բան պետք է հասկանալի լինի. շուտ ժողովուրդը պետք է հասկանա, ու Արցախի կորուստը մեր պետականության կորուստն է: Ուրիշ տարբերակ չկա:

-Վատ չէ՞, որ ժողովուրդը մինչեւ հիմա չգիտի դրա մասին:

-Ժողովրդի մեջ ամենավտանգավորն է սերմանվել այսքան ժամանակ. այն գաղափարն է սերմանվել, որ մենք այլեւս դերակատար չենք, որ մեզնից ոչ մի բան կախված չէ: Եվ ցանկացած մարդ մտածում է, որ ինքն այլեւս դերակատար չէ: Սա ամենավտանգավոր, ամենապարտվողական, ամենադավաճանական կեցվածքն է, որ մարդ կարող է ունենալ եւ մտածել, որ իրենից այլեւս որեւէ բան կախված չէ: Մեր ժողովրդի պատմության մեջ մենք ունեցել ենք շատ ավելի ծանր իրավիճակներ, բայց ձեւավորվել է խումբ՝ քաջերի, իմաստունների, գաղափարակիցների, որոնք կարողացել են ոտքի կագնեցնել ժողովրդին, փրկել Հայաստանն ու հայ ժողովրդին: Մենք հիմա էլ դա կարող ենք անել: Ընդդիմությունն այս անգամ, ինչպես նախորդ անգամ, փորձելու է անել ամեն ինչ խորին պատասխանատվությամբ, որովհետեւ դժվար բան է պատասխանատվությունը: Երբ տեսնեն, որ մենք կարողանում ենք հասնել մեր նպատակին, չի բացառվում, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության սահմանի վրա միջադեպեր առաջացնի: Մենք դա էլ պետք է բացատրենք մեր ժողովրդին: Պետք է հասկանանք, որ պատասխանատվությունը շատ մեծ է, բայց է՛լ  ավելի մեծ պատասխանատվություն ու դավաճանություն կլինի մեր կողմից չարձագանքել այս ամենին: Մենք արձագանքում ենք եւ ուզում ենք, որ ժողովուրդն էլ արձագանքի, որովհետեւ արցախցուն մենակ թողնելը կլինի դավաճանություն մեր կողմից:

-Բժշկական տերմինաբանությամբ հասարակության եւ այսօրվա իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեիք:

-Բժշկության մեջ մի այսպիսի խոսք կա. պայքարելու համար իմունիտետ է պետք: Եթե օրգանիզմն իմունիտետ չի ունենում, ապա ամենահզոր դեղորայքներով ու տեխնիկական միջոցներով չես կարող փրկել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է ԲՈԼՈՐԻՍ». Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Բոլոր նրանք, որոնք մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է»,- Ազատության հրապարակում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 

«Վճռականության պակաս բացարձակ չկա, մենք հետեւողականորեն գնալու ենք մինչեւ վերջ: Մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել է հստակ դիրքորոշում՝ «Անջատում՝ հանուն փրկության»: Հիմա այդ գաղափարը մերժելի է ՔՊ-ի համար, եւ նրանք պատրաստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասել է նա: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մի քանի օրից հանրությունը կտեսնի պայքարի տարբեր ձեւեր, հետո կհավաքվեն այստեղ:

Այն հարցին, թե ինչի են սպասում, Թովմասյանը պատասխանել է. «Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձեւավորման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Ամեն օր մենք ունենք թվի ավելացում: Սա մեր պայքարի մեկնարկն է: Ես կարծում եմ՝ քաղաքացիները կմիանան, եւ մենք կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքացիների կոնսոլիդացիա: Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել: Երբ դրսեւորեց այդ ցանկությունը, առաջնորդողը կա: Կտրուկ քայլերի էլ ականատես կլինեք»:

«Մենք շարունակելու ենք բոյկոտը, խորհրդարանական ոչ մի նիստի չենք մասնակցելու,- հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ շեշտելով:- Շարունակելու ենք մեր գործողություններն Ազատության հրապարակում: Օրենսդիր աշխատանքի ժամանակավորապես դադար ենք վերցնում»:

Դիտարկմանը, որ այդ դեպքում խորհրդարանում իշխանություններին, այդ թվում՝ վարչապետին հակադարձող էլ չի լինի, Թագուհի Թովմասյանն ասել է. «Մենք կհակադարձենք Ազատության հրապարակից, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ցանկացած ժամանակ կարող ենք վերադառնալ խորհրդարան: Մենք ԱԺ պատգամավորի մանդատները վայր չենք դնում այդ նպատակով, որ հնարավոր իշխանափոխությունը անպայման լինելու է խորհրդարանի միջոցով, եւ անհրաժեշտ են լինելու պատգամավորներ: Պատգամավորական մանդատները վայր դնելով՝ Ազգային ժողովը չի լուծարվում: Եթե այդպես լիներ, մենք այդ քայլը վաղուց արել էինք»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ազատության հրապարակում հիմնականում «Պատիվ ունեմ» խմբակցությունն է, ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, որ իրենց գործողությունները համաձայնեցված են «Հայաստան» խմբակցության հետ. «Երբեւէ չի եղել Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն, որ այսքան սինխրոն է աշխատում: Մենք իրար հետ համագործակցված ենք աշխատում: Սա պայքարի մեր հատվածն է, «Հայաստան» դաշինքը կիրականացնի իր մասը, եւ ինչ-որ պահի մենք կմիանանք»:

Ն. Պ.

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: Մեզ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահի ու նրա ընտանիքի անդամների՝ ամուսնու, ծնողի բուժսպասարկումը գործող բժշկական կազմակերպություններում կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Բանն այն է, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, բայց, մյուս կողմից, նման երաշխիք նախատեսված չէ Ազգային ժողովի նախագահի համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կընդլայնվի նշված երաշխիքի ծավալը: Բացի այս, ՀՀ Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն կտրամադրվի նրա պաշտոնավարման ժամանակահատվածում նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն կտրամադրվի նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

 

 

ԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայման շուրջ աշխատանքային քննարկում տեղի կունենա:  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աշխատանքային քննարկումը տեղի կունենա ապրիլի 22-ին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք նաեւ, որ ընկերությունը հունվարի 13-ին հանձնաժողով էր ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: Այն, պարզվում է, որ արդեն ուսումնասիրվել է հանձնաժողովի աշխատակազմի կողմից: Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը կազմում է 230 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ, բայց ՀԾԿՀ-ն իր հերթին առաջակում է սահմանել 500 դրամ: Իսկ, ահա, 501-1000 գրամ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն, հակառակը, առաջարկում է սահմանել 1350 դրամ: Ուշագրավն այն է, որ «Հայփոստ»-ն առաջարկում է բարձրացնել պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը գյուղական վայրեր. տեղեկացնենք, որ ներկայումս այս ծառայության գործող սակագինը կազմում է 38 դրամ, բայց ընկերությունն առաջարկում է վերանայել եւ սահմանել 175 դրամ, իսկ, ահա, ՀԾԿՀ-ն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 139 դրամ:  Ի դեպ, արձանագրենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նախորդ տարվա փետրվարի 1-ից մի շարք ծառայությունների գներ արդեն բարձրացրել էր:

 




Լրահոս